ԱԿՆԱՐԿ. ԻՐԱՆ-ՄԱԳԱՏԷ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ. ԽԱՂԱՐԿՒԱԾ ԽԱՂԱՔԱՐՏԵՐՆ ՈՒ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակալութեան Կառավարիչների խորհրդի նիստն անցաւ ոչ թէ սովորական՝ ընթացակարգային օրակարգով, այլ՝ խորքային լարւածութեամբ, որն արձագանքն էր ամիսներ առաջ Իրանի միջուկային օբիեկտների վրայ իրականացւած՝ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի անօրինական յարձակումների շարունակւող հետեւանքների: Այդ գործողութիւնները, որոնք միջազգային իրաւունքի ակնյայտ խախտում էին, չարժանացան որեւէ յստակ գնահատականի Գործակալութեան կամ դրա գլխաւոր տնօրէնի կողմից։ Այս լռութիւնը լրացուցիչ հարցեր առաջ քաշեց ՄԱԳԱՏԷ-ի անաչառութեան մասին եւ խորացրեց անվստահութիւնը Թեհրանի ու Գործակալութեան միջեւ:
Այժմ, այդ յարձակումներից ամիսներ անց, Գործակալութեան ղեկավար Ռաֆայէլ Գրոսսին յայտարարում է, թէ տեսուչները վերադարձել են Իրան։ Նա միաժամանակ նշում է, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի շրջանակում Իրանի միջուկային հարցն այլեւս պաշտօնապէս չի քննարկւում Կառավարիչների խորհրդում։ Սակայն այս յայտարարութիւնների խորքում ակնյայտ է մէկ իրողութիւն՝ Իրանն իրեն իրաւունք է վերապահել սահմանափակել համագործակցութիւնը Գործակալութեան հետ՝ այն սահամանափակելով միայն պարտադիր, պայմանագրային մակարդակում։ Այլ կերպ ասած՝ Թեհրանը փակել է տեսուչների արտօնեալ մուտքն այն բոլոր օբիեկտներ, որոնց նկատմամբ Գործակալութիւնը տարիներ շարունակ չէր թաքցնում իր ընդգծւած հետաքրքրութիւնը:
Գրոսսին իր խօսքում կրկին նշել է յետյարձակման շրջանում ներկայացրած պահանջը՝ թոյլատրել մուտք այն կենտրոններ, որոնք վնասւել են վերջին ռազմական գործողութիւնների ընթացքում։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է անյապաղ պարզել Իրանի թէ՛ ցածր, թէ՛ բարձր հարստացւած ուրանի պաշարների ներկայ վիճակը։ Սակայն այս պահանջի ֆոնին նա շրջանցում է ամենաէական հարցը՝ ինչո՞ւ է Գործակալութիւնը մինչ օրս հրաժարւել դատապարտել այդ անօրինական յարձակումները։ Չէ՞ որ հէնց Միջուկային զէնքի չտարածման պայմանագրում ամրագրւած է, որ միջուկային օբիեկտների վրայ ռազմական յարձակումն ինքնին հիմք է պարտաւորութիւնների վերանայման համար։ Թեհրանը հէնց այս դրոյթով է հիմնաւորում իր քայլերը, իսկ Գրոսսին, կարծես դիտաւորեալ, շրջանցում է այն։
Միեւնոյն ժամանակ, Արեւմուտքը, չի թաքցնում, որ փորձել է վերջին միջոցը՝ գործի դնելով չեղարկւած պատժմիջոցները յետ կանչելու Snapback մեխանիզմը՝ յոյս ունենալով ճնշում գործադրել Իրանի վրայ։ Սակայն իրադարձութիւնների ընթացքը փաստում է, որ հաշւարկը չի արդարացւել։ Իրանը 2025 թւականի հոկտեմբերի 11-ին սառեցրեց Կահիրէի համաձայնագիրը, իսկ գործակալութեան մուտքը՝ մասնաւորապէս այն կենտրոններ, որոնք ենթարկւել էին ռմբահարումների, մնաց սահմանափակւած։ Արեւմտեան մայրաքաղաքներում դա առաջ բերեց իւրօրինակ հիասթափութիւն․ նրանք ակնկալում էին, թէ կարող են ստուգել այն, ինչ իրենք են վնասել՝ հասկանալու համար, թէ արդեօք Թեհրանը պահպանո՞ւմ է ուրանի հարստացման իր կարողութիւնները, թէ՞ ոչ։
Ներկայ դրութեամբ ՄԱԳԱՏԷ-ն գտնւում է ինքնապարտադրւած բացարձակ փակուղային իրավիճակում։ Մի կողմից փորձում է առաջ տանել նախկին պահանջները՝ աւելացնել վերահսկողութիւնն ու ընդլայնել մուտքի հնարաւորութիւնները, միւս կողմից՝ գիտակցում է, որ այդ լծակներն այլեւս չեն գործում։ Իրանը, յենւելով միջազգային իրաւունքի հէնց այն դրոյթների վրայ, որոնք Գործակալութիւնն անտեսել է, ձեւակերպել է նոր քաղաքականութիւն՝ վերահսկողութիւնը սահմանափակել բացառապէս պայմանագրային պարտաւորութիւններով եւ ոչ մի հնարաւորութիւն չթողնել այնպիսի գործողութիւնների համար, որոնք տարիներ շարունակ Թեհրանում արդարացիօրէն դիտւում էին ոչ թէ որպէս «տեսչական վերահսկողութիւն», այլ՝ «բացայայտ գործակալական-լրտեսական» փորձեր։
Ակնյայտ է, որ Արեւմուտքի անօինական գործողութիւնների եւ Գործակալութեան կողմնակալ՝ ոչ իրաւական մօտեցումների արդիւնքում Իրանի միջուկային հարցը դարձել է ոչ թէ թափանցիկ գործընթաց, այլ՝ առաւել փակ, բազմաշերտ եւ դժւարամատչելի, որտեղ Արեւմուտքի մեխանիզմներն աստիճանաբար կորցնում են իրենց ազդեցութիւնը։ Պատերազմը, տարածաշրջանային փոխկապակցւած ճգնաժամերը եւ միջազգային յարաբերութիւնների անկիւնաքարերի սկզբունքների քայքայումը յանգեցրել են նրան, որ Թեհրանի շուրջ ձեւաւորւած միջուկային պատկերը այլեւս չի կարող դիտւել հին պրիզմայով։
Այսօր իրավիճակը յստակ է․ Իրանն այլեւս չի խաղում այն դաշտում, որը յարմար էր Արեւմուտքին։ Իսկ Արեւմուտքը դեռ չի համակերպւում այն մտքի հետ, որ խաղի կանոնները փոխւել են: Փոխւել են վճռականօրէն եւ անդառնալիօրէն։



