ԻՒՆԵՍԿՕ-ն մտահոգւած է ԼՂ-ում մշակութային արժէքների ոչնչացման մասին ստացւող զեկոյցներով
«ԱԼԻՔ» – Լեռնային Ղարաբաղն արդէն երկար տարիներ է, ինչ գտնւում է ԻՒՆԵՍԿՕ-ի ուշադրութեան կենտրոնում. կառոյցը մտահոգւած է տարբեր ծագում ունեցող տարբեր տեսակի մշակութային արժէքների ենթադրեալ ոչնչացման մասին զեկոյցներով։
«Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին յայտարարել է ԻՒՆԵՍԿՕ-ի Մշակոյթի եւ Արտակարգ իրավիճակների կազմակերպութեան տնօրէն, 1954 թւականի Հաագայի կոնւենցիայի եւ դրա երկու արձանագրութիւնների (1954 եւ 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատը։
Անդրադարձ կատարելով հարցին, թէ ո՞րն է ԻՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումն այն հարցի շուրջ, որ 2023 թւականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դէմ սանձազերծւած ռազմական ագրեսիայից յետոյ Ադրբեջանն ամբողջութեամբ իր տիրապետութեան տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի տարածքը եւ սկսեց համակարգւած կերպով ոչնչացնել տեղի հայկական մշակութային ժառանգութիւնը՝ Պիկատը պատասխանել է.
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն արդէն երկար տարիներ գտնւում է ԻՒՆԵՍԿՕ-ի ուշադրութեան կենտրոնում։ Մենք ստացել ենք զեկոյցներ բոլոր շահագրգիռ կողմերից տարբեր ծագում ունեցող, տարբեր տեսակի եւ տարբեր մշակութային արժէքների ենթադրեալ ոչնչացման մասին։ Ահա թէ ինչու է ԻՒՆԵՍԿՕ-ն մտահոգութեամբ վերահսկողութեան ներքոյ պահում իրավիճակը»։
Նա մանրամասնել է, որ ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէնը եւս տեղի ունեցած վերջին հակամարտութեան ժամանակ ցանկութիւն է յայտնել ԻՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելութիւն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, ինչպէս նաեւ հասկանալ կարիքներն ու այն, թէ ինչպէ՞ս ԻՒՆԵՍԿՕ-ն կարող է օգնել պահպանել եւ պաշտպանել այս բազմազան ժառանգութիւնը:
«Առաքելութիւն ուղարկելու, դրա կազմի, ինչպէս նաեւ այն մասին, թէ ո՞րն է լինելու առաքելութեան առանցքը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարւել ամենաբարձր մակարդակով: Այժմ, երբ իրավիճակը փոխւել է, այս առաքելութիւնն այլեւս չի կարող ուղարկւել Հաագայի 1954 թւականի «Զինւած բախումների դէպքում մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» կոնւենցիայի համաձայն: Մենք հիմա Ադրբեջանի իշխանութիւնների հետ քննարկում ենք, թէ ինչպէ՞ս կարող ենք աջակցել նրանց»,- ասել է Քրիստա Պիկատը։
Նա յաւելել է՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը ստիպւած է եղել փախուստի դիմել եւ հաստատւել Հայաստանում, նախորդ տարի ԻՒՆԵՍԿՕ-ն գլխաւոր տնօրէնի մշակոյթի գծով օգնականի գլխաւորութեամբ առաքելութիւն է ուղարկել Հայաստան՝ առաջարկելու կառոյցի աջակցութիւնն ու օգնութիւնը եւ համոզւելու, որ նրանց կարիքները բաւարարւում են ինչպէս կրթական, այնպէս էլ սոցիալ-հոգեբանական առումներով։
«Բացի այդ, ուղարկւած առաքելութիւնը նաեւ փորձել է հասկանալ, թէ ինչպէ՞ս կարող ենք աջակցել, օրինակ, ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանմանը, այն կենդանի ժառանգութեան պահպանմանը, որն ունեն այս համայնքները։ Մեզ համար շատ կարեւոր է, որ համայնքն իրականում քննարկի, թէ որոնք են իր սովորոյթներն ու աւանդոյթները, որոնք պահպանելու կարիք ունի»,-նշել է Քրիստա Պիկատն՝ ընդգծելով, որ անհրաժեշտութեան դէպքում, եթէ կան աւանդոյթներ, որոնք անհետացման եզրին են, կարելի է նաեւ միջոցներ փնտրել, թէ ինչպէս պահպանել դրանք։
Նրա խօսքով՝ ԻՒՆԵՍԿՕ-ն շատ է ցանկանում աշխատել այս համայնքների եւ, իհարկէ, իշխանութիւնների հետ՝ մշակոյթի ոլորտում ԻՒՆԵՍԿՕ-ի նորմատիւ գործիքների շրջանակում հնարաւոր աջակցութիւն ցուցաբերելու համար:
Անդրադառնալով հարցին, թէ հնարաւոր համարո՞ւմ է արդեօք, որ Ադրբեջանի իշխանութիւնները թոյլ կը տան ԻՒՆԵՍԿՕ-ի դիտորդական խմբին ծանօթանալ եւ վերահսկողութեան տակ պահել հայկական այն մշակութային ժառանգութիւնը, որը դարեր ի վեր գոյութիւն է ունեցել Լեռնային Ղարաբաղում, կրկնել է, որ կառոյցը քննարկումների մէջ է Ադրբեջանի իշխանութիւնների հետ։
«Կը ցանկանայի նաեւ նշել, որ այժմ 1954 թ. Հաագայի կոնւենցիան ունի մոնիտորինգի ժամանակաւոր մեխանիզմ, որը կարող է գործարկւել ցանկացած անդամ պետութեան կողմից: Այնպէս որ, դա նաեւ անդամ երկրների եւ կոմիտէի որոշումն է, թէ ԻՒՆԵՍԿՕ-ն ինչպէ՞ս կարող է ներգրաււել եւ աջակցել երկրներին»,- եզրափակել է ԻՒՆԵՍԿՕ-ի Մշակոյթի եւ Արտակարգ իրավիճակների կազմակերպութեան տնօրէնը։