Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ապագայ ընտրութիւնների մասնակիցներն ու նպատակները

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային» նախագծեր խումբ

 

ՀՀ գալիք ընտրութիւնների պատկերը հիմնական ուրւագծերով պարզ է։

Մեծ հաշւով, սա չի լինելու ընտրութիւն քաղաքական կուսակցութիւնների միջեւ, լինելու է պատկերացումների եւ ճանապարհի ընտրութիւն։

Իշխանութիւնը գնալու է ընտրութեան իր «Մեծարգոների ենթամշակոյթով», որը քաղաքական միաւոր չէ, եւ «Հայաստանը Էրդողանի տակ» ծրագրով։ Նրանց խնդիրը լինելու է՝ ընտրութեան շեմին ստանալ կենցաղային, առանց որեւէ յոյսի ու նպատակի հասարակութիւն։ Նա հայ ժողովրդին առաջարկելու որեւէ բան չունի։ Նա պետութիւնը տանելու է լիկւիդացիայի։ ՄԷԿ հոգու քարոզարշաւային գերխնդիրը լինելու է՝ մոռացութեան տալ իր կառավարման տարիները, ստիպել հասարակութեանը՝ մոռանալ նախորդ 4-5 տարին։

Ինչպէս է հնարաւոր կանգնեցնել այս մեքենան

«Մեծարգոների ենթամշակոյթի» դէմ պէտք է կանգնեն նոր խոշոր հանրային միաւորներ, որոնք կունենան ե՛ւ ժողովրդին ասելու-առաջարկելու բան, ե՛ւ ռեսուրսային հնարաւորութիւն։ Եւ որոնք ԱԺ-ում կարող են իրար հետ աշխատել՝ ձեւաւորել նոր կառավարութիւն։ Միայն այդպէս է հնարաւոր առաջիկայ քւէարկութիւնը վերածել ընտրութեան, եւ դա կը լինի գործող իշխանութեան աւարտը։

Չլինի ընտրութիւն՝ «Մեծարգոների ենթամշակոյթը» մեխանիկական քւէարկութեամբ կը մնայ իշխանութեան։

2021-ի քաղաքական պատկերն այլեւս չկայ, չարժի խաբել իրար եւ այլոց։ Հիմա մեծ հնարաւորութիւն կունենան նոր միաւորները՝ նոր բովանդակութեամբ, նոր դաշինքներով՝ առաջին հայեացքից անհաւանական թւացող, նոր խաղի կանոններով։ Ճիշտը աշխատանքը սա է։

Իսկ ինչո՞ւ է պէտք յաղթել ընտրութիւններում

2021-ի ժողովրդի սխալ ընտրութիւնը բերեց Արցախի կորստին։ 2026-ի (կամ գուցէ 2025-ի) սխալ ընտրութիւնը բերելու է Հայաստանի կորստին։ Սա Հայաստանում ապրել-չապրելու ընտրութիւնն է։ Պէտք է լրջանալ, կոնկրետանալ ու զբաղւել գործով. «մեծարգոներով» ապագայ հաստատ չկայ, նոր ասելիքով՝ կայ շանս։

Եւ վերջապէս ժամկէտների մասին

Տրամաբանօրէն՝ ընտրութիւնները պէտք է լինեն հերթական։ Միւս կողմից, ինչ-որ կարեւոր գործօն (կամ գործօններ) ՄԷԿ հոգուն շտապեցնում են։ Թէ ո՛ր գործօններն են՝ դժւար է յստակ ասել, կարելի է ենթադրել (ես ունեմ իմ մասնաւոր կարծիքը), բայց որ դա այդպէս է՝ ակնյայտ է։ Շատ կարեւոր է՝ չթողնել որոշումը այդ մէկ հոգուն։ Նոր միաւորների ստեղծումը պէտք է ինտենսիւացնել նաեւ այդ նպատակով, որպէսզի ընտրութիւններին չգնանք նրա օրակարգով, այլ՝ թելադրենք սեփական օրակարգ ու ազդենք պետութեան ընդհանուր օրակարգի վրայ։

Related Articles

Back to top button