«ԱԼԻՔ», Կ. Դ. – Ժամանակակից պատմութեան գիտահետազօտական կենտրոնում երէկ՝ ապրիլի 28-ի երեկոյեան կազմակերպւել էր մէկօրեայ խորհրդաժողով՝ «Հարաւային Կովկասում սիոնիզմի վտանգ»-ը խորագրով:
Խորհրդաժողովին, որը ղեկավարում էին գիտահետազօտական կենտրոնի նախագահ դոկտ. Մուսա Հաղանին եւ դոկտ. Հոսէյն Ահմադին, ելոյթներով հադէս եկան Կովկասի հարցերով փորձագէտեր եւ ՀՀ ԱԺ պատգամաւոր, «Հայաստան» խմբակցութեան անդամ Աննա Գրիգորեանը:
Աննա Գրիգորեանի թեման էր «Սիոնիստական ռեժիմի ներթափանցումը Սիւնիքի նահանգում եւ դրան դիմակայելու ելքերը», ժամանակակից աշխարհի ուսումնասիրութիւնների կենտրոնի նախագահ՝ դոկտ. Շոայբ Բահմանն անդրադարձաւ Ադրբեջանի պաշտպանական, անվտանգութեան եւ տնտեսական կառոյցներում սիոնիստական ռեժիմի ներթափանցմանը, համալսարանի դասախօս Հոսէյն Ահմադիի թեման էր՝ Հայաստանի հետ սիոնիզմի կառոյցային առճակատումը: Կովկասի հարցերով փորձագէտ դոկտ. Ահմադ Քազեմին ներկայացրեց պանթուրքիզմի եւ սիոնիզմի կապը՝ անգլոսաքսոնական համակարգի շրջագծում թեման, Կովկասի հարցերով աւագ գիտահետազօտող դոկտ. Մեհդի Սէյֆ Թաբրիզին տարբեր դիտանկիւններից քննարկեց Ադրբեջանում Իրանի եւ շիա դաւանանքի դէմ առճակատումը, որն ազդւած է սիոնիստական ռեժիմից, Եւրասիայի հարցերով աւագ փորձագէտ դոկտ. Դարիուշ Սաֆար Նեժադը քննարկեց Գազայի պատերազմում սիոնիստական ռեժիմի օգտին Ադրբեջանի կողմնակալ վերաբերմունքի դրսեւորման գործընթացը:
Վերջում ելոյթով հանդէս եկաւ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը՝ անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւնների հեռանկարին:
Խորհրդաժողովին ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, ՀՈՒՍԿ-ի՝ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը եւ քաղաքական հարցերով փորձագէտներ: