Հայաստանից ժամանած պատւիրակութիւնն այցելեց Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային համալիր

«ԱԼԻՔ» – Նահատակ Գերագոյն առաջնորդի յուղարկաւորութեան արարողութիւններին մասնակցելու նպատակով Իրան ժամանած Հայաստանի քաղաքական, հասարակական եւ լրատւական պատւիրակութիւնը, յուլիսի 4-ին, այցելեց Թեհրանի Սասուն թաղամասում գործող Հ.Մ.Մ. «Րաֆֆի» մարզամշակութային համալիր։
Պատւիրակութեան կազմում էին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենեակի համակարգող՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Լեւոն Զուրաբեանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան զբօսաշրջութեան եւ տարածքային տնտեսական զարգացման վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը, Չինական գիտութեան եւ մշակոյթի կենտրոնի տնօրէն Իզաբելլա Մուրադեանը, ինչպէս նաեւ ABC MEDIA, TV5 եւ Sputnik լրատուամիջոցների ներկայացուցիչներ։ Այցին մասնակցում էին նաեւ «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցութեան զարգացման կենտրոն»-ի հիմնադիր Փոյա Հոսէյնին եւ հայ-իրանական յարաբերութիւնների հարցերով ակտիւիստ Աբդին։
Հանդիպման ընթացքում Լեւոն Զուրաբեանը, Մեխակ Ապրեսեանը, Փոյա Հոսէյնին, Իզաբելլա Մուրադեանը եւ դոկտ. Անդրանիկ Սիմոեանը անդրադարձան հայ-իրանական յարաբերութիւններին, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի անվտանգային մարտահրաւէրներին, ինչպէս նաեւ գիտական, մշակութային եւ զբօսաշրջային համագործակցութեան հեռանկարներին։
Մեխակ Ապրեսեանը ներկայացրեց հայ-իրանական զբօսաշրջային համագործակցութեան ծրագրերը՝ տեղեկացնելով, որ այս տարի հինգերորդ անգամ կը կազմակերպւի «Նաւասարդ» փառատօնը, որի շրջանակում նախատեսւած են նաեւ հայ-իրանական խոհանոցի մշակութային միջոցառումներ եւ «Խաղաղութեան գաւաթ» միջազգային խոհարարական մրցոյթը։
Իզաբելլա Մուրադեանը խօսեց իրանահայութեան պատմական դերակատարութեան, ինչպէս նաեւ իր ղեկավարած կենտրոնի գիտամշակութային ծրագրերի մասին, իսկ Ազատ համալսարանի հայոց լեզու եւ գրականութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը կարեւորեց Իրանի դերակատարութիւնը տարածաշրջանային կայունութեան, յատկապէս Սիւնիքի անվտանգութեան պահպանման հարցում։
Նշենք, որ հանդիպման մեկնարկին հիւրերին ողջունել է Հ.Մ.Մ. «Րաֆֆի» համալիրի վարչութեան նախագահ դոկտ. Ռուբիկ Սարդարեանը, որը ներկայացրեց համալիրի պատմութիւնը, համայնքային գործունէութիւնն ու ներկայ ծրագրերը։
Հանդիպումն աւարտւեց հարցուպատասխանով, որի ընթացքում քննարկւեցին Հայաստանի ներքաղաքական զարգացումները, հայ-իրանական յարաբերութիւնների հեռանկարներն ու տարածաշրջանային իրավիճակը։






