Արա Շահվերդեանի նախընտրական քարոզարշաւը՝ Սասուն քաղաքամասում
«ԱԼԻՔ», Կ. Դ.- Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրութիւնների քարոզարշաւի շրջանակում, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ 12-րդ նստաշրջանի թեկնածու Արա Շահվերդեանը փետրւարի 24-ի երեկոյեան ներկայ գտնւեց Սասուն քաղաքամասում՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, մասնակցելով կիրակնամուտի արարողութեանը, որից յետոյ ժողովրդական հանդիպում էր կազմակերպւել եկեղեցուն կից «Շաղուլեան» սրահում: Սրահում հանդիպումը մեկնարկեց Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի միջոցով կատարւած Տէրունական աղօթքով եւ Տէր Հայրը ողջունեց ներկաներին: Օրւայ հաղորդավարն էր Համբիկ Շահիջանեանը, ով նախ անդրադարձաւ հանդիպման նպատակներին, որից յետոյ հրաւիրեց թեկնածու Արա Շահվերդեանին:
Պատգամաւորը համապարփակ գծերով անդրադարձաւ իր անցեալ 4-ամեայ աշխատանքներին թէ՛ ներհամայնքային աշխատանքներին, թէ՛ Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման հարցով, որպէս խորհրդարանում Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, եւ թէ՛ Իրանի հիւսիսային շրջանում՝ Ատրպատական նահանգներում իր աշխատանքներին:
Նա շնորհակալութիւն յայտնեց ժողովրդին, որ անցեալ շրջանում իրեն են վստահել որպէս պատգամաւոր, եւ նշեց, որ եթէ ժողովուրդը դարձեալ իրեն վստահի, հնարաւորութիւն կունենայ աւարտին հասցնելու անաւարտ մնացած աշխատանքները եւ իրագործել նոր նախագծեր:
Նոյն օրը Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում հանդիպում էր կազմակերպւել Արա Շահվերդեանի եւ քաղաքամասի տարբեր կառոյցների ներկայացուցիչների հետ:
Միջոցառման հաղորդավարն էր Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արփի Ալավերդեանը: Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան խօսքը փոխանցեց Քարմէն Չհարմահալին: Օրւայ բանախօս էր հրաւիրւել Փերիոյ Կրթասիրաց միութեան նախագահ Գասպար Ամիրխանեանը: Նա իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ պատգամաւոր եւ պատգամաւորութեան թեկնածու Արա Շահվերդեանի յոյժ կարեւոր դերին՝ Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման գործում:
Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Արա Շահվերդեանը: Նա նշեց, որ անցեալ շրջանում, երբ դուք Ձեր ձայներով ինձ վստահեցիք, որպէս պատգամաւոր, ես անձամբ ինձ խոստացայ, որ հնարաւորինս չխնայեմ իմ կարելին մեր համայնքի, եւ Իրանի վերելքի համար, անկախ այն հանգամանքից, թէ արդեօք որոշ աշխատանքներ իմ պարտականութիւնների սահմանո՞ւմ են, թէ՞ ոչ: Նա ընդգծեց, որ կարեւորելով Իրան-Հայաստան յարաբերութիւնների ընդլայնումը, խորհրդարան մուտք գործելու առաջին իսկ օրւանից իր թեկնածութիւնն է դրել Իրան-Հայաստան բարեկամական խմբին անդամակցելու համար, որպէսզի իր կարողութեան սահմաններում խթանի երկու բարեկամ ու հարեւան երկրների կապերի ամրապնդմանը: Նա անդրադարձաւ նաեւ բոլոր քաղաքամասերում գտնւող միութիւններ, դպրոցներ եւ ազգային կառոյցներ կատարած իր այցերին, եւ ընդգծեց, որ նման այցերի նպատակն է եղել մօտկից ծանօթանալ առկայ խնդիրներին, որպէսզի քայլեր ձեռնարկւեն դրանք կարգաւորելու համար: Նա նշեց, որ դեռ կան անաւարտ գործեր, եւ եթէ կրկին անգամ իրեն վստահւի ժողովրդի ձայնը, պէտք է հետամուտ լինի դրանք աւարտին հասցնելու եւ նոր աշխատանքներ իրականացնելու ճամբին:
Հանդիպմանը, ներկաներին իր խօսքը փոխանցեց նաեւ վաստակաւոր միութենական եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ Հայկազ Շիրւանեանը: