ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. «ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ»՝ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՆՒԱԾ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՇՒԻՆ. ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԴԱՍԸ, ՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՏԵՍԵԼ

Միջազգային քաղաքական թատերաբեմի վերջին շրջանի իրադարձութիւնները ուսուցանող դաս պէտք է դառնան այն երկրների համար, որոնք իրենց բախտն ու ճակատագիրը ցանկանում են պայմանաւորել Արեւմուտքի «բարեգթութեամբ»՝ հաւատալով, որ այն երաշխաւորելու է իրենց «ինքնիշխանութիւնը»՝ պարգեւելով «անվտանգութիւն», «կայունութիւն» եւ «բարգաւաճում»։ Այդ ուղով շարժւած/շարժւող երկրների առաջին հորիզոնականում այսօր կանգնած է Ուկրաինան, որը վերածւել է իւրայատուկ հայելիի, որում միւսները կարող են տեսնել իրենց սպասւող ճակատագիրը:
Ուկրաինայի ցաւոտ դասը փաստում է, որ պետութիւնը, որը ինքնակամ տրւել է Արեւմուտքի սադրանքներին, այժմ կանգնած է մի ծրագրի առջեւ, որը «խաղաղութեան» անւան ներքոյ կոչւած է կազմաքանդելու այն։ «Խաղաղութեան» հաստատման նպատակով Թրամփի ներկայացրած 28 կէտերը, որ դեռեւս քննարկման փուլում են, իրենց ամբողջ կառուցւածքով յիշեցնում են արեւմտեան դիւանագիտութեան այն դասական սխեմաները, որոնցում «խաղաղութեան» դիմաց պահանջւում է ամենաթանկը՝ ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ պաշտպանունակութիւնը։ Եւ այս ամէնը հրամցւում է որպէս «խաղաղութեան հասնելու բացառիկ հնարաւորութիւն», այն դէպքում, երբ այդ «բացառիկը» որոշակիօրէն Ուկրաինայի պարագայում ոչ այլ ինչ է, քան կատրաեալ կապիտուլեացիա. տարածքների զիջում, շփման գծի սառեցում՝ որպէս դէ ֆակտօ սահմանագիծ, զինուժի թւաքանակի սահմանափակում, անվտանգութեան մեխանիզմների պայմանականացում՝ այնպիսի քաղաքական դրոյթներով, որոնք ինչպէս ընդունւած է ասել բացում են ոչ թէ պատերի սւաղի տակ թաքնւած ճեղքերը, այլ՝ տրոհում են Ուկրաինայի պաշտպանական բոլոր գծերը։
Այս համատեքստում կարեւոր է յատկապէս գիտակցել այն իրողութիւնը, որ այս ամէնը Զելենսկու իշխանութեան քաղաքական ապիկարութեան անմիջական արդիւնքն է: Ուկրաինայի ներկայ ղեկավարութեան՝ աշխարհաքաղաքական իրողութիւններն ըստ արեւմտեան պատրանքների ընթերցելու հետեւողական սխալները լրջագոյն դեր ունեցան այս իրավիճակի ձեւաւորման մէջ։ Արեւմուտքին տրւելու ձախաւեր քաղաքականութիւնը ստեղծեց այնպիսի մթնոլորտ, որտեղ աշխարհաքաղաքական բացարձակ իրողութիւններն իրենց տեղը զիջեցին երերուն խոստումների վրայ հիմնւած ցնորամիտ քաղաքականութեանը, ինչն էլ յանգեցրեց նրան, որ երկիրը բախւեց ոչ միայն պատերազմին, այլեւ դիւանագիտական փակուղային լաբիրինթին: Աջակցութեան խոստումներով կերտւած ապագայի միրաժը վերածւեց ամբողջական կախւածութեան Արեւմուտքից, որտեղ անվտանգութիւնը փոխարինւեց «դաշնակիցների» տարաբնոյթ ակնկալիքով, իսկ իրականութեան վրայ հիմնւած ռազմավարութիւնը խեղդւեց ներքաղաքական PR-ի ամբոխավարութեան յորձանքում։ Արդիւնքում, Ուկրաինան, որն ունէր անհրաժեշտ ներուժ, համաշխարհային քաղաքական օրակարգում լինել որպէս սուբիեկտ, յայտնւեց օբիեկտի կարգավիճակում, որտեղ իր ճակատագիրը որոշում են ուրիշները՝ նրան պարտադրելով աղէտաբեր եւ անդառնալի զիջումներ։
Ուկրաինային պարտադրւող «խաղաղութեան» սցենարը, գրեթէ նոյնն է, ինչ փորձում են հայութեանը պարտադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում նախաստորագրւած փաստաթղթի տեսքով։ Այն ինչը, որ ներկայացւում է որպէս «Թրամփի խաղաղութեան ուղի», իրականում նոյն այն ճանապարհն է, որով ստիպողաբար շարժւում է այսօր Ուկրաինան․ ճանապարհ, որի եզրագծիը նշւած չէ, եւ յստակ չէ, թէ որտեղ է աւարտւում խոստումը եւ որտեղ սկսւում պարտադրանքը։ Հայաստանին մատուցւող միջանցքային «խաղաղութիւնը», որքան էլ զարդանախշւած լինի տնտեսական առաջընթացի եւ բարգաւաճման խոստումներով, իր խորքում պարունակում է նոյն իրականութիւնը՝ արտաքին վերահսկողութեան տարածում, պետական ինքնիշխանութեան նոսրացում եւ անվտանգութեան համակարգի ողնայարի թուլացում։ Եւ քանի, որ այս նախագծի իրական շահառուները եւ նրանց նպատակները բնաւ էլ թաքնւած չեն, այն հայկական պետականութեան համար միանշանակ դառնալու է ոչ թէ դէպի զարգացում, այլ՝ դէպի կործանում տանող ուղի։
Տրամաբանութիւնը, որի շրջանակում ներկայացւում են Հայաստանին եւ Ուկրաինային պարտադրւող խաղաղութեան ծրագրերը, նոյնն է․ խաղաղութիւնը դառնում է վաճառքի ապրանք, եւ ապրանքի փոխարէն պահանջւում է ինքնիշխանութեան էական զիջում։ Երբ պետութիւնը համաձայնում է քայլել այս ճանապարհով առանց ուժային, իրաւական եւ ռազմավարական պատնէշների, յայտնւում է այնպիսի անդունդում, որտեղից դուրս գալը գրեթէ անհնար է։ Ուկրաինան այսօր յայտնւել է նմանտիպ իրավիճակում, իսկ Հայաստանը վտանգաւոր կերպով կանգնած է այդ ամէնի շեմին։
Խաղաղութիւնը ցանկալի է իւրաքանչիւր պետութեան համար, սակայն երբ այն կառուցւում է այլոց ցանկութեամբ եւ պարտադրած պահանջներով եւ ոչ սեփական ազգային կամքի ու հզօրութեան շնորհիւ, այն դառնում է ոչ թէ խաղաղութիւն, այլ՝ ինքզինք ցնդեցնող պատրանք։ Պետութիւնները չեն կարող ցանկալի խաղաղութեան հասնել եւ գոյատեւել միակողմանի զիջումների պայմաններում։ Եւ ով էլ լինի այդ խաղաղութեան կայացման միջնորդը՝ ԱՄՆ նախագահը, Եւրոպական Միութիւնը կամ որեւէ այլ ուժային կենտրոն, եթէ առաջարկը որպէս զիջում պահանջում է տարածքներ, ինքնիշխանութեան սահմանափակում, պաշտպանունակութեան, հոգեւոր, ազգային եւ քաղաքական զգօնութեան թուլացում՝ դրա դիմաց տալով միայն խոստում եւ «երաշխիք» բառը, ապա նման առաջարկը խաղաղութիւն չէ՝ այլ խորամանկօրէն կերպարանափոխւած պարտութիւն։
Եւ այս օրհասական պահին Հայաստանի համար խիստ վճռորոշ է գիտակցել, որ եթէ քայլելու է այլոց գծած ճանապարհային քարտէզով, ապա դրա արդիւնքը լինելու է աղէտաբեր։ Ուկրաինան այսօր ցոյց է տալիս Հայաստանին սպառնացող վտանգի ամբողջ խորութիւնը։ Մեր աչքերի առջեւ դասագրքային օրինակ է, թէ ինչ է տեղի ունենում, երբ պետութիւնը յենւում է բացառապէս արտաքին պատնէշին՝ մոռանալով, որ եթէ դրանք երբեւէ փլւեն, առաջինը հէնց ինքն է յայտնւելու դրանց փլատակների տակ։ Եւ մենք որպէս ազգ իրաւունք չունենք տրւելու նման ճակատագրի՝ ոչ մի պայմանով, ոչ մի պատճառաբանութեամբ, ոչ մի արտաքին պարտադրանքով։



