ՀԱՏԻՍ
Էջիս վերջին համարով հրապարակւած «Տեղատւութիւն՝ առանց երգի» նիւթով փորձել էինք անդրադառնալ մշակոյթի ասպարէզում անզէն աչքերով երեւացող նահանջին ու տեղատւութեանը:
Իսկ այն մասին, որ համայնքային մեր արսենալը, յանձինս միութիւնների ու մշակութային կենտրոնների, արւեստի զարգացման ուղղութեամբ՝ ինչ քայլեր է ձեռնարկում, կամ առհասարակ ի զօրո՞ւ է քայլ վերցնել, պէտք է ուսումնասիրել հրապարակային աշխատանքներում ու իրականացւող նախագծերում:
Հէնց այդ շարքից էլ առաջինն է իր կողմը կանչում Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս»-ի բեմը: Արդէն երրորդ ամիսն է, ինչ «Կոմիտաս»-ում թատերական նախապատրաստական ընթերցումներ են տեղի ունենում՝ պատանի դերակատարների միջոցով: Խօսքը Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան մանկապատանեկան թատերախմբի մասին է, որն ինքն իրեն նետած հերթական մարտահրաւէրով փորձելու է վարակիչ ինքնապտոյտից խուսափել, հետն էլ քեզ զարմացնել քո իմացած պատմութիւններով:
Ներկայացումների ու համերգների կազմակերպման անշնորհակալ աշխատանքները մի կողմ թողած, նշենք, որ համերգասրահը հանդիսատեսով ապահովելը եւս մնում է դժւար թւացող աշխատանքների շարքում: Կողքից ի յայտ է գալիս նաեւ այն փաստը, որ մարդիկ պատրաստ չեն մշակութային արտադրանքի դիմաց վճարել: Դա երրորդ աշխարհի բնութագրերից մէկն է նաեւ: Աւելորդ կը լինի ասել, որ հայ հանդիսատեսը, եթէ ստիպւած է վճարել իրանական ներկայացում դիտելու դիմաց, ապա դրա համար գտնում է իր արդարացումները: Սակայն նոյն հանդիսատեսը գուցէ այլ մօտեցում է դրսեւորում հայկական բեմ բարձրացող ներկայացումների նկատմամբ, սկսած տոմսի գնից, վերջացրած այլ բաներով…
Այնուամենայնիւ, մեր այսօրւայ զրոյցը կարող է աւելի հաճելի ընթացք ունենալ հէնց Հ.Մ.Ա.Կ.-ի մանկապատանեկան շնորհաշատ երեխաների փորձերից արւած լուսանկարներով, որի հետ միասին ներկայացւած է նաեւ «ՆԱԶԱՐ 2024» ներկայացման բեմադրող Էրւին Գալստեանի հետ մեր ճեպազրոյցը:
«Կոմիտաս»-ի բեմի վարագոյրը շուտով իջնելու է մի քանի միլիոն ֆալովերներով «Նազար»-ի հերթական սխրագործութիւնների վրայ:
Էրւին Գալստեանի բեմադրութեամբ դերասանական պատանի կազմը, պատմութեան ժամանակակից էլեմաններով արդէն որերրորդ անգամ պատրաստւում է նւաճել հանդիսատեսի սիրտը:
Բեմադրիչն «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում որոշ փակագծեր բացելով նշեց, որ շնորհաշատ պատանիների խաղարկութիւնն այնպիսին է, որ հանդիսատեսը վարագոյրը բացւելուն պէս մոռանալու է, որ մանակապատանեկան խմբի ներկայացում է դիտում: «Դա բնականաբար, Յովհաննէս Թումանեանի հանճարն է նաեւ, որ խօսում է»,- ասում է երիտասարդ, բայց արդէն յայտնի բեմադրողը:
Ներկայացումն իր պատմողա-պատկերային լուծումներով պատրաստւում է մարտահրաւէր նետել չորրորդ պատ հասկացութեանը, յատկապէս այն առումով, որ հանդիսատեսը պատրաստ է հազար անգամ տեսած ու լսած պատմութիւնը դիտել բեմում, իսկ նոյն պատմութիւնով մեծացած ու դեռ մեծացող դերակատարները՝ բեմից նոր բան ասելու փորձով:
Էրւին Գալստեանի հետ թեհրանահայ հանդիսատեսն այլ առիթներով հասցրել է ծանօթանալ արդէն: Էրւինն աւելի սեղմ շրջանակի ակնոցից՝ դժւար ու ձանձրալի պատմութիւնների դերասան է: Մինչեւ այդ մեր լսարանը լսած կը լինի՝ բացասական դեր, կամ դրական կերպարի ձեւակերպումները, իսկ դժւար ու ձանձրոյթով ուղեկցւող դրութիւնների կերպարի մարմնաւորումը, մեծագոյն ռիսկերից է, որի քաշը յաջողութեամբ է կրել Էրւինը: Նոյն այդ շրջանակին ծանօթ է «Գնդապետ Ֆերէյդունի պատմութիւնը» ներկայացումը: Փակագծերը բացելով նշենք, որ շուրջ մէկ ժամ տեւողութեամբ այդ ներկայացմանն Էրւինը մարմնաւորում էր հանգստի կոչւած ռազմաօդային ուժերի օդաչուին, ով ձանձրոյթով համաձայնել էր հեռուստաալիքներից մէկին պրոպագանդային հարցազրոյց տալ…
Հեքիաթում մշակւած է յաւերժական թեման՝ մեր ժամանակների ամենաանբան ու վախկոտ մարդու մասին, որը բախտի բերմամբ իշխանութեան է հասնում։
«Նազար 2024»-ի բեմադրողը դերասանական կազմի մասին նշեց, որ շուրջ 18 պատանիներ, ընկերակցութեամբ՝ Հայաստանից Թեհրան վերադարձած մեր լաւ դերասաններից՝ Վարանդ Պետրոսեանի, ներկայացնելու են «Քաջ Նզար» հեքիաթը ժամանակակից էլեմանների սրամիտ ներմուծումներով ու լուծումներով:
Ներկայացման տարբեր հատւածներում հանդիսատեսն «Արարատ» պարախմբի սաների կատարումներով, Նազարի հետ միասին պոկւում է ժամանակից ու տեղափոխւում Էրւինի տարածութիւն, որտեղ դժւար կը լինի դիմադրել մեր այսօրը՝ պատմութեան հետ նոյնականացման հաճոյքին:
Այնուամենայնիւ, ինքը՝ բեմադրիչը «Առանց մեկնաբանութեան» թողնելով այս մասին տւածս հարցը, նշեց, որ թէեւ խուսափում է նման պատմութիւնները փոքրացնել այդօրինակ նմանութիւններով, կամ ժամանկի բերած ու ժամանակների տարած մարդկանցով, այնումաենայնիւ չի կարող ստիպել հանդիսատեսին, որպէսզի չմտածի կամ մտածի այլկերպ:
«Նազար 2024»-ը սպոյլ անելու կարիքը չունի: Այնպէս, որ, եթէ նոյնիսկ փորձելու լինես, ապա արածդ պատմութիւնը նոյնքան կրկնութիւն կը թւայ, ինչքան հանդիսատեսի համար տեսածը՝ նոր:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ