Վարուժան Գեղամեան. «Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատումը ներկայացւում է որպէս «ժողովրդի ցանկութիւն»»
Ամերիկեան IRI կազմակերպութիւնը մարտի 11-ին հրապարակել է հերթական սոցիոլոգիական հարցման արդիւնքները։ Դրանք անց են կացւել Հայաստանում 2023 թ. դեկտեմբերին: Այս մասին գրում է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։
«Թէեւ դրանցում գրեթէ ոչ մի նոր բան չկայ, սակայն երկու դրւագի վրայ ցանկանում եմ սեւեռել ձեր ուշադրութիւնը։
Առաջին. հարցումները եւս մէկ անգամ փաստում են, որ հայ հասարակութեան ճնշող մեծամասնութիւնը շարունակում է Թուրքիան եւ Ադրբեջանն ընկալել որպէս մեր երկրի գլխաւոր քաղաքական ու տնտեսական սպառնալիք (80%-ից աւելին, տե՛ս 1-ին նկարը)։ Սա կարեւոր է, քանի որ պետական-իշխանական քարոզը փորձում է հակառակն անել, աւելին՝ Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատումը ներկայացնել որպէս «ժողովրդի ցանկութիւն», ինչն այդպէս չէ։ Այս իմաստով, բարեբախտաբար, հանրային յիշողութեան ինստիտուտները դեռեւս արդիւնաւէտ են աշխատում։
Երկրորդ. հանրային կարծիքի ձեւաւորման վրայ մեծագոյն ազդեցութիւնը շարունակում են ունենալ լրատւամիջոցները։ Այստեղ պատկերը, ցաւօք, մխիթարիչ չէ։ Հանրութեան համար ամենավստահելի աղբիւրների ցանկի առաջին տասնեակում են գերազանցապէս իշխանական կամ արեւմտամէտ քարոզչութիւն իրականացնող (կամ հէնց ուղիղ արեւմտեան երկրներից ֆինանսաւորւող) մեդիաները (տե՛ս կից 2-րդ եւ 3-րդ նկարները)։
Վերջիններիս քարոզի արդիւնքում, օրինակ, Թուրքիայի հետ յարաբերութիւնների որոշակի բերալաւման ընկալում կայ։ Միաժամանակ նոյն գործի շնորհիւ ձեւաւորւել է Ռուսաստանի հանդէպ թշնամական ընկալման բարձր աստիճան։ Այս իմաստով, ցաւօք, պէտք է խոստովանել, որ դէ-ֆակտօ իշխանութիւնների քարոզը շատ արդիւնաւէտ է մնում, ինչը, ըստ իս, իշխանութեան գլխաւոր յենարանն է։ Երբ քանդւեց քարոզչական այդ հզօր համակարգը կամ ստեղծւեց հակակշիռ, այդժամ եւ կունենանք բոլորովին այլ քաղաքական պատկեր»,- գրել է նա։