Բենիամին Մատթէոսեան. «Հայաստանի ԱԳՆ-ն կրկին ստել է՝ Անկարան չի հրաժարւել իր ոչ մի նախապայմանից»
«Խաղաղութեան խաչմերուկը» չի կարող գոյութիւն ունենալ, եթէ դու գտնւում ես Չինաստանի, Իրանի եւ ՌԴ-ի թշնամիների ճամբարում
«ԱԼԻՔ» – Քաղաքագետ Բենիամին Մատթէոսեանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս ասւում է.
«Յուլիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որից յետոյ ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել, որում նշւում է, որ կողմերն ընդգծել են առանց նախապայմանների կարգաւորման գործընթացը շարունակելու պայմանաւորւածութիւնը։ Եւս մէկ անգամ նշենք, որ ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան՝ գործընթացը շարունակւելու է առանց նախապայմանների։
Սակայն արդէն օգոստոսի 1-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հաստատում է, որ Անկարայի դիրքորոշումը չի փոխւել, եւ առանց «Երեւանի եւ Բաքւի յարաբերութիւնների կարգաւորման», առանց կողմերի միջեւ «խաղաղութեան պայմանագրի» ստորագրման, Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացւի:
«Եթէ կարգաւորման գործընթացն աւարտւի, մենք կակտիւացնենք դրական սցենարը, այսինքն` կարող ենք բացել մեր սահմանային դարպասները»,-ասել է թուրք նախարարը «Sabah» թերթին:
Այսինքն, նոյնիսկ չարաբաստիկ «խաղաղութեան պայմանագիրը» ստորագրելուց յետոյ Անկարան կարող է կրկին չբացել սահմանը։ Սակայն նշենք, որ Ֆիդանի յայտարարութիւնը վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն պարզապէս ստել է ՀՀ քաղաքացիներին, երբ բոլորին համոզում էր, որ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը նախապայմաններ չունի։
Այսինքն՝ եթէ չկայ «խաղաղութեան պայմանագիր», ապա 100 տոկոս հաւանականութեամբ հայ-թուրքական բաց սահման նոյնպէս չկայ, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինեանի գլխաւոր քաղաքական նախագիծը՝ «Խաղաղութեան խաչմերուկը» կը մնայ չիրականացւած։
Խօսելով «Խաղաղութեան խաչմերուկ»-ի մասին պէտք է նշել, որ այս նախագծի հէնց անւանումը յուշում է՝ սկզբունքօրէն Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցութիւնները պէտք է օգտագործւեն բոլոր շահագրգիռ սուբիեկտները՝ ԱՄՆ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Չինաստանը, ԵՄ երկրներն ու Ռուսաստանը: Միայն այդ դէպքում նախագիծն իսկապէս կարելի է անւանել «խաչմերուկ»:
Այնուամենայնիւ, ի՞նչ ունենք մենք իրական կեանքում։
Ռւնենք մի իրավիճակ, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջէյմզ Օ’Բրայէնը յայտարարեց, որ Միջին Ասիայի երկրներին անհրաժեշտ է միջանցք Հայաստանով կամ Ադրբեջանով, որպէսզի իրենք կարողանան «մտնել համաշխարհային շուկաներ»՝ շրջանցելով Ռուսաստանը եւ Չինաստանը: Այսինքն՝ «Խաչմերուկ» կոչւող նախագիծն ուղղւած է Մոսկւայի եւ Չինաստանի դէմ։
Հայաստանի ԱԳՆ-ն, որը չմեկնաբանեց ամերիկացի դիւանագէտի յայտարարութիւնները, դրանով իսկ միայն հաստատեց, որ Փաշինեանը չի ձգտում ապաշրջափակել Հայաստանը, այլ միայն ձգտում է ՀՀ-ն դարձնել «վերբեռնման կէտ» թուրքական աշխարհի շրջանակներում, թուրքական միջանցքում։
Հայաստանն, առանց անվտանգութեան երաշխիքների, շատ ցինիկ կերպով ինտեգրւում է թուրքական աշխարհին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
Մտածէ՛ք այդ մասին…»։