Արցախի թեմի առաջնորդի ելոյթը՝ Հռոմում. «Արցախում ներկայումս պղծւում եւ ոչնչացւում է մեր հազարամեայ մշակոյթը»
«ԱԼԻՔ» – Հռոմի Սուրբ Թովմա Ակւինացու անւան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նւիրւած Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեանը։ Այն կրում էր «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական» խորագիրը («Sacred Grounds, Shared Vision»): Յայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմից։
«Համաժողովը կազմակերպւել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչութեան եւ Անգելիկումի էկումենիկ հետազօտութիւնների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց կաթողիկոսութեան հովանաւորութեամբ:
Համաժողովին իր մասնակցութիւնն է բերել Արցախի թեմի առաջնորդ Տէր Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը, ով իր ողջոյնի խօսքն է փոխանցել համաժողովի մասնակիցներին։
Վրթանէս Սրբազանը անդրադարձ է կատարել տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմին եւ բռնի տեղահանութեանը, ինչը խախտել է այն հազարամեայ ներդաշնակութիւնը, որը տիրում էր տարածաշրջանում՝ արցախցիների տեղաբնակութեամբ պայմանաւորւած:
Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրել է, որ ներկայումս պղծւում եւ ոչնչացւում է մեր հազարամեայ մշակոյթը, ինչը ստեղծւել է նւիրական հաւատքի եւ քրտնաջան աշխատանքի շնորհիւ՝ յիշեցնելով եւ կոչ անելով, որ գիտական միտքը պիտի դառնայ գերիշխող քաղաքական մտքի նկատմամբ, որպէսզի օբիեկտիւ արդարութիւնը տեսանելի լինի։
Վրթանէս Սրբազանը նաեւ կոչ է արել քրիստոնեայ աշխարհին՝ աղօթել եւ գործել տարածաշրջանում խաղաղութեան պահպանման համար։
Ամփոփելով իր խօսքը` Սրբազան Հայրը շնորհակալութիւն է յայտնել համաժողովի կազմակերպիչներին, մասնաւորաբար, Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատւիրակ Տէր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանին, որից յետոյ ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը։
Համաժողովին ելոյթ է ունեցել Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատւիրակ Տէր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը: Համաժողովին ներկայ հոգեւորականները ընթերցել են Կարդինալ Կուրտ Քոխի, Կարդինալ Կլաուդիօ Գուջերոտտիի եւ Կարդինալ Խոսէ Տոլենտինօ դէ Մենդոնսայի ողջոյնի խօսքերը:
Ելոյթով հանդէս են եկել Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ Արմինէ Ալեքսանեանը՝ «Հակամարտութեան գօտիներում մշակութային եւ կրօնական ժառանգութեան պաշտպանութեան դիւանագիտական եւ այլ միջոցներ. ի՞նչ կարելի է անել դրանք ընդլայնելու համար» թեմայով եւ պ․գ․դ․, պրոֆ․ Համլետ Պետրոսեանը «Յուշարձանների ներկայիս վիճակը Արցախում» թեմայով։
Համաժողովում զեկոյցներով են հանդէս եկել նաեւ մի շարք այլ փորձագէտներ Եւրոպայից, ԱՄՆ-ից, Հայաստանից եւ Մերձաւոր Արեւելքից»։