
«ԱԼԻՔ» – Թեհրանի մետրոպոլիտենի նոր կայարանը՝ «Մարիամ Մողադաս» (Ս. Մարիամ), որը դեռեւս պաշտօնական բացում չի ունեցել, երէկ՝ նոյեմբերի 19-ին հիւրընկալն էր Թեհրանի հայկական համայնքի ներկայացուցիչների։ Պատւիրակութեանն ընկերակցում էր նաեւ լրագրողների խումբը, որոնց կայարանում դիմաւորել է քաղաքապետարանի մամուլի խօսնակ Աբդօլմոթահար Մոհամմադ-խանին, ներկայացնելով՝ շինարարական գործընթացը, տեխնիկական լուծումները եւ անւան ընտրութեան հիմնաւորւածութիւնը։
Այցելութեան ընթացքում համայնքի ներկայացուցիչները շրջեցին կայարանում եւ ծանօթացան ենթակառուցւածքներին։
Այնուհետեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիասեանն իր խօսքում ընդգծեց «ԱԼԻՔ» օրաթերթի դերակատարութիւնը՝ նշելով, որ թերթի յատուկ ռեպորտաժը զգալիօրէն նպաստեց մետրոկայանի լուրի միջազգային հնչեղութեանը, յատկապէս, Հայաստանի մամուլի լայն արձագանքի առումով։
Նա նաեւ ընդգծեց, որ Իրանում առկայ է աւելի քան 300 եկեղեցի, որոնցից մի քանիսը գրանցւած են ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցուցակում, եւ նախատեսւում է դրանցից որոշ լուսանկարներ տեղադրել կայարանի դահլիճներում՝ ընդգծելով իրանցիների մշակութային արժէքներն ու երկրի հարուստ կրօնական ժառանգութիւնը։

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւս գնահատելով կայարանով պայմանաւորւած դրական արձագանքները, ինչպէս նաեւ ճարտարապետական կերպարը՝ այն համարեց Իրանում դաւանանքների համակեցութեան ամենախօսուն օրինակներից մէկը։
Մետրոպոլիտենի պատասխանատուները ընդգծեցին, որ նախագծման փուլում հաշւի են առնւել Հայոց եկեղեցու դիտարկումները՝ կապւած քրիստոնէական խորհրդանիշերի կիրառման, պատկերագրական հաւասարակշռութեան եւ մշակութային զգայունութեան պահպանման հետ։
Մետրոպոլիտենի կառուցման 6-րդ գծի գլխաւոր տնօրէն Աբբաս Ֆաթհալիփուրը յաւելեց, որ սկզբում որոշւել էր մետրոկայանը կոչել «Նեջաթօլլահի» անունով, սակայն հետագայում վերջնական որոշում ընդունւեց այն «Մարիամ մողադաս» անւանակոչելու գաղափարի վրայ կանգնել, հաշւի առնելով մօտակայքում գտնւող Սուրբ Սարգիս եկեղեցին եւ բնականաբար թաղամասի հայկական համայնքի հետաքրքրութիւնները։
Ըստ մետրոպոլիտենի պատասխանատուների՝ գոթիկ ճարտարապետութեանը բնորոշ աղեղաւոր գծերն ու լուսային անցումներն ապահովում են կայարանի իւրայատուկ հմայքը եւ հետաքրքրութիւն առաջացնում հանրութեան շրջանում։ Այս մօտեցումը կարող է հիմք դառնալ ապագայ մետրոկայաններում եւս տարբեր համայնքների մշակութային ինքնութեան արտացոլման համար։
Կայարանի ներքին գեղարւեստական պանելների եւ որմնապատկերների հեղինակ Թանիա Թարիղ-Մեհրն «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ ամբողջ նախագիծն իրականացւել է քրիստոնէական խորհրդաբանութեան խորքային ուսումնասիրութեան վրայ։ «Իւրաքանչիւր գոյն, իւրաքանչիւր պատկերական տարր ընտրւել է յատուկ իմաստով՝ խաղաղութիւնից մինչեւ հոգեւոր լոյսի։ Նպատակը միջավայրի ստեղծումն էր, որը խօսելու կը լինի քրիստոնէութեան արժէքների լեզւով եւ կը փոխանցի հոգեւոր հանգստութիւն ուղեւորին»,- նշում է արւեստագէտը։

Լրագրողների հարցերին պատասխանելիս Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը կատակով նշեց, որ մամուլի հրապարակումներում յաճախակի երեւալը իրեն այս իրադարձութեան յայտնի դէմքերից մէկն է դարձրել։ Նա յաւելեց, որ մետրոկայանի մասին պատմող գրառումները, օրինակ՝ սոցիալական ցանցերում, հաւաքել են աւելի քան 80 հազար հաւանում։ «Սա խօսում է նաեւ իրադարձութեան նշանակութեան մասին, յատկապէս երբ ժողովուրդն է այն գնահատում»,- նշեց նա։
Քահանայ հայրը շնորհակալութիւն յայտնեց մետրոպոլիտենի ղեկավարութեանը եւ ընդգծեց, որ այս նախաձեռնութիւնը եւս մէկ խօսուն ապացոյցն է Իրանում կրօնների խաղաղ համակեցութեան։ «Քրիստոնեայ համայնքը նման վերաբերմունքով հերթական անգամ վայելում է իրանցի մահմեդական եղբայրների համակրանքն ու ուշադրութիւնը»,- յաւելեց նա։
Կայարանի շէնքի ճակատային հատւածում կանգնեցւած է Մարիամ Աստւածածնի արձանը, որը ուղղւած է դէպի Ս. Սարգիս եկեղեցի։ Արձանն արդէն իսկ հասցրել է արժանանալ անցորդների ուշադրութեանը եւ յարակից՝ «Մարիամ» զբօսայգու հետ միասին դարձել է մայրաքաղաքի այս հատւածի ժամանցի ու հանգստի կարեւոր վայրերից մէկը։
Մետրոկայանի պաշտօնական բացման օրը դեռեւս չի յայտարարւել։
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ



