ԹեհրանՀամայնք

ՀԲԸՄ-ի «Ահարոնեան» շախմատի դպրոցի մասին

Նոր սերնդի կրթադաստերակչական ծրագրում, շատ  կարեւոր եւ էական է  համարւում, նրանց մտքի զարգացման ընթացքը, ինչպէս նաեւ ստեղծագործական առաջադրանքների կատարման յաջող ուղին։

Շախմատի դպրոցի հիմնադրումը եւ դասընթացների կազմակերպումը՝ որպէս դասաժամ, միշտ եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան ծրագրում։  Խորհելով ու խորհրդակցելով մասնագէտ անձանց  հետ եւ այցելելով Հայաստանի առաջատար դպրոցներ՝ ինչպիսին «ԱՅԲ»  դպրոցը, այս որոշումը դարձաւ իրականութիւն։ Հիմնւեց «Ահարոնեան»-ի անւան շախմատի դպրոցը, ուր  աշակերտները շախմատը սովորում են, որպէս դպրոցի դասացուցակում տեղ գտած մի կարեւոր  առարկայ:

«Ահարոնեան» շախմատի դպրոցի բացումը կատարւեց հոկտեմբերի 18-ին, բարերար՝ Վահէ Ահարոնեանի եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան վարչութեան փոխնախագահ՝ Վահէ Միրզաբէգեանի ձեռամբ:

Բացման յաջորդ օրը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան  պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, այցելեց դպրոց եւ ականատես եղաւ աշակերտների շախմատի ուսուցման ընթացքին։

 Դպրոցս իր ժամանակակից եւ գրաւիչ կահոյքով եւ դասաւորմամբ,  «Ն. Գիւլբենգեան» դպրոցի աշակերտութեան  համար դարձել է հաճելի եւ հարազատ մթնոլորտ՝ շախմատը, որպէս մտային մարզաձեւ սովորելու  հիանալի վայր։

«Ն. Գիւլբենգեան» դպրոցի տեսչական կազմի ջանքերով,  շախմատը ներառւել է դպրոցի ընդանուր դասացուցակի մէջ, ինչի արդիւնքում, դպրոցիս աշակերտութիւնը առաջին դասարանից սկսեալ մինչեւ 6-րդ դասարան,  շաբաթական մէկ պահ, պարապում է այս հետաքրքիր եւ օգտակար մարզաձեւը։ Ուրախութեամբ հարկ ենք համարում նշել, որ շախմատի սիրահարները, առիթ ունեն մասնակցելու,  երեկոյեան պահերին իրենց համար կազմակերպւած արտաժամեայ  դասընթացներին։

Այս աշխատանքը իրագործելու համար, օժանդակել են  մեզ հարազատ բարեկամներ։ Առիթը պատեհ համարելով, մեր շնորհակալական խօսքերն ենք ուղղում, բարերարներ՝  յարգելի Վահէ Ահարոնեանին եւ Վրէժ  Բիգջանի-ին (Անետ  արհեստանոց), իրենց նիւթական հովանաւորութեան համար։

Իսկ շախմատի դպրոցի գեղեցիկ ու ժամանակակից  ոճով  եւ ճաշակով ձեւաւորման հարցում, մեզ օժանդակել է Արին Օհանեանը։ Վերոյիշեալը «Ն. Գիւլբենգեան» դպրոցի նախկին տարիների ծնողներից է, որը իր մեծ դերն ու ներդրումն է ունեցել  սոյն  դպրոցի հիմնադրման  հարցում եւ խթանիչ ուժ է հանդիսացել  ծրագրի իրագործման աշխատանքում։

Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան վարչութիւնը,  երախտապարտ է  այն անհատներին, ովքեր իրենց նիւթական եւ բարոյական ներդրումներով, նորանոր   առիթներ  են ստեղծել,  մեր մատաղ սերնդի զարգացման եւ յառաջադիմութեան դժւարին գործը, դիւրին դարձնելու համար։

ՀԲԸՄ-Ի ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Related Articles

Back to top button