ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Էհսան Մովահեդիան. «Ամերիկացիներն ուզում են իրենց տարրերին տեղաւորել Հայաստանի քաղաքական համակարգում»

Yerkir.am-ը զրուցել է միջազգային հարցերի իրանցի աւագ փորձագէտ, դոկտ Էհսան Մովահեդիանի հետ։

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին առաջին անգամ ուղիղ խօսեց «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ այն համարելով ի վնաս Հայաստանի։ Այս պարզ ու յստակ ձեւակերպումն ի՞նչ նշանակութիւն ունի։

Իրանի դիրքորոշումն ու հոգեւոր առաջնորդի արտայայտութիւնը նորութիւն չեն։ Մինչ այս Իրանն իր շահերի դիտանկիւնից էր զգուշացնում, որ սահմանների եւ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութիւն չի հանդուրժելու, իսկ հիմա բացատրում ենք, որ դա առաջինը հէնց ի վնաս Հայաստանի է լինելու։ Խօսքը բնաւ այն մասին չէ, որ մենք ուզում ենք այդ ճանապարհը մեր երկրով անցնի ու մենք տնտեսական շահ ունենանք, իսկ Հայաստանը ոչ։ Ուղիղ ասում ենք, որ եթէ այդ ճանապարհը Հայաստանով տրամադրւի, կապ չունի՝ դա ինչի անւան տակ ու ինչ պատրւակով կը լինի, վտանգելու է ՀՀ տարածքային ամբողջականութիւնը։

Այս հանդիպմանը հոգեւոր առաջնորդը մէկ անգամ եւս ցանկութիւն յայտնեց Հայաստանի հետ յարաբերութիւններն ընդլայնելու։ Տնտեսութեան ոլորտում երկու երկրները համագործակցում են, բայց աւելի կարեւոր ոլորտներում, որոնք Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանմանն են առնչւում, այդ թւում՝ անվտանգութեան եւ տեղեկատւութեան ոլորտներում։ Եթէ հաշւի առնենք Հայաստանի դէմ սպառնալիքները, ապա համագործակցութեան այս մասշտաբը բաւարար չէ։ Եթէ Հայաստանի իշխանութիւնն ուզում է օգնել Հայաստանի պահպանմանն ու պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականութիւնը, ապա պէտք է խորացնի Իրանի հետ յարաբերութիւնները։ Իրանն Հայաստանի միակ վստահելի հարեւանն է, իրական բարեկամ երկիր։ Ուստի ինչպէս Իմամ Խամենէին է նշել՝ Հայաստանը պէտք է առաջնորդւի սեփական շահերով, առանց հաշւի առնելու օտարների քաղաքականութիւնը։ Սա շատ կարեւոր է։ Նա ընդգծել է, որ պետութիւնները չպէտք է միջամտեն հարեւան երկրների յարաբերութիւններին։

Ամերիկացիները վերջին ամիսներին չարութիւն են անում, ակտիւացել են Հայաստանում, որպէսզի ներթափանցեն Հայաստանի ռազմական, անվտանգային ու հետախուզական համակարգեր։ Պաշտպանական ոլորտում թէպէտ սահմանափակ, բայց համագործակցում են, ներդրումներ են իրականացնում, փորձում են վերահսկել կապի ցանցերը, աշխատում են ՏՀՏ(ICT) ոլորտի վրայ։ Ջանք են գործադրում իրենց տարրերին տեղաւորել Հայաստանի քաղաքական համակարգում։ Մշակութային ոլորտի վրայ նոյնպէս աշխատում են, փորձում են թուլացնել ՀԱԵ-ն ու աղանդներ են քարոզում։

Ինչպէս դեսպան Սոբհանին է նշել՝ ԱՄՆ-ն, Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն ուզում են փչացնել Իրան-Հայաստան յարաբերութիւնները, իսկ Հայաստանի իշխանութիւնը պէտք է գիտակցի, որ դա ի վնաս իրեն է լինելու։

Հէնց այսօր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջէյմս ՕԲրայէնն է յայտարարել, որ ԱՄՆ-ն ցանկանում է բացել Ադրբեջանով եւ Հայաստանով անցնող ճանապարհ, որը կը շրջանցի ՌԴն եւ Չինաստանը։

Ակնյայտ է՝ ցանկացած գնով ուզում են իրականացնել այդ ծրագիրը։ Եթէ Հայաստանը համաձայնւի, ուրեմն տուժելու է։ Եթէ այդ միջանցքը ստեղծւի, անգամ կարճաժամկէտ կտրւածքով յանգեցնելու է Հայաստանի հիւսիսային շրջանների ժողովրդագրական պատկերի, մշակոյթի ու ինքնութեան փոփոխութեան։ Դրանով հող կը պատրաստեն Սիւնիքը Հայաստանից կտրելու համար։ Մենք կտրուկ դէմ ենք, քանի որ Հայաստանի բարեկամն ենք ու հաւատացած ենք, որ երկու երկրների հարեւանութիւնն է վերանալու, Հայաստանը յայտնւելու է շրջափակման մէջ ու խաթարւելու է ՀՀ գոյութիւնը։ Դա վտանգ է նաեւ Իրանի համար, քանի որ Իրանի թշնամիների մի լայն շրջանակ շրջափակման մէջ են դնելու Իրանին։

Իրանն ընդունա՞կ է դիմադրելու այս ծրագրին։

Իրանը ե՛ւ ընդունակ է, ե՛ւ ցանկութիւն ունի անելու դա։ Երկու զօրավարժութիւն է իրականացրել սահմանին ու փաստել, որ հաստատակամ է պաշտպանելու Հայաստանի հետ սահմանը։ Բազմիցս եմ նշել, որ եթէ երկու երկրները համատեղ զօրավարժութիւն անեն, կամ անցնեն ռազմավարական համագործակցութեան՝ անվտանգութեան եւ տեղեկատւութեան ոլորտներում ու հրաւիրեն Ռուսաստանին, Հնդկաստանին ու անգամ Վրաստանին՝ համագործակցելու, այդպիսով Հայաստանի պաշտպանութիւնը կը բարելաււի։ Հայկական կողմում այդ լրջութիւնը չենք տեսնում։ Հայաստանի իշխանութիւնները չպէտք է վախենան ԱՄՆ-ին անհանգստացնելու մտքից, ի վերջոյ գոյաբանական սպառնալիքների առջեւ էք կանգնած։

Յուլիսի 31-ի առաւօտեան Թեհրանում սպանւել է ՀԱՄԱՍի քաղաքական բիւրոյի ղեկավար Իսմայիլ Հանիէն։ Իսրայէլը հարւածներ է հասցնում Լիբանանին։ Սա մեծ պատերազմի նախերգա՞նք է։ Ի՞նչ է սպասւում։

Այաթօլլահ Խամենէին յայտարարութեամբ է հանդէս եկել, նշել, որ սիոնիստական ​​ոճրագործ ու ահաբեկչական ռեժիմը մեր տան ներսում նահատակեց մեր հիւրին եւ սգի մատնեց մեզ, բայց ճանապարհ հարթեց իրեն դաժանօրէն պատժելու համար։ Նա ընդգծել է, որ այս դառը եւ ծանր ողբերգութեան համար, որը տեղի ունեցաւ մեր հողի վրայ, մեր պարտքն ենք համարում վրէժ լուծել նրա արեան համար։ Պարզ է այս յայտարարութիւնից, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իրեն իրաւունք է վերապահում պատշաճ հակադարձել Դիմադրութեան առանցքի նշանաւոր դէմքերից մէկի սպանութեանը։

ՄԵՂՐԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ

Related Articles

Back to top button