
Երկուշաբթի՝ ապրիլի 14-ին, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, ինչպէս ամէն տարի, այցելեց Սասուն քաղաքամասում գտնւող «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանը:
Սկզբում նրան դիմաւորեցին Թեմական խորհրդի ներկայացուցիչը եւ Խնամակալ մարմնի անդամները, բուժարանի տնօրէնն ու փոխտնօրէնը եւ սկսեցին իրենց շրջայցը յարկերում եւ բաժիններում. նախ դեղատունը, որը նոր կահաւորւած եւ որոշ փոփոխութիւնների էր ենթարկւել։ Այնուհետեւ այցելեցին տարրալուծարանը, ընդունարանը, շտապօգնութեան բաժանմունքը եւ ֆիզիոտերապիայի բաժանմունքը, որը վերջերս տեղափոխւել է երրորդ յարկ եւ հիմնովին վերանորոգւել է, ունենալով նոր սարքաւորումներ: Ապա ռադիոլոգիայի բաժանմունքը, ուր այցելեցին նոր գնւած սոնոգրաֆիայի սարքաւորումը, նաեւ ակնաբուժական բաժանմունքը եւ ակնոցների խանութը, ու նաեւ մանկաբուժական, էնդոսկոպիկ եւ կոլոնոսկոպիկ բաժանմունքները:
Տարբեր բաժանմունքներ կատարած այցի ընթացքում, պրն. Շահվերդեանը հարցեր ուղղեց բժիշկներին, ղեկավարներին, բուժքոյրերին եւ անձնակազմին, թէ՝ ինչ փոփոխութիւններ են կատարւել, ինչ առաջընթաց է գրանցւել, յաճախորդների թւի աւելացումը, նոր սարքերի գնման ազդեցութիւնը բուժարանի առաջընթացի եւ իհարկէ հիւանդների ներգրաւման վրայ, նաեւ բժիշկների կարծիքը, թէ՝ արդեօք աշխատանքային միջավայրը բարենպաստ է եւ սարքերը բաւարարում են բժշկին՝ ախտորոշելու համար: Հարցադրումներ եղան անձնակազմից, աշխատանքային պայմանների բարենպաստ լինելու մասին եւ ստացւեց կարծիքներ, թէ՝ արդեօք գոհ են այն միջավայրից, ուր աշխատում են: Այսպիսով յարգելի պատգամաւորը անձամբ հնարաւորութիւն ունեցաւ համապատասխան եզրակացութիւններ անել իր դիտարկումներից:
Երկու ժամ տեւած այցն եւ քննարկումները բժշկական իւրաքանչիւր բաժանմունքի հետ արժեւորւեց շատ արդիւնաւէտ եւ պատասխանատուներն ընդհանուր առմամբ ողջունեցին այն եւ գնահատեցին պրն. Շահվերդեանի իւրայատուկ ուշադրութիւնը՝ ընթացիկ աշխատանքների եւ ապագայ ծրագրերի նկատմամբ։
Բուժարանի բոլոր բաժիններն այցելելուց յետոյ, դիտարկւեց մասնաւորացման գործընթացի հետ կապւած՝ ստացած արտօնութիւնների արդիւնքները, համապատասխանելով կանոնակարգի գերիշխող չափանիշներին, եւ նիստի ընթացքում, ներկայութեամբ.՝ թեմական խորհրդի ներկայացուցչի, նորընտիր խնամակալ մարմնի անդամների, բուժարանի տնօրէնի եւ փոխտնօրէնի, ի սկզբանէ, անցեալ տարում կատարւածի վերաբերեալ ընդհանուր բացատրութեամբ՝ անդրադարձ կատարւեց Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ տկն. Արմինէ Սէթխանեանի միջոցով, պրն. Շահվերդեանին եւ իհարկէ անցած վեց տարիներին տեղի ունեցած փոփոխութիւններին, ու նաեւ 1403-1404 թթ.-ին կատարւած կամ կատարւելիք փոփոխութիւններին։
Պրն. Շահվերդեանը նշեց բուժարանի սպասարկման այն ծրագրերը, որոնք անվճար են եւ ծառայում են համայնքին ու նաեւ կատարելագործում են բարեգործականից մասնաւորացման անցումը, այդ թւում՝ բժշկական ծառայութիւնների մատուցումը՝ Սահակեան շէնքի բնակիչներին (ԿՕՄ-ի հովանաւորութեամբ), դպրոցների եւ մանկապարտէզների տարեկան բժշկական զննումները՝ բուժարանի բժիշկների միջոցով, ինչպէս նաեւ երեխաների եւ աշակերտների ֆիզիկական վիճակի զննումը եւ սպասարկումները ծերանոցին եւ զեղչեր՝ ուսանողներին, ներկայացնելով ուսանողական քարտ, բժշկական բոլոր ծառայութիւններից օգտւելու համար, նաեւ բժիշկների եւ բուժքոյրերի գործուղումը՝ միութիւններին եւ մարզական համահայկական խաղերի ծրագրերին եւ տօնական առիթներով պարբերական այցելութիւնների ծրագիրը, Ապրիլ 24-ի յիշատակի արարողութեան, եւ բուժանձնակազմի աշխատակիցների գործուղումը տարբեր քաղաքներ եւ համագործակցութիւն միութիւնների հետ:
Այնուհետեւ խնամակալ մարմնի նախագահ՝ պրն. Ռազմիկ Աւագեանը ներկայացրեց 1404 թւականի ծրագրերը եւ զեկուցեց բուժարանը արդիականացնելու սարքաւորումների գնումի մասին, որով աւելի թւով շատ հիւանդներ են ներգրաւելու եւ առաւել որակով բժշկական ծառայութիւններ են մատուցւելու։
Պրն. Շահվերդեանը եւս առիթն ընձեռեց, տնօրինութեան, խնամակալ մարմնի անդամներին եւ քարտուղարին հարցեր ուղղել՝ մատուցւող ծառայութիւնների վերաբերեալ եւ նրանց կարծիքն իմանալ: Ներկաներից իւրաքանչիւրն արտայայտեց իր կարծիքը, մտահոգութիւնները եւ ապագայ ծրագրերի մասին արտայայտւեց։
Վերջում, պրն. Շահվերդեանն իր ուշադրութիւնը դարձրեց բուժարանի տնօրէն՝ պրն. Խոսրավանի-ին եւ խնդրեց մանրամասն ներկայացնել, թէ ինչ է կատարւել վերջին չորս տարիների՝ իր տնօրինութեան ընթացքում:
Ի նկատի ունենալով բուժարանի վերջին վեց տարիների գործելաոճի քաղաքականութիւնը, պրն. Խոսրավանին ներկայացրեց մի վիճակագրութիւն՝ ըստ յաճախորդների թւի, անձնակազմի եւ բժիշկների թւի, եւ վերջերս համագործակցութեան հրաւիրած մասնագէտ բժիշկների, կատարւած աշխատանքները՝ ղեկավարման ձեւակերպի ստանդարտացման ուղղութեամբ, համագործակցութիւնը խորհուրդների եւ մարմինների հետ՝ կապերի միջոցով, անհրաժեշտ նոր գոյքերի գնումը, ծախսերը, որոնք ամբողջութեամբ կատարւել են ինքնաբաւ կերպով՝ բուժարանի միջոցով, եւ բացատրեց անհրաժեշտ մանրամասներով, յատկապէս, որ անցեալ տարի, հաշւի առնելով բուժարանի հնարաւորութիւնները, շտապ օգնութեան կարիք ունեցող մօտ 150 հիւանդներին բուժօգնութիւն է մատուցւել եւ հարկ եղած պարագային արագ տեղափոխւել են հիւանդանոց՝ յարգարժան բժիշկների ճիշտ ախտորոշումով, ինչը կարելի է համարել բուժարանի մեծ յաջողութիւններից մէկը։
Այնուհետեւ բուժարանի փոխտնօրէն՝ տկն. Ալինա Նազարեանսը, ըստ իր 24-ամեայ աշխատանքային անցեալի, նշեց, թէ ինչ փոփոխութիւններ են զգացւում բուժարանի կառավարման գործընթացում, ուշադրութեան եւ առաջընթացի մէջ եւ յոյս յատնեց բուժարանի առաջադիմումը՝ շարունակելով այս ձեւակերպը:
Վերջում տկն. Սէթխանեանը շնորհակալութիւն յայտնեց պրն. Շահվերդեանին՝ աջակցութեան, ու նաեւ առանձնայատուկ ուշադրութեան համար՝ ներառելով իր աշխատանքային ծրագրում, ամէն տարի, յօժարակամ այցելելու բուժարան եւ աւելացրեց, որ յարգելի պատգամաւորը ժողովրդի սրտից բխած եւ ժողովրդի համար եւ ժողովրդի ու յատկապէս «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի կողքին է, որը գնահատելի է:
Պրն. Շահվերդեանը ողջունելով նորընտիր խնամակալ մարմնին եւ միատեղելով իր բոլոր դիտարկումները, նշեց որոշ կէտեր եւս՝ գովազդների ընդարձակման վերաբերեալ ու նաեւ տնօրինութեան եւ «Շահիդ Բեհեշթի» համալսարանի սերտ եւ անմիջական յարաբերութիւնների մասին, որն առկայ է, բայց իր կարծիքով պէտք է շարունակական լինի: Ըստ հնարաւորին, բուժարանի տարածքի ընդլայնումը, մրցակցութիւնը յարակից բուժարանների հետ, ի նկատի ունենալով 8-րդ տարծաշրջանի բժշկական կենտրոնների սահմանափակ թւի՝ առաւելագոյն օգտագործումը «Ա. Աւետիսեան» բուժարանի ներուժից, ներկայացնելով առաջարկներ եւ կիրառելով առաւել մասնագիտութիւններ: Յարգելի պատգամաւորը յայտնեց, եթէ բուժարանը շարունակի այս ընթացքը, անպայման աւելի մեծ ձեռքբերումներ կունենայ եւ ինքը միշտ ու ցանկացած պահին պատրաստ է ուղեկցել, դիմել համապատասխան մարմիններին, ներկայացնելու համար բուժարանի խնդրանքները եւ միւս ազգային հաստատութիւնների կողքին, իրեն կապւած է տեսնում բուժարանին եւ այս համալիրից իրեն անջատւած չի համարում:
Հանդիպումի աւարտին բուժարանի տնօրինութիւնը եւ խնամակալ մարմինը յուշանւէր ընծայելով պրն. Շահվերդեանին՝ իրենց երախտագիտութիւնը յայտնեցին եւ փոխադարձաբար յարգելի պատգամաւորը յաջողութիւն մաղթեց բոլոր գործակատարներին:
«Ա. Աւետիսեան» ազգային Բուժարանի
Խնամակալ մարմին