Թալին Միրզախանեան. ««EFT»-ին մի քայլ է դէպի յուզական թօթափում»
Այն օգնում է մարդկանց արտայայտել, ընդունել եւ վերափոխել իրենց ներսում կուտակւած յոյզերը

Հաւաստագրւած կլինիկական հոգեբան, մագիստրոս, հոգեբանական գիտութիւնների թեկնածու յոյզերի վրայ կենտրոնացւած թերապիայի հաւաստագրւած թերապեւտ, վերահսկող եւ վերապատրաստող (վերապատրաստման գործընթացում)՝ IsEFT-ի կողմից:
Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ-Միջազգային Ինստիտուտի հիմնադիր տնօրէն Հաւաստագրւած EFT թերապեւտ՝ Իրանի Հոգեբանութեան կազմակերպութեան եւ Մարզային ու երիտասարդական հարցերի նախարարութեան կողմից (PCOIRAN) IsEFT-ի Համաշխարհային Ասոցիացիայի պաշտօնական անդամ եւ հետազօտող: Ամերիկեան Հոգեբանական Ասոցիացիայի (APA) անդամ, Հայաստանի հոգեբանների միութեան անդամ:
Իրանահայ հայրենադարձ, հոգեբան Թալին Միրզախանեանը Երեւանում հիմնադրել է «Ի.ԷՖ.ԹԻ.» (EFT) ինստիտուտի հայաստանեան մասնաճիւղը, որը միջազգային ճանաչում ունեցող եւ հոգեբանական համայնքում առաջատար դիրք զբաղեցնող կենտրոններից է:
Անդրադառնալով կենտրոնի գործունէութեանը հոգեբան Թալին Միրզախանեանը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշեց, որ «Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ Յոյզերի վրայ Կենտրոնացւած Թերապիայի միջազգային ինստիտուտը՝ ISEFT-ի (Յոյզերի վրայ Կենտրոնացւած Թերապիայի Միջազգայի Ասոցիացիա)-ի միակ պաշտօնական կենտրոնն է Հայաստանում, որը նպատակ ունի ստեղծել ամուր եւ սերտիֆիկացւած EFT համայնք, տարածելով ապացոյցների վրայ հիմնւած եւ խորապէս արդիւնաւէտ մօտեցում հոգեկան առողջութեան ոլորտում, որը կարող է լրացնել հոգեկան առողջութեան ծառայութիւնների բացը Հայաստանում:
Խօսելով ինստիտուտի նպատակների մասին Միրզախանեանը նշեց, որ այն իրականացնում է լիարժէք ու հաւաստագրւած ուսուցում, որի նպատակն է ստեղծել EFT(Emotion-Focused Therapy) հաւաստագրւած թերապեւտների համայնք Հայաստանում:
Ըստ Միրզախանեանի՝ Emotion-Focused Therapy-ն համարւում է արդիւնաւէտ հոգեթերապիայի մեթոդ եւ կարեւոր բաղադրիչ է հոգեբանութեան գիտական համայնքում:
Հայաստանում այն դեռ նորութիւն է, սակայն «Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ»-ն լուրջ քայլեր է կատարում խթանելու ե՛ւ մասնագէտների ե՛ւ ուսանողների շրջանակներում EFT-ի պրակտիկայի կիրառմանը, տարածմանն ու մասնաւորապէս մասնագէտների վերապատրաստման ուղղութեամբ:
««Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ»-ն աւելին է, քան ուսումնական կենտրոն։ Այն հարթակ է, որը նպաստում է Հայաստանի հոգեկան առողջութեան ոլորտում նշանակալի փոփոխութիւնների իրականացմանը։
Կենտրոնը պարտաւորւում է Հայաստանում ներկայացնել ոլորտի գիտական վերջին ձեռքբերումներն ու յայտնագործութիւնները՝ խթանելով մի մշակոյթ, որտեղ երիտասարդ սերունդը հնարաւորութիւն կունենայ ներգրաււել ժամանակակից գիտելիքների ձեռքբերման ուղղութեամբ, որը կարող է նպաստել համաշխարհային գիտական հանրութեանը»,- նշեց նա:
Անդրադառնալով EFT-ի էութեանը՝ Միրզախանեանը նշեց, որ այն գիտականօրէն հիմնաւորւած, յոյզերի վրայ կենտրոնացւած գործընթացային թերապիայի մեթոդ է, որտեղ յոյզերը դիտարկւում են որպէս մարդու գործունէութեան եւ թերապեւտիկ փոփոխութեան առանցքային բաղադրիչ։ Այս մեթոդը մշակել են դոկտոր Լեսլի Գրինբերգը՝ համագործակցելով դոկտոր Ռոբերտ Էլիոթի, դոկտոր Լաուրա Ռայսի (անձնական թերապիայի համար) եւ դոկտոր Սիւ Ջոնսոնի (զոյգերի թերապիայի համար) հետ։
Նրա խօսքով՝ EFT-ն արդիւնաւէտ մեթոդ է տարբեր հոգեբանական դժւարութիւնների եւ խանգարումների դէպքում, այդ թւում՝ դեպրեսիա,տրաւմա, տագնապային խանգարումներ (խուճապային գրոհ, ագորաֆոբիա եւ այլ սահմանափակումներ, յետտրաւմատիկ սթրեսային խանգարում, սնման խանգարումներ, Սահմանային անձնային խանգարում, զոյգերի յարաբերութիւնների խնդիրներ, ինքնագնահատականի անկում կամ ցածր ինքնասիրութիւն եւ այլն:
Միրզախանեանը յաւելեց, որ EFT-ն նպաստում է ինքնակարգաւորմանը, հանգստութեան զգացողութեանը եւ յուզական արձագանքների վերահսկմանը։
«Ի ԷՖ ԹԻ-ի մեթոդաբանական հիմքում ընկած են Գեշտալտ թերապիայի եւ մարդասիրական(humanistic) ուղղութիւնները: Այն կրում է փորձարարական բնոյթ, որոնք էքզիստենցիալ փիլիսոփայութեան եւ սիստեմաթիկ մօտեցումով միաւորւում են առանձնայատուկ Յոյզերի տեսութեան/նէյրոգիտութեան միջոցով։
Նէյրոգիտութիւնն էլ՝ որպէս միջառարկայական գիտութիւն, որը ուսումնասիրում է նեարդային համակարգում տեղի ունեցող գործընթացները։ Այստեղից էլ՝ EFT-ն հիմնւած է «նէյրոսայենսի» վրայ: Այսինքն՝ նեարդաբանական գիտութիւնները։
Ինչպէս նշեցի՝ այս տեխնիկան կենտրոնացւած է յոյզերի գերծընթացին. թերապիայի ընթացքում անյարմար յոյզերը փոխարինւում են նոր յոյզերով՝ ստեղծելով նոր արձագանքներ եւ նոր պատմողական կառուցւածք։ Այս կերպ ձեւաւորւում է ներքին նոր Ես»,- նշեց մասնագէտը:
Նա կարեւորեց, որ EFT-ն աշխատում է ոչ թէ վարքագծային մակարդակում, այլ յուզական հիմքի վրայ՝ նպաստելով խորքային փոխակերպման։
«Սա մէկ քայլ է դէպի յուզական թօթափում։ Այն օգնում է մարդկանց արտայայտել, ընդունել եւ վերափոխել ու փոխարինել իրենց ներսում կուտակւած յոյզերը, համագործակցելով թերապեւտի հետ»,- ընդգծեց նա:
Մասնագէտը շեշտեց գործընթացի ընթացքում նախկինում ադապտացւած յոյզերի փոխարինումը նոր յոյզերի ստեղծման կարեւորութեանը, որտեղ զգացմունքները ստանում են նոր արձագանք եւ նոր պատմողականութիւն:
Ըստ նրա՝ Ի ԷՖ ԹԻ-ն յատկապէս այցելուների համար հետաքրքիր է, որովհետեւ այնտեղ համագործակցութիւնը հոգեբանի եւ այցելուի միջեւ աւելի խորն է: Չկայ ուղղահայեաց կապ այլ յարաբերութիւնները միջանձնային են եւ հորիզոնական, այլ՝/ նաեւ համագործակցային: Կրելով հումանիտար բնոյթ, որտեղ կենտրոնում այցելուն է իր յոյզերով:
Նրա խօսքով՝ Թերապիան կիրառելի է ինչպէս անհատական, այնպէս էլ զոյգերի ու խմբային սեանսների ժամանակ:
Միրզախանեանը նաեւ յաւելեց, որ կենտրոնը յատկապէս տրամադրում է առցանց եւ ցանցային հանդիպումներ եւ աջակցութիւն յոյզերի վրայ կենտրոնացւած թերապիայի ցանցային հանդիպումներ, որին կարող են միանալ նաեւ Սփիւռքահայեր աշխարհի տարբեր ծայրամասերից:
Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ