ԹեհրանՀամայնք

Թ. Հ. Թ. ՊԺ-ն հաստատեց հայոց դպրոցների վերադասաւորման ծրագիրը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի բիւջէի նախահաշիւը

«ԱԼԻՔ»-Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը, չորեքշաբթի, յուլիսի 1-ին երեկոյեան Ազգային առաջնորդարանի դահլիճում գումարեց իր հերթական նիստը։

Ելնելով Թեհրանում առաջիկայ օրերի արձակուրդային իրավիճակից, դիւանը ատենապետութեամբ դոկտ. Սեւակ Հաթամեանի որոշեց յուլիսի 2-ին եւ 3-ին նախապէս յայտարարած ժողովի օրերը յետաձգելով, զբաղւող օրակարգերի հերթականութեան մէջ փոփոխութիւն տալով զբաղւել հրատապ 2 օրակարգերով «Դպրոցների վերադասաւորման ծրագրով» եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից ներկայացւած իրանական 1405 թւականի նախահաշւով։

Դպրոցների կարգավիճակի մասին մանրամասն անդրադարձաւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանը։

Նա նշեց, որ երկար տարիներ է ինչ խօսւում է դպրոցների վերադասաւորման մասին, նշելով որ 2003 թւականից ի վեր համայնքում փակւել են 7 դպրոցներ աշակերտների թւային պակասի պատճառով։

 Նա ընդգծեց, որ այս հանգամանքից ելնելով Թեմական խորհուրդը յատկապէս վերջին շրջանում կարեւորել է դպրոցների վերադասաւորման հարցը, ուստի աշակերտութեան որակի, բարձրացման, պետակսն որոշ հնարաւորութիւններից օգտւելու, եւ թեմի նիւթական հսկայ ծախսերը մասամբ պակսեցնելու նպատակով Կրթական խորհուրդը համախոհութեամբ Թեմական խորհրդի ներկայացրել է իր ծրագիրը, որը մանրամասն քննարկել է ՊԺ-ի կրթական յանձնաժողովը։

Կրթական խորհրդի ատենապետը ներկայացրեց ծրագրիը, ընդգծելով, որ ծրագրի իրագործման համար անհրաժշտ է ՊԺ-ի հաստատումը։ Ծրագիրը հետեւեալն է’ «Նայիրի» տարրական դպրոցի, առաջինից վեցերորդ դասարանցիները եւ «Սողոմոնեան» դպրոցի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարանցիները փոխադրւեն «Թովմասեան» դպրոցի աջակողմեան մասնաշէնք, իսկ «Սողոմոնեան» դպրոցի 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանցիները փոխադրւեն «Մարիամեան» դպրոց։

Երկրորդ փոփոխութիւնը առնչւում էր «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզին, որը մտադրութիւն կայ տեղափոխել «Արաքս» դպրոց։Այս բաժնում ՊԺ-ի կրթական յանձնաժողովի տեսակէտը փոխանցեց Քրիստ Արզումանեանը։ Կրթական խորհրդի ծրագիրը նեկայացւելով եւ պատգամաւորների թէժ քննարկումներից ու հարց ու պատասխաններից յետոյ, ժողովը 30 թեր եւ 3 ձեռնպահ քւէներով հաստատեց ներկայացւած ծրագիրը, ընդգծելով դրա իրագործումը պայմանաւորւած է պետական արտօնութիւնները ստանալուց յետոյ։

Յաջորդ օրակարգով ժողովը քննարկեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից ներկայացրած 1405 թւականի բիւջէի նախահաշիւը, որը ներկայացրեց խորհրդի նիւթականի պատասխանատու Արին Ալեքսանդրեանը։ Ներկայացւած բիւջէն 47 միլիարդ թուման բացով է ներկայացւել, որի համար Թեմական խորհուրդը իր ծրագրերը ներկայացրեց։ Բիւջէի հարցով Պժ-ի նիւթական յանձնաժողովի կողմից Ալֆրէդ Քեշիշեանը նեկայացրեց յանձնաժողովի տեսակէտը։ ՊԺ-ի պատգամաւորները թէժ քննարկումներ կատարեցին, որից յետոյ ներկայացւած նախագիծը հաստատւեց 24 թեր եւ 7 ձեռնպահ ձայներով։

Ժողովին ներկայ էր Իրանի Իսլամական խորհրդարանում Թերանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ դպրոցների վերադասաւորման հարցին եւ խօսեց համայնքային մի շարք հարցերի վերաբերեալ։

Ժողովին ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, Հաշւեքննիչ մարմինը եւ Կրօնական խորհուրդը:

Նիւթը եւ լուսանկարները՝ Կարինէ Դաւթեանի

Related Articles

Back to top button