ՈւՆԻ՞ ԱՐԴԵՕՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈւԹԻՒՆՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՒՈւՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹԻՒՆ
Արցախի Հանրապետութեան դէմ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի 2023թ. սեպտեմբերի 19-ի ագրեսիայից մէկ տարի անց Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը 2024թ. սեպտեմբերի 2-ին, Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նոյն թւականի սեպտեմբերի 19-ին եւ Կանադայի վարչապետը նոյն թւականի սեպտեմբերի 22-ին հանդէս են եկել բանաձեւ-յայտարարութիւններով:
Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը, մասնաւորապէս, միջազգային հանրութեանը կոչ է արել պաշտպանելու Լեռնային Արցախի ինքնորոշման իրաւունքը, իսկ Ադրբեջանին՝ յարգելու Արցախի հայերի տւեալ իրաւունքը:
Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, մասնաւորաբար, հանդէս է եկել իրենց պապենական հողերում արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան օգտին:
Իսկ Կանադայի արտգործնախարարն էլ, մասնաւորապէս, հանդէս է եկել ադրբեջանաարցախեան հակամարտութիւնը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու աջակցման օգտին՝ կարեւորելով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներն ու ինքնորոշման իրաւունքը:
Յայտարարութիւններից տպաւորութիւն է ստեղծւում, որ ըստ յայտարարութիւնների հեղինակների՝ Արցախի հայութիւնը դեռեւս չի իրացրել ինքնորոշման իր իրաւունքը: Պէտք է ստեղծւեն անհրաժեշտ եւ բաւարար պայմաններ այդ իրաւունքի իրացման համար:
Յարկ է նշել, որ սա թիւրիմացութիւն է եւ հետեւանք միջազգային հանրութեան շրջանում տասնամեակներ շարունակ գլխաւորապէս հայկական կողմի իրականացրած, իսկ աւելի շուտ չիրականացրած, ոչ բաւարար քարոզչական, տեղեկատւական աշխատանքի:
Նպատակ ունենալով որոշակի չափով լրացնելու այդ բացը՝ անհրաժեշտ եմ համարում նշել հետեւեալը:
«Ինքնորոշում» հասկացութեան պարզաբանմանը վերաբերող միջազգային իրաւական բոլոր ակտերը, մասնաւորապէս՝ 1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմից ընդունւած «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրաւունքների մասին» եւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին» միջազգային դաշնագրերը, 1970թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմից ընդունւած «Միաւորւած ազգերի կազմակերպութեան կանոնադրութեան համաձայն պետությունների միջև բարեկամական յարաբերութիւններին եւ համագործակցութեանը վերաբերող միջազգային իրաւունքի սկզբունքների մասին» հռչակագիրը, 1975թ. օգոտոսի 1-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ստորագրւած Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան խորհրդաժողովի (ԵԱՀԽ) եզրափակիչ ակտը, 2007թ. հոկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմից ընդունւած «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» հռչակագիրը, անառարկելիորէն վկայում են այն մասին, որ ինքնորոշումն իր քաղաքական կարգավիճակն ինքնուրոյն, առանց արտաքին միջամտութեան որոշելու եւ իր տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացմանը ազատօրէն հետամուտ լինելու իւրաքանչիւր ժողովրդի իրաւունքն է: Եւ իւրաքանչիւր պետութիւն պարտաւոր է յարգել այդ իրաւունքը:
Իսկ այդ իրաւունքի իրացման ձեւեր են հանդիսանում անկախ եւ ինքնիշխան պետութեան ստեղծումը, անկախ պետութեան հետ միացումը կամ միաւորումը, կամ որեւէ այլ քաղաքական կարգավիճակի հաստատումը, որը ազատօրէն որոշւել է ժողովրդի կողմից:
1991թ. սեպտեմբերի 2-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» հռչակագրի ընդունումից աւելի քան երեք ամիս անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, աւելի քան 40 միջազգային անկախ դիտորդների ներկայութեամբ Արցախի Հանրապետութիւնում անցկացւել է հանրաքւէ արդէն հռչակւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հարցով, որին մասնակցել է քւէարկելու իրաւունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետութեան անկախութեանը կողմ է արտայայտւել քւէարկութեան մասնակիցների 99.89%-ը:
1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացւած անկախութեան հանրաքւէին հետեւել են չորս տասնեակ անկախ միջազգային դիտորդներ: Դիտորդները եղել են Հայաստանի Հանրապետութիւնից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից եւ Ուկրաինայից:
Հանրաքւէից անմիջապէս յետոյ անկախ միջազգային դիտորդները հրապարակել են «Ակտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հարցով հանրաքւէի արդիւնքների վերաբերեալ», որտեղ արձանագրել են, որ իրենք հանրաքւէի ընթացքին հետեւել են Ստեփանակերտում, Շահումեանի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու եւ Հադրութի շրջաններում: Անկախ դիտորդները յայտնել են, որ քւէաթերթիկները տպագրւել են երեք լեզուներով՝ հայերէն, ռուսերէն եւ ադրբեջաներէն:
Անկախ միջազգային դիտորդներն արձանագրել են նաեւ, որ իրենք հետեւել են եւ՛ հանրաքւէի ընթացքին եւ՛ ձայները հաշւելու պրոցեսին եւ որևէ խախտում չեն արձանագրել: Դիտորդները միաժամանակ նշել են, որ «…հանրաքւէն անցկացւել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ (Ադրբեջանի կողմից իրականացւող – Ս. Հ.-Ջ.) ռազմական ագրեսիայի պայմաններում, որն արտայայտւել է Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի չդադարող հրետակոծութիւններով տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառեալ հրթիռներ եւ հրետանի: Քւէարկութեան օրը հրետակոծութիւններից զոհւել են 10, վիրաւորւել 11 հայեր: Ստեփանակերտ քաղաքի կանանց եւ երեխաների մեծ մասը գիշերում է նկուղներում, փակ են մանկապարտէզները, դպրոցները:… Պայթեցւել է քաղաքի ջրամատակարարման ցանցը, չկայ հաց, դեղօրայք»:
Նկատի ունենալով արցախահայութեան՝ Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման նպատակով իրականացրած քայլերի յաջորդականութիւնը՝ կարող ենք պնդել, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հանրապետութիւն հռչակելու, ինչպէս նաեւ հռչակւած հանրապետութիւնը նոյն թւականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքւէի միջոցով արցախահայութեան կամարտայայտութեան համաձայն անկախ հռչակելու իրաւական գործընթացն իրականացւել է միջազգային ու ԽՍՀՄ օրէնսդրութեան պահանջներին համապատասխան եւ դրանց բծախնդիր պահպանմամբ:
Այսպիսով, Արցախի Հանրապետութեան հետագայ պետական-իրաւական կարգավիճակի հարցով Արցախի Հանրապետութիւնում երկրորդ անգամ հանրաքւէ անցկացնելու մասին գաղափարը եւ ցաւալիօրէն դրա, որպէս առաջարկութիւն, ամրագրումը «Մադրիդեան սկզբունքներ» կոչւող փաստաթղթում, ինչպէս նաեւ այդ առաջարկութեան ընդունումը Հայաստանի Հանրապետութեան կողմից, նշանակում է չճանաչել, որպէս կայացած փաստ, 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետութիւնում անցկացւած անկախութեան հանրաքւէն եւ 1992թ. յունւարի 6-ին Արցախի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի կողմից հաստատւած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան մասին» հռչակագիրն ու Արցախի Հանրապետութեան Սահմանադրութիւնը, որի նախաբանում յիշատակւած է անկախութեան հռչակագիրը:
Արցախի Հանրապետութեան հետագայ պետական-իրաւական կարգավիճակի հարցով Արցախի Հանրապետութիւնում երկրորդ անգամ հանրաքւէ անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետութեան կողմից նախկինում հնչեցւած յայտարարութիւնները նշանակում են Արցախի Հանրապետութիւնում 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացւած անկախութեան հանրաքւէի լեգիտիմութեան կամաւոր մերժում:
Իսկ միջազգային հանրութեան կողմից հնչող նմանատիպ յայտարարութիւնները հայկական կողմից անպատասխան թողնելու վարքագիծը վկայում է միջազգային հանրութեան հետ հայկական կողմի համախոհութեան մասին:
Արցախի հայութիւնն իրացրել է ինքնորոշման իր իրաւունքը: Արցախահայութեան կողմից միջազգային եւ ԽՍՀՄ իրաւական ակտերի համաձայն 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացւած անկախութեան հանրաքւէն եւ դրա արդիւնքներն անվիճելի են, իսկ Արցախի Հանրապետութիւնն անսակարկելի արժէք է:
Արցախի Հանրապետութեան վտարանդի վարչակազմը եւ Հայաստանի Հանրապետութեան յաջորդ վարչակազմը պէտք է անեն ամէն ինչ, որպէսզի միջազգային հանրութիւնը ճանաչի միջազգային եւ ԽՍՀՄ իրաւական ակտերի համաձայն արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի իրացման արդիւնք հանդիսացող Արցախի Հանրապետութեան անկախութիւնը եւ աջակցի օկուպանտ ու ցեղասպան Ադրբեջանի կողմից օկուպացւած Արցախի Հանրապետութեան դէօկուպացիային:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
քաղաքագԷտ