Տեղի կունենայ ՀՀ ԱԳՆ-ի դէմ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների բողոքի քննութիւնը

«ԱԼԻՔ» – Այսօր ՀՀ վարչական դատարանում 15։30 սկսւելու է ՀՀ ԱԳՆ դէմ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ՝ Քրիստինէ Վարդանեանի, Աննա Գրիգորեանի, Արթուր Խաչատրեանի եւ իմ բողոքի քննութիւնն ընդդէմ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան՝ իր ֆէյսբուքեան էջում յայտնել է Գեղամ Մանուկեանը:
Նա նաեւ նշել է. «Կը յիշէք, որ Նիկոլի միանձնեայ որոշմամբ, ԱԳՆ հնազանդ կատարմամբ մեզ արգելւեց հետագայում ծանօթանալ Ադրբեջանի հետ քննարկւող պայմանագրի փոխանակւող նախագծերին։
Ընդորում որեւէ հիմնաւորում գերատեսչութեան կողմից չէր տրւել։
Դեռ 2024-ի նոյեմբերին մեր հայցադիմումը դատարանը՝ դատաւոր Ռոբերտ Մաքէեանի նախագահութեամբ, վարոյթ ընդունելու որոշում էր կայացրել։
Այսօր առաջին հանդիպման օրն է՝ դատարանում, 15։30-ին, հասցէն՝ Գարեգին Նժդեհի փողոց, 23 շէնք, 1-ին յարկ, թիւ 1 դատական նիստերի դահլիճ։
Չենք հոգնելու, հետեւողական ենք լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրութեան համար յոյժ կարեւոր փաստաթղթին ծանօթանալու մեր իրաւունքը վերականգնելու հարցում։
Յանուն Հայաստանի Հանրապետութեան։
Յանուն Արցախի։
Յանուն մեր ժողովրդի»։
Գեղամ Մանուկեանը նաեւ տեղադրել է Արարատ լեռան նկարը եւ կից գրել.
«Յ. Գ. – Լուսանկարում Արարատի գեղանկարն է ՀՀ ԱԳՆ այն սենեակում, ուր աւանդաբար ծանօթանում էինք այդ չարչրկւած նախագծի հետ։ Հիմա չգիտեմ, նկարը տեղո՞ւմ է… թէ՞ հեռացրել են»։