Փեզեշքիան. «Մենք ցանկացած հակամարտութիւն վնասակար ենք համարում մեզ, տարածաշրջանի եւ աշխարհի համար»

«ԱԼԻՔ» – Իրանը, հիմնւելով գերագոյն առաջնորդի հրամանագրի վրայ, երբեք չի ձգտել միջուկային զէնք ստեղծել: Նախագահ Փեզեշքիանն այս մասին է յայտնել Նորւեգիայի վարչապետ Իւնաս Ստորտէնի հետ ունեցած հեռախօսազրոյցում:
Կիրակի՝ մարտի 9-ին տեղի ունեցած այս հեռախօսազրոյցի ընթացքում Փեզեշքիանն անդրադարձել է Իրանի եւ Նորւեգիայի լաւ յարաբերութիւններին, ինչպէս նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ երկու երկրների համագործակցութեան ոլորտներին, եւ գնահատել տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու Նորւեգիայի ջանքերը։
Նախագահն անդրադառնալով տարածաշրջանում եւ աշխարհում առկայ զարգացումներին եւ զգայուն պայմաններին՝ յիշեցրել է, որ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը միշտ ձգտել է տարածաշրջանում հաստատել խաղաղութիւն ու կայունութիւն եւ հնարաւորինս կանխել է պատերազմներն ու հակամարտութիւնները:
Ընդգծելով, որ Իրանը, հիմնւելով յեղափոխութեան առաջնորդի հրամանագրի վրայ, երբեք չի ձգտել ստեղծել միջուկային զէնք եւ միշտ է համագործակցել եւ կը շարունակի համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ:
Փեզեշքիանը միաժամանակ յիշեցրել է, որ Իրանը ուժգին պատասխան կը տայ իր ժողովրդի անվտանգութեան ու ազգային շահերին սպառնացող ցանկացած սպառնալիքի։
Նորւեգիայի վարչապետը եւս ընդգծել է, որ իր երկիրը ողջունում է տարածաշրջանում առկայ խնդիրների խաղաղ լուծումը եւ պատրաստ է այդ հարցում ցուցաբերել իր դրական օգնութիւնն ու աջակցութիւնը։