Հայաստան - Արցախ

ԵՊՀ դոցենտ. «Բռնապետի քմահաճոյքով «Հայաստանի պատմութեան» կիրառումը կեղծ հարցերի տեղիք է տալու»

Պատմական գիտութիւնների թեկնածու, քաղաքագէտ, Երեւանի Պետական համալսարանի դոցենտ Մենուա Սողոմոնեանն արձագանգել է իշխանութեան` կրթական չափորոշիչներում «Հայոց պատմութիւն» եզրոյթը «Հայաստանի պատմութիւն»-ով փոխարինելու նախաձեռնութեանը:

«Սիրելի հայրենակիցներ,

ԿԳՄՍ նախարարութիւնը հանրակրթութեան պետական չափորոշչում ցանկանում է «Հայոց պատմութիւն» կապակցութիւնը փոխարինել «Հայաստանի պատմութիւն» ձեւով, որի նպատակն է, իբր, ամրապնդել պետականութեան գաղափարը սովորողների շրջանում։

Այս առնչութեամբ ցանկանում ենք նշել, որ «Հայոց պատմութիւն» կապակցութիւնը իր մէջ պարունակում է թէ՛ Հայաստանի պատմութիւն, թէ՛ հայերի պատմութիւն հասկացութիւնների բովանդակութիւնը։

Չյաւակնելով մտնել լեզւաբանների դաշտը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ «հայոց» ձեւը ոչ միայն «հայեր» բառի սեռական հոլովի գրաբարեան տարբերակն է, այլ նաեւ «Հայք» բառի սեռական հոլովն է․ Հայք-Հայոց, որովհետեւ Հայք երկրանունն ինքնին նաեւ հայեր է նշանակում (Մոկք, Ուտիք եւ այլն)։

Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը հէնց «Հայքի պատմութիւն», այսինքն՝ Հայաստանի պատմութիւն իմաստն է արտայայտում։ Ուստի «Հայոց պատմութիւն» կապակցութիւնը լիարժէքօրէն իր մէջ պարունակում է Հայաստանի պատմութեան հանգամանքը, պետականամէտ իմաստ արտայայտող ձեւակերպում է։ Միեւնոյն ժամանակ, «Հայոց պատմութիւն» կապակցութիւնը նաեւ արտայայտում է Հայոց հայրենիքից ու պետութիւնից դուրս ապրող հայերի, ազգային կառոյցների պատմութիւնը։ Սփիւռքահայութիւնը, գաղութահայութիւնը անգնահատելի դեր են խաղացել իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդի ընթացքի վրայ, ուստի «Հայաստանի պատմութիւն» կապակցութիւնը կիրառելով հայոց պատմութեան այդ կարեւորագոյն մասերը դուրս են մնում։

«Հայաստանի պատմութիւն» կապակցութիւնը կիրառելը ոչ միայն յստակութիւն չի մտցնում դասընթացի անւանման բովանդակութեան մէջ, ինչպէս նշւում է նախագծի հիմնաւորման մէջ, այլեւ, ընդհակառակը, բազմաթիւ կեղծ հարցեր ու թէզեր առաջ քաշելու տեղիք է տալու․ ծաւալւելու են անպտուղ քննարկումներ, թէ ո՞րն է Հայաստանը (համոզւած եմ, մի օր այս կապակցութեամբ գլխաւոր ազգակործանը միտք է յայտնելու, թէ «պէտք է յստակեցնել, թէ ինչ է Հայաստանը»), հանգամանք, որ լիովին տեղաւորւում է թուրք-ադրբեջանական հակագիտական ու հակահայկական քարոզչական օրակարգերում։

Յայտնի է, որ խորհրդային ժամանակներում կիրառւում էր «Հայ ժողովրդի պատմութիւն» ձեւը։ Խորհրդային կարգերի վերացումից եւ Հայաստանի անկախացումից յետոյ հայ ականաւոր պատմաբանները (Լենդրուշ Խուրշուդեան, Հրաչիկ Սիմոնեան, Վլադիմիր Բարխուդարեան, Բաբկէն Յարութիւնեան եւ այլք) երկարատեւ ու բովանդակալից քննարկումներ են ունեցել եւ յանգել են հէնց այն մտքին, որ ճիշտը «Հայոց պատմութիւն» ձեւն է, որն իր մէջ պարունակում է թէ՛ պետականամէտ Հայաստանի պատմութեան, թէ՛ հայ ժողովրդի, հայ իրականութեան պատմութեան իմաստները։

Յատկանշական է, որ ԿԳՄՍ նախարարութեան այս տխրահռչակ նախաձեռնութիւնը մեկնարկեց այն բանից յետոյ, երբ դէ ֆակտօ վարչապետը միտք յայտնեց, որ «Հայոց պատմութիւն» ձեւակերպումը պէտք է փոխարինել «Հայաստանի պատմութիւն» ձեւակերպմամբ։ Սա եւս մէկ անգամ խօսում է այն մասին, որ Հայաստանում բռնապետութիւն է, որ պետական ինստիտուտները շարժւում են բռնապետի քմահաճոյքով։

Առաջարկում եմ հանրային քննարկումների այս փուլում լինել ակտիւ, մտնել իրաւական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք (https://www.e-draft.am/projects/6771/about) եւ դէմ քւէարկել այս նախագծին։ Շատ օգտակար կը լինի նաեւ առաջարկութիւնների բաժնում համապատասխան հիմնաւորումներով ներկայացնել առաջարկութիւն՝ հանրակրթութեան չափորոշչում Հայոց պատմութիւն ձեւակերպումն անփոփոխ թողնելու մասին։ Մեր ակտիւութիւնից կախւած է հակազգային այս նախաձեռնութեան տապալումը»,- գրել է նա:

Yerkir.am

Related Articles

Back to top button