Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Ռուստամեան. «Կանգ առէ՛ք, այսպէս շարունակել չի կարելի»

«ԱԼԻՔ» – «Իրական եւ պատմական Հայաստան ձեւակերպումը հրապարակ բերւեց պառակտիչ իր բնոյթով ձեր ղեկավարի (Նիկոլ Փաշինեան-ԽՄԲ.) կողմից, բայց պէտք չէ պապից պապական դառնալ եւ շարունակել այդ միտքը զարգացնել»: Նոյեմբերի 13-ին, ՀՀ ԱԺ-ում 2025 թւականի բիւջէի նախագծի քննարկման ժամանակ յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ դիմելով ՔՊ-ականներին։

Ըստ նրա՝ Սահմանադրութեամբ ՀՀ կառավարութիւնը բոլոր քաղաքացիների շահերը պէտք է պաշտպանի, հիմա պարզւում է՝ ինչ-որ նոր կատեգորիա կարող է առաջանալ՝ «իրական Հայաստանի քաղաքացի»։

«Պարզ հարց է առաջանալու՝ ՀՀ ո՞ր քաղաքացիներն են կառավարութեան համար համարւելու իրական Հայաստանի քաղաքացիներ, որոնք՝ ոչ։ Այս առումով սա շատ խորը գնացող հետեւութիւնների տեղիք է տալիս՝ ինչպէս է դա տարանջատւելու: Եթէ ՀՀ քաղաքացին եւ իրական Հայաստանի քաղաքացին նոյնն է, այդ դէպքում ինչո՞ւ էք «իրական» բառը մէջտեղ բերել: Իսկ եթէ նոյնը չէ, իսկ ձեր յայտարարութիւններից հետեւում է, որ դրանք այնքան էլ նոյնը չեն, այդ դէպքում պէտք է մարդիկ հասկանան՝ ո՞նց են յայտնւելու իրական Հայաստանի քաղաքացիների կարգավիճակում, որ օգտւեն կառավարութեան ծրագրերից եւ որոշումներից:

Ձեր յայտարարութիւններից բխում է, որ, օրինակ, Հայաստանի այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, պրոբլեմ են ունենալու, որովհետեւ Արարատը պէտք է արագ փոխարինւի, առնւազն, Արագած լեռով:

Եթէ, օրինակ, արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութիւնը ու հասնեն այն տողին, որ «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ, որպէս անհաս փառքի ճամփայ` ես իմ Մասիս սարն եմ սիրում», կասեն` ո՞նց թէ քո Մասիս սարը: Ո՞վ ասաց, որ Մասիս սարը քոնն է, իսկ եթէ ուզում ես շատ արտայայտել քո սէրը Մասիսի նկատմամբ, ասա, որ «ես թուրքերի Մասիս սարն եմ սիրում», կը լինի շատ ճիշտ, խնդիր չի առաջացնի հարեւանների հետ»,- ասել է Ռուստամեանը:

Նա շարունակել է, որ եթէ որեւէ մէկը համարձակութիւն ունենայ ու ասի, որ Ղազանչեցոցը, Ամարասը, Դադիվանքը հայկական եկեղեցիներ են եւ ստեղծւել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն անգամ չկար` լուրջ պրոբլեմ է ունենալու Ադրբեջանի հետ ու «իրական Հայաստան»-ի համար առաջացնելու է սպառնալիքներ։

«Կանգ առէ՛ք, այսպէս շարունակել չի կարելի։ Մեր ժողովուրդը պէտք է կողմնորոշւի՝ պատրաստւո՞ւմ է այս ստուգատեսն անցնի՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եւ իրական Հայաստանի քաղաքացի հասկացութիւնների մէջ, թէ՝ ոչ։ Սա արդէն մեր ժողովրդի որոշելու հարցն է»,- իր խօսքը եզրափակել է Արմէն Ռուստամեանը:

Related Articles

Back to top button