ԹեհրանՀամայնք

Թեհրանի Սասուն թաղամասի արտակարգ իրավիճակների շտաբը՝ պատրաստ մարտահրաւէրներին

«ԱԼԻՔ» – Երէկ` հինգշաբթի, մարտի 19-ին Սասուն թաղամասի Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի ներքոյ տեղի ունեցաւ հանդիպում՝ Թ. Հ. Թ. Թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի, թաղամասի արտակարգ իրավիճակների շտաբի (Թեմական խորհրդի շտաբի թաղային մասնաճիւղ) անդամների, ինչպէս նաեւ Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան եւ վաստակաշատ անդամների մասնակցութեամբ։

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ խորհրդի անդամներից Ժորժ Հայրապետեանը, Հայկ Տէր-Մկրտչեանը եւ Դաւիթ Աբուլեանը։

Շտաբի կատարած աշխատանքների ներկայացում

Հանդիպման սկզբում շտաբի պետ Արմոնդ Թահմազեանը ներկայացրեց շտաբի կատարած աշխատանքները։ Նա նշեց, որ շտաբի կեանքի կոչւելու առաջին քայլը եղել է հանդիպում՝ Իրան-Իրաք պատերազմի տարիներին նոյն առաքելութեամբ զբաղւող անձանց հետ, յատկապէս Հայկազ Շիրւանեանի հետ՝ փորձի եւ իմացութեան փոխանցման նպատակով։

Արմոնդ Թահմազեանը տեղեկացրեց նաեւ, որ այդ փորձի հիման վրայ շտաբը նախաձեռնել եւ իրականացրել է ապաստարանների նշանակման եւ անհրաժեշտ պաշարներով ապահովման աշխատանքներ, որպէսզի հարկ եղած դէպքում հնարաւոր լինի բնակիչներին ժամանակաւորապէս ապաստան տրամադրւի։

Նրա խօսքով՝ ապաստարանները նախատեսւած են հիմնականում կարճ ժամանակահատւածի համար, յատկապէս՝ օդային տագնապների ժամանակ։ Միաժամանակ քննարկւել է նաեւ կեցութեան վայր ապահովելու հարցն այն հայրենակիցների համար, ովքեր նման իրավիճակներում զգում են միայնակ չմնալու անհրաժեշտութիւնը։

Այս նպատակով ընտրւած են «Թունեան» դպրոցի եւ «Սասուն» մանկապարտէզի շէնքերը։

Շտաբի պետը Թեմական խորհրդի ներկայացուցիչներին դիմելով՝ հետաքրքրւեց յատկապէս թաղային հիմնարկների կարողութիւններով նաեւ։

Թեմական խորհրդի գնահատականը

Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը ընդգծեց, որ թաղային շտաբների կատարած աշխատանքը գնահատելի է այն առումով, որ դրանց արդիւնքը տեսանելի է դառնում միայն համապատասխան իրավիճակներում։ «Չերեւացող աշխատանքը երբեմն կարող է թւալ չկատարւած, մինչդեռ բոլորս երազում ենք, որ այնպէս մնայ իրավիճակը, որպէսզի հայրենակիցներին շարունակի աննկատ մնալ շտաբների կատարած հսկայական աշխատանքները»,– նշեց նա։

Նա նաեւ յաւելեց, որ պատահական չէ, որ շտաբի աշխատանքներով զբաղւող անհատները եւս կենտրոնանում են Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի տակ, քանի որ այս միութիւնը միշտ եղել է այն կենտրոններից մէկը, որտեղ մարդիկ համախմբւել են համայնքը պաշտպանելու նպատակով՝ յատկապէս յեղափոխութեան օրերին եւ Իրան–Իրաք պատերազմի տարիներին։

Միութիւնների համագործակցութիւնը

Հ. Մ. «Սիփան» միութեան անունից խօսեց նաեւ Հայկազ Շիրւանեանը, ով բարձր գնահատելով շտաբի գործունէութիւնը՝ նշեց, որ թաղամասի միւս միութիւններից եւս ներկայացուցիչներ ներգրաււած են շտաբի կազմում։ Մասնաւորապէս Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրից եւս կայ ներկայացուցիչ, ինչի շնորհիւ միութիւնների միջեւ ձեւաւորւել է օրինակելի համագործակցութիւն՝ շտաբի աշխատանքների աւելի արդիւնաւէտ կազմակերպման ուղղութեամբ։

Սրբազան Հօր պատգամը

Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, ներկաներին փոխանցելով Սրբազան Հօր օրհնութիւնն ու սէրը, նշեց, որ իրանահայութեան ներկայ իրավիճակի մասին, ինչպէս նաեւ նախորդ օրը Զէյթուն թաղամասի շտաբի հետ ունեցած հանդիպման մասին զեկուցւել է Վեհափառ Հայրապետին։

«Վեհափառը թելադրեց փոխանցել, որ մտքով ու հոգով սիրելի իրանահայութեան հետ է եւ աղօթում է, որ համայնքը շուտով յաղթահարի այս դժւարին օրերը եւս»,– նշեց նա։

Հայր Սուրբը նաեւ ընդգծեց, որ շտաբի կամաւորների կատարած աշխատանքը յաճախ անշնորհակալ գործ է։ «Այսինքն՝ դուք չէք կարող սպասել շնորհակալութիւնների։ Նման առաքելութիւնների պարագայում միշտ այդպէս է։ Աստւած օրհնէ Ձեզ եւ Ձեր ընտանիքները, որոնք նոյն դժւարութիւններն ու մտահոգութիւնները կրելով՝ կանգնած են համայնքի կողքին»,– ասաց նա։

Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը տեղեկացրեց նաեւ, որ առաջնորդի կարգադրութեամբ թաղային շտաբների կազմում ընդգրկւել են նաեւ հոգեւորականներ։ Սասունի շտաբին այսուհետ կը միանայ Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը։

Ժողովրդին ծառայելը որպէս Աստծուն ծառայութիւն

Իր խօսքի աւարտին Հայր Սուրբը յիշեցրեց Դպրեվանքի տարիներից մի կարգախօս. «Մենք Աստծուն ծառայում ենք՝ հայ ժողովրդին ծառայելու միջոցով»։ Նա յաւելեց, որ ժողովրդի ուրախութիւնն ու երախտագիտութիւնը ի վերջոյ հասնում են նրանց, ովքեր ծառայել են համայնքին։ «Սիրիայի եւ Լիբանանի պատերազմներից տարիներ են անցել, սակայն այդ օրերին շտաբների օգնութեանը դիմած մարդիկ այսօր էլ խոր յարգանքով են յիշում շտաբի անդամներին։

Աստւած իւրաքանչիւրին իր ձեւով է օրհնում, եւ իւրաքանչիւրը իւրովի է զգում Աստծոյ ներկայութիւնը»,– եզրափակեց նա։

Related Articles

Back to top button