ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիանը՝ Երեւանի Կենսաբազմազանութեան մասին կոնւենցիայի 17-րդ համաժողովի գագաթնաժողովում. «Պատերազմի եւ պատժամիջոցների բնապահպանական հետեւանքների բեռը չպէտք է միայն կրեն տուժած երկրները»

Նախագահ Փեզեշքիանը Երեւանում կազմակերպւած Կենսաբազմազանութեան մասին կոնւենցիայի 17-րդ համաժողովի առաջնորդների գագաթնաժողովում, պատերազմների բնապահպանական հետեւանքները որակել է «էկոցիդ» (բնապահպանական ցեղասպանութիւն)։

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած Կենսաբազմազանութեան մասին կոնւենցիայի կողմերի 17-րդ համաժողովի առաջնորդների գագաթնաժողովում, միջազգային հանրութեանը կոչ է արել գործուն, թափանցիկ եւ գործադրելի մեխանիզմներ ստեղծել զինւած հակամարտութիւնների ընթացքում բնական ժառանգութիւնն ու կենսաբազմազանութիւնը պաշտպանելու համար։

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծւած իրավիճակին Փեզեշքիանն ԱՄՆ-ին եւ Իսրայէլին մեղադրել է տարածաշրջանում սանձազերծւած պատերազմների համար նշելով, որ ռազմական գործողութիւններն ու արդիւնաբերական եւ էներգետիկ կառոյցներին հասցւած հարւածները հանգեցրել են հրդեհների, մարդկային կորուստների, ենթակառուցւածքների աւերման, անտառների այրման, ջրաճահիճների ոչնչացման, հողի ու ջրի աղտոտման եւ կենդանական աշխարհի բնակավայրերի ոչնչացմանը։ Նա տեղի ունեցածը որակել է որպէս «էկոցիդ»:

Նախագահը նաեւ ընդգծել է, որ բնապահպանական խնդիրները չեն սահմանափակւում պետական սահմաններով, ուստի պատերազմի հետեւանքով առաջացած աղտոտումն ու էկոհամակարգերի վնասումը պահանջում են միջազգային համագործակցութիւն։

Փեզեշքիանի խօսքով Իրանը միաժամանակ բախւում է կլիմայի փոփոխութեան, երաշտի, ջրային պաշարների պակասի եւ անապատացման մարտահրաւէրներին, իսկ տնտեսական պատժամիջոցներն ու տեխնոլոգիաների եւ ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիութիւնը դժւարացնում են բնապահպանական ծրագրերի իրականացումը։

Փեզեշքիանը կոչ է արել ՄԱԿ-ի կառոյցներին, միջազգային ֆինանսական հաստատութիւններին եւ բնապահպանական կազմակերպութիւններին ամրապնդել վնասների գնահատման, տուժած էկոհամակարգերի վերականգնման եւ պատերազմների բնապահպանական հետեւանքները կրող երկրներին աջակցելու մեխանիզմները։

Եզրափակելով իր խօսքը Փեզեշքիանը կենսաբազմազանութեան պահպանումը բնորոշել է որպէս «խաղաղութեան դիւանագիտութեան» կարեւոր ուղղութիւն, պատրաստակամութիւն յայտնելով Իրանի գիտական եւ մասնագիտական կարողութիւնները ծառայեցնել միջազգային համագործակցութեանը։

Related Articles

Back to top button