ԹեհրանՀամայնք

Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակը ոգեկոչւեց Նոր Ջուղայում

Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի առիթով, ուրբաթ՝ ապրիլի 24-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, եկեղեցական դասի մասնակցութեամբ, մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Օրւայ պատարագիչն էր Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Ծրագրի յաջորդ բաժնում վանքի շրջափակում տեղի ունեցաւ համահաւաք, որտեղ ընթերցւեց ազգային մարմինների խօսքը, այնուհետեւ արտայայտւեց Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորը։

Համահաւաքն սկիզբ առաւ Վանէ Յովսէփեանի հաղորդավարութեամբ:

Ազգային մարմինների անունից հանդէս եկաւ թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի անդամ Սքարլետ Հայրապետեանը:

Ահա մի հատւածի մէջբերում այդ խօսքից.

«Այժմ ոչ միայն պահը չէ հայոց պահանջատիրութիւնը երկրորդական պլան մղելու, այլ հակառակը՝ այն պէտք է իրագործել նոր թափով ու ծրագրերով, եւ մէկս միւսին սատար կանգնելով շարունակել մեր երթը՝ մինչեւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային լիարժէք ճանաչումը. մինչեւ հայ ժողովրդին պատճառած վնասների դիմաց հատուցումը, մինչեւ այն ժամանակ երբ Հայաստանի ներկայ իշխանութիւններն ու Ադրբեջանը եւ զուգահեռաբար միջազգային կառոյցները, ճանաչելով արցախահայութեան անքակտելի իրաւունքները, նրանց համար կստեղծեն հայրենի հողում ազատ ու անվտանգ ապրելու երաշխիք եւ մինչեւ այն պահը երբ հայ ժողովրդի գիրկը կը վերադառնան Բաքւի բանտերում ազատազրկւած եւ բեմականացւած դատավարութիւններով մեղադրւող հայ ռազմագերիները: Վերջում մեր հարազատ Իրանին խաղաղութիւն մաղթելով, ցանակնում ենք, որ տարածաշրջանի երկու հինաւուրց երկրները՝ Իրանն ու Հայաստանը, հեռու մնան թշնամիների սադրիչ գործողութիւններից եւ սեփական հողի վրայ անվտանգութիւն վայելելով, առկայ բարեկամական յարաբերութիւնները շարունակեն առաւել ընդլայնւած դաշտում, որպէսզի նորանոր փոխհամագործակցութիւնները նպաստեն երկու երկրների կայունութեանը, անվտանգութեանն ու օր ըստ օրէ զարգացմանը»:

Դոկտ. Գեղարդ Մանսուրեանն իր խօսքում անդրադառնալով հայերի համար Հայոց Ցեղասպանութեան առաջացրած հետեւանքներին, որոնք են՝ հողային, մարդկային եւ նիւթական կորուստները, ինչպէս նաեւ շեշտելով, որ 2020 թւականից ի վեր Հայոց Ցեղասպանութեան հետ կապւած պահանջատիրութեանը շաղկապւել է նաեւ Արցախի պահանջատիրութիւնը, կարեւորութեամբ ընդգծեց, թէ Հայաստանում խաղաղութիւնը կարելի է վերադարձնել միասնականութեամբ եւ իհարկէ հզօր բանակ կերտելու պարագային: Նա կոչ անելով, որ պէտք է զգօն լինել պանթուրքիստական  ծրագրի սպառնալիքների եւ վտանգների նկատմամբ, ցաւով անդրադարձաւ նաեւ Իրանի վրայ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի յարձակումների հետեւանքով պատճառած մարդկային կորուստներին՝ ի մասնաւորի Մինաբում զոհւած 165 դպրոցական նահատակներին եւ մաղթեց, որ ինչքան շուտ խաղաղութիւն հաստատւի Իրանում:

Խօսքերին յաջորդեց ծաղկեմատոյցի արարողութիւնը, որտեղ ժողովուրդը՝ խորհրդարանի պատգամաւորի, ազգային մարմինների ատենապետների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցչի գլխաւորութեամբ, ծաղիկներ մատուցեցին բիւրաւոր նահատակների յուշարձանին:

Յատկանշելի է, որ ելնելով երկրում տիրող իրավիճակից, Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի ոգեկոչման միջոցառումները սահմանափակւեցին մէկ ծրագրում։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button