Լէո Բոկերիա. Ռոբոտները երբեք լիովին չեն փոխարինի վիրաբոյժին
Ռոբոտները երբեք լիովին չեն փոխարինի վիրաբոյժին, ասում է ռուսաստանցի յայտնի սրտաբան, ՌԴ առողջապահութեան նախարարութեան Ա. Ն. Բակուլիովի անւան սրտանօթային վիրաբուժութեան ազգային բժշկական հետազօտական կենտրոնի նախագահ, Լէո Բոկերիան: Դրա մասին նա յայտարարել է վերջերս Մոսկւայում անցկացւած «Ստեղծելով ապագան» ֆորումի մամուլի մօտեցման ժամանակ։
Նա յաւելել է, որ ռոբոտներն ու արհեստական բանականութիւնը կարող են բարձրորակ օգնականներ լինել եւ օգնել մասնագէտներին, ինչպէս ժամանակին եղաւ մեքենաների եւ համակարգիչների դէպքում։ «Վստահ եմ, որ արհեստական բանականութիւնը կը գտնի իր տեղը, եւ այն կը կիրառւի, նոր սարքաւորումներ էլ կը յայտնւեն»,-ասել է նա։
Վիրաբոյժը նշել է, որ ներկայում սրտանոթային վիրաբուժութեան համար մեծ մարտահրաւէրներ չկան, քանի որ առկայ տեխնիկան եւ սարքաւորումները հնարաւորութիւն են ընձեռում բուժել ցանկացած հիւանդութիւն։ «Ես խօսում եմ ոչ թէ ուռուցքաբանութեան, այլ սրտանօթային հիւանդութիւնների մասին: Ուրիշ բան, որ երբեմն մարդիկ այն աստիճան բարձիթողի վիճակի են հասցնում սեփական առողջութիւնը, որ ստիպւած ես լինում արհեստական սիրտ կամ դոնորային սիրտ փոխպատւաստել: Այ հէնց դա չպէտք է թոյլ տալ, իսկ մնացած ամէն ինչ կարելի է տարրական ձեւով եւ շատ լաւ արդիւնքներով բուժել: Կատարելապէս զարգացած է արեան արհեստական շրջանառութիւնը, անթերի մշակւած է անեսթեզիոլոգիան։ Հիանալի է մշակւել յետվիրահատական փուլը»,-ասում է բժիշկը։
Լէո Բոկերիան յիշեցրել է, որ ժամանակին ԽՍՀՄ-ում ստեղծւել են առաջին արհեստական արեան շրջանառութեան սարքերը, եւ ներկայում Ռուսաստանում սրտի վիրահատութեան բարձր մակարդակը պահպանւում է։ Եւ ամբողջ աշխարհում բժշկութեան այս ոլորտն ամենազարգացածներից է. կատարւում են բոլոր տեսակի վիրահատութիւններ, ներառեալ՝ սրտի փոխպատւաստում։
Պատասխանելով հարցին, թէ արդեօք մարդկութիւնը կը հասնի՞ բժշկութեան այնպիսի մակարդակի, որ հրաժարւի սրտի փոխպատւաստումից, սրտային վիրաբոյժը նշեց, որ առայժմ դա միայն «երեւակայութիւն» է։ «Այո, դա ֆանտազիա կը լինի, քանի որ մարդ ինչպիսին էլ որ լինի, մի մարդ ամէն ինչ ժամանակին է անում, մինչդեռ միւսն անում է ամենավերջում։ Հետեւաբար, փոխպատւաստման թեման միշտ հրատապ կը լինի: Սա մէկ, երկրորդ՝ մարդը ծնւում է սրտի բնածին արատով, մի բան, որ վիրահատական միջամտութեամբ անհնար է շտկել, այդ դէպքում փոխպատվաստումից բացի ոչինչ անել չի լինի»,-ասում է բժիշկը։
«Ապրելու արւեստի գաղտնիքն», ըստ Բոկերիայի, «ուրախութեան» մէջ է, ցաւին ու անյաջողութեանը դիմակայելու ունակութեան եւ մարդկային որակները պահպանելու մէջ: «Ամենակարեւորն այն է, որ մարդը կրթւած լինի, իսկ դա մեզանում լիովին բաւարարում է եւ շատ բարձր մակարդակի վրայ է: Փորձէք այնպէս անել, որ ձեր երեխաները կրթւած լինեն, որ նրանք անպայման բարձրագոյն կրթութիւն ստանան, կարեւոր չէ՝ ինչ մասնագիտութեամբ: Եւ այդ ժամանակ նրանք կը սիրեն կարդալ, գեղարւեստական կերպարներ կը մտապահեն, դա բոլորովին ուրիշ մարդ կը լինի»,- նշել է ականաւոր վիրաբոյժը։
News.am