Նոր Ջուղա

Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Գեղարդ Մանսուրեանի հանդիպումները՝ քարոզարշաւի 3-րդ եւ 4-րդ օրերի ընթացքում

Շաբաթ, փետրւարի 24-ի առաւօտեան Գեղարդ Մանսուրեանը այցելեց Փերիոյ շրջան, որտեղ նախ Բոլորան, ապա Խոյգան գիւղերում հանդիպեց տեղի բնակիչներին:

Նոյն օրը երեկոյեան ժամը 20:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում պատգամաւորութեան թեկնածուն հանդիպեց Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների եւ ենթամարմինների անդամներին: Նա գնահատելով նախկին հայ պատգամաւորների աշխատանքը՝ շեշտեց, թէ խորհրդարանի պատգամաւորը լրացնում է ազգային մարմինների աշխատանքները եւ նրանց փոխհամագործակցութիւնը յոյժ կարեւոր է համայնքների զարգացման համար:

Քարոզարշաւի 4-րդ օրը, կիրակի, փետրւարի 25-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ապա երեկոյեան 18:30-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, կայացան հանդիպումներ: Առաջինին ներկայ էին Փերիոյ Կրթ. միութեան Կենտր. վարչութիւնը եւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութիւնը՝ ընկերակցութեամբ իրենց անդամների, իսկ երկրորդ հանդիպումը կայացաւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտր. վարչութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան, անդամների եւ մշակութային ոլորտի աշխատողների ու վաստակաւորների հետ: Այս ծրագրերի ընթացքում թեկնածուն կարեւորելով միութիւնների աշխատանքները, ինչպէս նաեւ մշակութային ոլորտի իրագործումները՝ հայեցի դաստիարակութեան առնչութեամբ, պատկան աշխատանքները խոչընդոտող հանգամանքների վերացման ուղղութեամբ իր տեսակէտներով կիսւեց ներկաների հետ:

Երեկոյի աւարտին, ժամը 20:30-ին, Գեղարդ Մանսուրեանն իր Ընտրական շտաբում հանդիպեց Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ արհեստաւորներին:

Վերոնշեալ բոլոր ծրագրերը վարեց Թովմա Գալստանեանը: Հանդիպումների աւարտին ներկաներն իրենց յուզող հարցերի պատասխաններն ստացան թեկնածուից եւ տեսակէտներ փոխանակեցին նրա հետ:

Գեղարդ Մանսուրեանի Ընտրական շտաբ

Related Articles

Back to top button