Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ալիեւը Ռուսաստանից գազ կը գնի ու թանկ գնով կը վաճառի Հայաստանի՞ն

Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից յայտարարութիւններ էին հնչում, որ ապագայում խաղաղութեան հաստատման դէպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաեւ Ադրբեջանից: Այս մասին սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ յայտարարեց Նիկոլ Փաշինեանը՝ չբացառելով, որ Հայաստանն Ադրբեջանից նոյնպէս կարող է գազ ներկրել։

 «Եթէ, օրինակ, պատկերացնենք, որ Հայաստանով տարանցիկ Ադրբեջանից Նախիջեւան կամ դէպի Թուրքիա գազամուղ է անցնում, այդ տարբերակները նոյնպէս չի կարելի բացառել»,- նշել է Փաշինեանը։

Թէ ինչո՞ւ է Փաշինեանը ցանկանում գազ գնել Ադրբեջանից այն պարագայում, երբ Հայաստան-Իրան գազատարը կարող է սպասարկել Հայաստանի գազի սպառման ողջ ծաւալը՝ 2.3 միլիարդ խորանարդ մետր, 168.am-ը փորձել է պարզել էներգետիկ աշխարհաքաղաքականութեան մասնագէտ Արմէն Մանուէլեանից։

«Ադրբեջանը չունի գազի այնքան ծաւալ, որ կարողանայ սպասարկել Թուրքիան, Վրաստանը, Իտալիան. գազի շուրջ պայմանագրերն արդէն կնքւած են, եւ մօտակայ 10 տարում Ադրբեջանը չի ունենայ այնքան գազի ծաւալ, որ կնքած պայմանագրերի չափով կարողանայ գազ մատակարարել։

Հէնց դա է պատճառը, որ Ադրբեջանը գազ է գնում Ռուսաստանից եւ արտահանում այլ երկրներ։

Միւս կողմից, հետաքրքիր է, թէ Հայաստանն այդ ի՞նչ գնով է պատկերացնում Ադրբեջանից գազի գնումը. օրինակ՝ Թուրքիային Ադրբեջանը գազը վաճառում է 300 դոլարով այն պարագայում, երբ Հայաստանը Ռուսաստանից գազ գնում է 175 դոլարով։ Հետեւապէս, որքան էլ Ալիեւը Փաշինեանին սիրի, այդ գնով գազ չի վաճառի, եւ չի բացառւում, որ մենք ունենանք մի վիճակ, երբ Ադրբեջանը Ռուսաստանից գազ կը գնի ու թանկ գնով կը վաճառի Հայաստանին»,- ասել է Մանուէլեանը։

Էներգետիկ աշխարհաքաղաքականութեան մասնագէտն Ադրբեջանից գազ գնելու պատրաստակամութեան մասին խօսող ՀՀ իշխանութեանն առաջարկել է մտածել Իրանից գազի ներկրման ծաւալներն աւելացնելու մասին, եթէ, իհարկէ, իրականում իշխանութեան նպատակն էներգետիկ դիւերսիֆիկացիան է։

«Հայաստան-Իրան գազամուղը կառուցւել է 2.3 միլիարդ խորանարդ մետր ծաւալով, այժմ դրանով 75 տոկոսով պակաս գազ է գալիս Հայաստան, մինչդեռ, եթէ ՀՀ իշխանութիւնը կառուցեր դէպի Իրան գնացող բարձրաւոլտը, կը կարողանար Իրանից Հայաստան աւելի շատ գազ բերեր»,- խօսքը եզրափակել է Մանուէլեանը։

Related Articles

Back to top button