Ի՞նչ ազդեցութիւն է ունենում շրջակայ միջավայրը սիրտ-անօթային հիւանդութիւնների առաջացման վրայ ԵՄ-ում

ԵՄ-ում իւրաքանչիւր հինգերորդ մահ սիրտ-անօթային հիւանդութիւններից կարելի է կանխել՝ բարելաւելով շրջակայ միջավայրի վիճակը, նշւել է Շրջակայ միջավայրի եւրոպական գործակալութեան նոր հաշւետւութիւնում։
Սիրտ-անօթային հիւանդութիւնները մահւան ամենատարածւած պատճառն են ԵՄ-ում, վկայում են Սրտաբանների եւրոպական ընկերութեան տւեալները։
2022 թ. դրանցից մահացել է աւելի քան 1,7 մլն մարդ, ինչը կազմել է միութիւնում մահերի ընդհանուր թւի մէկ երրորդը, տեղեկացրել է Euronews-ը։
Սիրտ-անօթային հիւանդութիւնները դառնում են հաշմանդամութեան, վաղաժամ թոշակի անցնելու պատճառ, ինչը բացասաբար է ազդում կեանքի որակի վրայ եւ կրճատում է դրա տեւողութիւնը։
Եւրոպական յանձնաժողովի տւեալներով՝ սիրտ-անօթային հիւանդութիւնները ամէն տարի ԵՄ-ի վրայ աւելի քան 282 մլրդ եւրօ են նստում աշխատանքի արտադրողականութեան եւ տնտեսական արտադրութեան նւազման պատճառով։
Անձնական բնութագրերից բացի, ինչպիսին են տարիքը եւ հիւանդութիւնների ընտանեկան պատմութիւնը, սիրտ-անօթային հիւանդութիւնների առաջացման հարցում առանցքային դեր են խաղում շրջակայ միջավայրի գործօնները։
ԵՄ-ում այնպիսի գործօններ, ինչպիսին են օդի աղտոտւածութիւնը, ծայրայեղ ջերմաստիճանները եւ թունաւոր նիւթերը, դառնում են սիրտ-անօթային հիւանդութիւնների բոլոր մահերի մօտ 18 տոկոսի պատճառ։
Լեհաստանը (23,69 տոկոս) եւ Բուլղարիան (23,98 տոկոս) ԵՄ այն երկրներն են, որոնցում բնապահպանական ռիսկերի հետ կապւած սիրտ-անօթային հիւանդութիւններից մահւան բաժինն ամենամեծն է։
Ֆինլանդիաիւմ եւ Շւեդիաիւմ գրանցւել է ամենացածր բաժինը՝ 9,72 տոկոս եւ 10,01 տոկոս համապատասխանաբար։
Եւրոպական սրտաբանական ցանցի տւեալներով՝ օդի աղտոտւածութիւնը ԵՄ-ում սիրտ-անօթային հիւանդութիւններից տարեկան մահւան մօտ 8 տոկոսի պատճառն է։
PM2,5 մանրդիսպերսային մասնիկները, որոնք գոյանում են այնպիսի աղբիւրներից, ինչպիսին են աւտոմեքենաների արտանետումները, արդիւնաբերական գործընթացները եւ հանածոյ վառելիքի այրումը, ազոտի երկօքսիդն ու օզոնը, հիմնական աղտոտիչներն են՝ կապւած Եւրոպայում սիրտ-անօթային հիւանդութիւնների հետ։
2022 թ. Լեհաստանում (82,32 տոկոս) եւ Իռլանդիա՛ում (81,83 տոկոս) գրանցւել են վաղաժամ մահացութեան ամենաբարձր ցուցանիշները այդ մասնիկների ազդեցութեան պատճառով։
Ֆինլանդիայում եւ Էստոնիայում ցուցանիշներն ամենացածրն են՝ 5,48 եւ 11,21 տոկոս համապատասխանաբար։
Այդ աղտոտող նիւթերի երկարատեւ ազդեցութիւնը զգալիօրէն նպաստում է սիրտ-անօթային հիւանդութիւններից վաղաժամ մահւանն ու քրոնիկական հիւանդութիւններին, ներառեալ ինֆարկտները, ինսուլտները եւ սրտային անբաւարարութիւնը։
Ըստ գնահատականների՝ ԵՄ-ում ամէն տարի վաղաժամ մահերի 66 հազար դէպք կապւած է տրանսպորտային աղմուկի ազդեցութեան հետ, ընդ որում՝ դրանց աւելի քան 30 տոկոսը առաջանում է սիրտ-անօթային պատճառներով։
ԵՄ քաղաքականութիւնը եւ կանոնները՝ ուղղւած օդի աղտոտման դէմ պայքարին, արդիւնքներ են տալիս։ Այն նւազել է ողջ ԵՄ-ում, ինչը յանգեցրել է նրա հետ կապւած վաղաժամ մահերի թւի կրճատման։
Այնուամենայնիւ, ԵՄ բնակիչների 95 տոկոսը, յատկապէս քաղաքային շրջաններում, նախկինի պէս ենթարկւում է աղտոտւածութեան ոչ անվտանգ մակարդակների ներգործութեանը։
News.am



