Եթէ Գարեգին Բ-ն չապահովի հանրային լայն հակազդեցութիւն Փաշինեանին, յաջորդ ձերբակալւողն ինքն է, կամ էլ կը հեռանայ

ԿԱՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Սխալ է այն կարծիքը` իբր Նիկոլ Փաշինեանը հրաժարւել է Էջմիածնում «հոգեւոր հաւաք» հրաւիրելու մտքից։ Նա անպայման կը հրաւիրի այդ հաւաքը, բայց ոչ հիմա, քանի որ ներկայումս նման հաւաք անցկացնելը վտանգաւոր է հէնց իր համար։ Իսկ մինչ այդ նա Հայ Առաքելական Եկեղեցու վրայ գրոհում է «Տրոյական ձիու» օգնութեամբ, ու այդ ձին Տէր Արամն է։ Ընդհանրապէս Նիկոլ Փաշինեանը գործում է մաքիաւելեան՝ «նպատակն արդարացնում է միջոցները» գործելաոճով, բայց քանի որ նա թերուս է, ապա վստահաբար տեղեակ չէ նաեւ այդ մօտեցումից։ Մաքիաւելու նպատակը միացեալ Իտալիա տեսնելն էր, իսկ Փաշինեանի համար՝ իր ճղճիմ աթոռը պահելը կամ գուցէ «միացեալ Ադրբեջան» ձեւաւորելը։
Բայց, այնուամենայնիւ, Նիկոլ Փաշինեանը որքան էլ թերուս լինի, ամէն դէպքում կատարեալ ապուշ չէ ու շատ լաւ է հասկանում, որ Վեհափառին հեռացնելու իրաւական ոչ մի լիազօրութիւն ինքը չունի, իսկ «հոգեւոր հաւաք» կոչւածն էլ արդիւնաւէտ ու իր համար անվտանգ կը լինի միայն այն ժամանակ, երբ բաւականաչափ թուլացած լինի Եկեղեցու միասնութիւնն ու Վեհափառի կամքը։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ հերթական հարւածը նա ինչ-որ մի դաւաճանի՝ Տէր Արամի միջոցով հասցնում է հէնց Արագածոտնի թեմին, որի առաջնորդը Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանն է՝ Վեհափառի քրոջ որդին։
Կը կալանաւորւի Արագածոտնի թեմի առաջնորդը, թէ՝ ոչ, այլեւս էական չէ, քանի որ ձերբակալութիւնն ինքնին արդէն բաւարար փաստ է ապացուցելու, որ Նիկոլ Փաշինեանը ոչնչի առջեւ կանգ չի առնելու, բացի հասարակութեան պատնէշից։ Միայն հասարակական դժգոհութեան լայն արձագանքն ու հակազդեցութիւնը կարող են կասեցնել նրան, ինչից էլ նա իրականում սարսափում է այնպէս, ինչպէս թուրքը՝ խոզի մսից։
Բայց հասարակութեանը լայն հակազդեցութեան բերելու գործում մեծ անելիք ունի նաեւ Եկեղեցին։ Ես ոչ վաղ անցեալում գրել էի, որ Բագրատ Սրբազանին կալանաւորեցին, քանի որ չտեսան լայն արձագանք, դժգոհութեան մեծ ալիք նաեւ հէնց եկեղեցու կողմից, իսկ Միքայէլ Սրբազանի կալանաւորումն էլ այդ նոյն շղթայի շարունակութիւնն էր։ Նաեւ շեշտել էի, որ Միքայէլ Սրբազանի կալանքին էլ կը յաջորդի որեւէ այլ բարձրաստիճան հոգեւորականի կալանաւորումն ու այդպէս մինչեւ Վեհափառ։
Կասկածից վեր է, որ շղթան յանգեցնելու է հէնց Վեհափառի ձերբակալմանը։ Եթէ Նիկոլ Փաշինեանը իրաւական լծակներ չունի, որպէսզի հեռացնի Կաթողիկոսին, ապա կալանաւորելու համար ոչինչ նրան չի խոչընդոտում։ Բաւական է Տէր Արամի կամ նրա նման մէկի հարցազրոյցը Հ1-ին, ու քրէական գործը պատրաստ կը լինի։ Չմոռանանք, որ բոլշեւիկները նոյնպէս չփոխեցին Կաթողիկոս Խորէն Ա Մուրադբէկեանին, այլ պարզապէս սպանեցին։
Հետեւաբար Գարեգին Բ-ն պէտք է յստակ հետեւութիւններ անի ու դիմի գործնական քայլերի։ Եթէ նա չփորձի հանրութեանը կոնսոլիդացնել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանութեան համար, եթէ նա իր ունեցած ողջ ռեսուրսով չհակազդի Նիկոլ Փաշինեանին, ապա յաջորդ ձերբակալւողն ինքն է լինելու, իսկ դրանից յետոյ այլեւս որեւէ նշանակութիւն չի ունենայ, թէ ով կը լինի յաջորդ Կաթողիկոսը։ Դրանից յետոյ կառավարութեան ու ՔՊ-ի նիստերը կարող են նոյնիսկ նամազով սկսւել, որովհետեւ արդէն կոտրւած կը լինի Եկեղեցու ողնաշարը, ինչն էլ կը բերի հայ հասարակութեան ողնաշարի վերջնական փշրմանը։
Այս ամէնն իրականում տեղաւորւում է Ադրբեջանի պահանջների ամբողջական փաթեթում։ Եկէք յիշենք, որ Ալիեւը աւելի վաղ յայտարարել էր, որ Նիկոլ Փաշինեանը պէտք է ամէն ինչ անի, որպէսզի Հայաստանում արմատախիլ արւեն ռեւանշիստական ձգտումները, իսկ նրա համար ռեւանշիստ են բոլոր նրանք, ովքեր խօսում են Արցախից ու արցախցիների իրաւունքներից։ Ալիեւը, ի տարբերութիւն Փաշինեանի, յիմար չէ ու շատ լաւ գիտի, որ հայոց պետականութեան չգոյութեան ժամանակահատւածներում հայապահպանութեան դերը մշտապէս ստանձնել է Հայ Առաքելական Եկեղեցին ու մշտապէս հնարաւորութիւն պահպանել, որպէսզի մենք կարողանանք վերաստեղծել մեր պետութիւնը։ Հետեւաբար, որպէսզի պետականութեան անկումից յետոյ, ինչին ներկայումս շատ մօտ ենք, այլեւս հնարաւորութիւն չունենանք ոտքի կանգնելու, առաջին հերթին անհրաժեշտ է ոչնչացնել Եկեղեցին։
Յ. Գ. – Զարմանալի «զուգադիպութեամբ» հայ հոգեւորականները ձերբակալւեցին այն ժամանակ, երբ Փաշազադէն օրերս հերթական անգամ Հայ Առաքելական Եկեղեցին համարեց վտանգ՝ Ադրբեջանի համար։
Mediahub.am



