Եկեղեցական արարողութեանց շարքին անցած վարդավառեան աւանդութիւնը, որը ամէն տարի Յիսուսի այլակերպութեան տօնին հրճւանքով է կրկնւում, մեր ազգի ներկայ կեանքում այնքան անհրաժեշտ է, ինչքան ազգային դաստիարակութեան այլ դասընթացքներ:
Եկեղեցիների շրջափակերից սկսեալ մինչեւ պողոտաներ ջրով են անձրեււում, իսկ հայրենի մեր երկրում, հրապարակներում հաւաքւած ամբոխները գրեթէ լողանում են հրշէջների ուժեղ գործիքների միջոցով, մինչ երիտասարդութիւները թոյլերով, իսկ երեխաները ջրախաղի զէնքերով իրար կը թրջեն:
2020 թ.-ից ի վեր, միջազգային գեր պետութիւնների սատանայական խաղերով անտիրացած մեր երկիրը, որը օգնութեան կարիք ունի այսօր, հազարաւոր երիտասարդ զաւակների մահւան դժբախտութիւնը կրեց, թշնամիների քրքջանքին արժանացնելով Հայաստան աշխարհը:
Միւս կողմից, հազար փառք Աստծուն, որ ցարդ պահպանւում է մեր հայրերի երկիրը՝ Հայաստան աշխարհը, բարի դրացնութիւն ունենալով Իրանի իսլամական հանրապետութեան հետ, որը դարերի հարեւանութեամբ իր ամուր բարեկամական կապերն է զօրացնում մեր երկրի հետ:
Քաղաքական բոլոր վերիվայրումները, միջազգային գերպետութիւնների ներքին շահերի վրայ հիմնւած, նրանց միջոցներով, փոքր ազգերի եւ պետութիւնների ճակատագրի հետ են խաղում, պատմական փորձանքների մատնելով նրանց: Սակայն, ամենակալ Աստծու հովանաւորութիւնը եւ տւեալ ժողովրդի հաւատքի կայունութիւնը, մեծ ոյժով են զօրացնում տկար ժողովրդի զաւակներին, յաղթանակի յոյսով ապրեցնելով նրանց:
Վարդավառի տօնը եթէ պատմական հին ժամանակներում պետական աւանդութեան մաս էր կազմում, երբ վարդերով ջուր էին սրսկում իրար վրայ, այսօր իրար վրայ դոյլերով ջուր թափելու սովորութեան է վերածւել, ներկայ ժամանակների դժբախտագոյն օրերում իսկ, խոր քնից իրար արթնացնելու միջոցի վերածելով այն…:
Այո՛, սովորական անցորդներ երբ թրջւում են, կամ անակնկալ «յարձակման» են ենթարկւում պատշգամբներից նրանց թրջող անձերի կողմից, ջղայնանում են եւ այլ կեցւածք որդեգրում: Դա անակնկալի հետեւանքով ստեղծւած կացութիւնն է, որը ցոյց է տալիս որեւէ ազգի տարբեր խմբակցութիւնների ինքնամտածելակերպն ու ինքնանպատակ ուղին:
Բայց՝
Իւրանքանչիւր ազգի զաւակները հաւաքական արթնութեան կարիք ունեն, իրենց պատմութեան տարբեր շրջաններում:
Յաղթանակներ նւաճած լինելու պահերն իսկ արբեցուցիչ բնոյթ ունեն, որոնք սեղանների շուրջը համախմբւած ազգակիցների համար մինչեւ իսկ մի պահ պապենական դարաւոր հողերին տիրացած լինելու երազին են արժանացնում բոլորին: Ահա վտանգաւոր պահերը ոչ միայն ինքնամոռացման, այլեւ ցարդ ձեռքբերւածը պահպանելու միջոցներին:
Ուրեմն՝
Մենք պիտի՛ ջուր թափենք իրար վրայ, մտապէս, հոգեպէս եւ ֆիզիկապէս արթնացնելու համար մեզ:
Մեզանից շատերը քնել են յուսահատութեան քնով. ուրիշները՝ թշնամուց վախենալու կեղծ քնով ապաստանել անկողնում. մի ուրիշ խմբակ՝ անցեալի հերոսական քայլերից ոգեւորւած, նոր մարտահրաւէրներով է համախմբում նոր սերնդին: Երկար են սոյն ցուցակի տարբերակները, որոնցից ամենացաւալին, մեր ազգութիւնից հեռանալու որոշումն է, որի տարբերակներից դժբախտագոյնը՝ հայրենիքից հեռանալու ողբերգական որոշումն է:
Ջո՛ւր թափենք իրար վրայ, արթնանալու եւ մեր երկիրը զօրացնելու համար:
Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 7, յուլիսի 2024 թ.)