Նախագահի թեկնածուներն արցախամէտ յայտարարութիւններ են արել. դուք որոշէք, թէ ում օգտին էք քւէարկելու…
ԱՄՆ նախագահական քարոզարշաւի թէժ մթնոլորտում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարրիսը յայտարարութիւններ են տարածել ամերիկահայ ընտրողներին՝ խնդրելով նրանց աջակցութիւնը։
Անցեալ շաբաթ իր սոցիալական ցանցի Truth Social էջում Թրամփը յայտարարութիւն է տարածել՝ մեղադրելով Քամալա Հարրիսին, որ «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնեաներ սարսափելի հալածանքների էին ենթարկւում եւ բռնի տեղահանւում Արցախում: Աշխարհի քրիստոնեաներն ապահով չեն լինի, եթէ Քամալա Հարրիսը լինի Միացեալ Նահանգների նախագահ: Երբ ես նախագահ լինեմ, ես կը պաշտպանեմ հալածւող քրիստոնեաներին, կաշխատեմ դադարեցնել բռնութիւնն ու էթնիկ զտումները, եւ մենք կը վերականգնենք ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆԸ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»։
Միւս կողմից, Հարրիս-Ուոլց քարոզարշաւի գրասենեակը 2024 թւականի սեպտեմբերի 23-ին հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը. «Մենք երբեք չպէտք է մոռանանք Հայոց Ցեղասպանութիւնը, երբ մօտ 1,5 միլիոն հայեր տեղահանւեցին, կոտորւեցին եւ մահւան երթերի դատապարտւեցին։ Դա ողբերգութիւն է, որը շարունակում է ձեւաւորել հայ ժողովրդի ինքնութիւնը…․ Ես հաւատարիմ եմ մնում Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղութեանը, որը յարգում է ինքնիշխանութիւնը, անկախութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը:
Լեռնային Ղարաբաղից տեղահանւած հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրաւունքը կենսական նշանակութիւն ունի հայ ժողովրդի արժանապատւութիւնը եւ տարածաշրջանում կայունութեան վերականգնման համար: Ես կը շարունակեմ աջակցել Հայաստանին ժողովրդավարութեան ամրապնդման եւ տարածաշրջանում կայունութեան խթանման ուղղութեամբ նրա ջանքերում․…»:
Թրամփի յայտարարութիւնը չի հրապարակւել Թրամփի քարոզարշաւի գրասենեակի կողմից եւ չի տեղադրւել նրա պաշտօնական կայքում, այլ տեղադրւել է միայն նրա սոցիալական ցանցում՝ այն դարձնելով աւելի քիչ պաշտօնական: Հարրիսի յայտարարութիւնը հրապարակւել է նրա քարոզարշաւի ձեւաթղթով, բայց չի տեղադրւել նրա պաշտօնական կայքում: Թրամփը օգտագործել է Արցախ եզրոյթը, իսկ Հարրիսը շրջանը նշել է որպէս Լեռնային Ղարաբաղ:
Դրական զարգացում է, որ Միացեալ Նահանգների նախագահի երկու թեկնածուները յայտարարութիւններ են տարածել՝ Հայաստանն ու Արցախը դարձնելով ամերիկեան ընտրական խօսոյթի մաս։
Գաղտնիք չէ, որ բազմաթիւ ամերիկահայեր հիասթափւել են երկու թեկնածուներից։ Թրամփը մատը մատին չխփեց, երբ Ադրբեջանը 2020 թւականին յարձակւեց եւ գրաւեց Արցախի մեծ մասը, երբ նա նախագահ էր։ Հարրիսը եւս ոչինչ չարեց որպէս փոխնախագահ 2023 թւականին, երբ 120 հազար արցախահայեր բռնի տեղահանւեցին։ Նրանք երկուսն էլ մեղաւոր են իրենց անգործութեան համար։
Թրամփի եւ Հարրիսի վրայ ճնշում գործադրելու համար, որպէսզի նրանք յայտարարութիւններ անեն հայկական հարցերի վերաբերեալ, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը (ANCA) երկարատեւ հրապարակային քարոզարշաւ էր իրականացրել՝ դատապարտելով նրանց Արցախի պաշտպանութեան հարցում իրենց անգործութեան համար եւ ձախող գնահատական տալով նրանց։
Թրամփը, որպէս նախագահ, զգալիօրէն աւելացրել էր Բաքւին տրամադրւող ռազմական օգնութիւնը՝ խախտելով ԱՄՆ-ի կողմից ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին տրամադրւող ռազմական օգնութեան հաւասարութեան հաստատւած նախադէպը: 2020 թւականին Ադրբեջանի կողմից Արցախի մեծ մասի բռնազաւթման ժամանակ նա որեւէ քայլ չձեռնարկեց Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների՝ հայ խաղաղ բնակիչների դէմ արգելւած կասետային զինամթերքի կիրառման, Արցախի դէմ կռւելու համար իսլամիստ ջիհադիստ ահաբեկիչների հաւաքագրման, պատերազմի ընթացքում թոյլ տալով Թուրքիային F-16 ինքնաթիռներ Ադրբեջանում տեղակայելու, այդպիսով խախտելով ԱՄՆ վերջնական օգտագործողի համաձայնագիրը, հրաժարւեց ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը եւ ակտիւօրէն խոչընդոտեց դրա յիշատակմանը Կոնգրեսում:
ANCA-ն այժմ խնդրում է Թրամփին աջակցել արցախահայերի վերադարձի իրաւունքին` կոչ անելով Հանրապետական պալատի նախագահին աջակցել արցախամէտ օրէնսդրութեանը: Բացի այդ, ANCA-ն խնդրել է Թրամփի փոխնախագահի թեկնածու, սենատոր Ջէյմզ Վենսին, համանման միջոցառումներ հովանավորել Սենատում։
ANCA-ն նաեւ քննադատում է Հարրիսին, որը ոչ մի քննադատական խօսք չի ասել, երբ Ադրբեջանն աւարտեց Արցախի գրաւումը եւ 120 հազար արցախահայութեանն արտաքսեց 2023 թւականին: Այդ ժամանակից ի վեր նա ոչինչ չի արել Արցախի հայերի վերադարձի իրաւունքն ապահովելու, Ադրբեջանի պաշտօնեաների դէմ ռազմական յանցագործութիւնների համար պատժամիջոցներ կիրառելու եւ Բաքւում կալանաւորւած հայ ռազմագերիներին ու Արցախի ղեկավարներին ազատ արձակելու գործում օժանդակելու համար։
Նախընտրական անիմաստ խոստումներ տալու փոխարէն, որոնք ընտրութիւններից յետոյ արագօրէն մոռացւում են, ամերիկահայերը թեկնածուներից ակնկալում են համոզիչ քայլեր: Կան բաներ, որոնք կարող են անել եւ ասել քարոզարշաւի վերջին օրերին, չնայած նրանք վաղուց պէտք է ասէին ու անէին դրանք:
Քանի որ երկու թեկնածուներն էլ չկարողացան պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը, երբ դա իսկապէս կարեւոր էր, հայերը պէտք է դադարեն ակնկալել, որ դրսից, անկախ նրանից, թէ ովքեր կը լինեն նրանք, կօգնեն լուծել իրենց խնդիրները: Մեր մի քանի հազարամեայ պատմութեան ընթացքում ոչ ոք չի եկել փրկելու Հայաստանը, եւ դա տեղի չի ունենայ ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում: Միակ պատճառը, թէ ինչու ամերիկահայերն իրաւունք ունեն թեկնածուներից պահանջել աջակցել իրենց հարցերին, այն է, որ այդ թեկնածուները նրանցից պահանջում են իրենց ձայները: Հայերը չպէտք է իրենց ձայները տան, քանի դեռ դրա դիմաց որոշակի բան չեն ստացել, բացի դատարկ խոստումներից:
Քանի որ հարցախոյզները ցոյց են տալիս, որ նախագահի երկու թեկնածուները գտնւում են ծայր աստիճան հաւասար մրցավազքի մէջ, սա հնարաւորութիւն է տալիս աւելի փոքր ընտրազանգւածներին, ինչպիսիք հայերն են, հաւասարակշռութիւնը խախտել առանցքային նահանգներում, ներառեալ Արիզոնան, Ջորջիան, Միչիգանը, Նեւադան, Հիւսիսային Կարոլինան, Փենսիլւանիան եւ Վիսկոնսինը:
Իւրաքանչիւր ընթերցող ինքը պէտք է որոշի՝ ում օգտին քւէարկել:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ