Էդւարդ Շարմազանով. «Ֆրանսիան յստակ հակահարւած է տալիս Փաշինեանի անհեթեթութեանը. դա անում է իր դեսպանի միջոցով»
«ԱԼԻՔ» – ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդւարդ Շարմազանովը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիւիէ Դըկոտինեի X-ի միկրոբլոգում կատարած վերջին թւիթին, որում նա հրապարակել էր Իրանի Արեւմտեան Ատրպատական նահանգի քարտէզն ու գրել էր. «Միակն ու անկրկնելին», անուղղակի հակադարձելով Բաքւի կողմից Արցախի օկուպացւած տարածքի եւ ՀՀ տարածքի մի մասն «Արեւմտեան Ադրբեջան» կոչելուն:
«Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախեւառաջ ապտակ էր Փաշինեանին։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիւիէ Դըկոտինեի գրառումն Իրանի նահանգներից մէկի՝ «միակ Արեւմտեան Ադրբեջան»-ի մասին մեծ արձագանգ ստացաւ։
Շատերը դա դիտարկեցին խօսք՝ ուղղւած Ադրբեջանին։
Բայց՝ ոչ…
Հաշւի առնելով Նիկոլ Փաշինեանի նոյեմբերի 22-ի հարցազրոյցում Արեւմտեան Հայաստան եւ «Արեւմտեան Ադրբեջան» հասկացութիւնների նոյնացման մասին անհեթեթ յայտարարութիւնը՝ կարելի է ենթադրել, որ այդ գրառման հասցէատէրը հէնց Փաշինեանն է։
Ֆրանսիան յստակ հակահարւած է տալիս Փաշինեանի անհեթեթութեանը։
Դա անում է իր դեսպանի միջոցով։
Յիշեցնեմ, որ ուղիղ 4 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախութիւնը։
Փաշինեանը ողջունեց այդ որոշումը, սակայն յանձնեց Արցախն Ադրբեջանին։
Հիմա էլ ուրանում է Արեւմտեան Հայաստանը…
Ուրացել է նաեւ Անկախութեան հռչակագիրը»,- գրել է նա: