ՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանում իր աշխատանքը կը սկսի Թուրքիայի նոր դեսպանը

Նա հակահայկական գործունէութեամբ աչքի ընկնող անցեալ ունի

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը տեղեկացրել է, որ փետրւարի 1-ից Ադրբեջանում իր աշխատանքը կը սկսի Թուրքիայի նոր դեսպանը՝ Բիրոլ Աքգիւնը, որն աչքի է ընկնում իր ընդգծւած հակահայկական գործունէութեամբ:

«Վաղւանից (փերտրւարի 1-ԽՄԲ.) Ադրբեջանում իր աշխատանքը կը սկսի Թուրքիայի նոր դեսպանը՝ Բիրոլ Աքգիւնը։ Դեսպան Բ. Աքգիւնը մեզ համար ունի հետաքրքիր կենսագրութիւն։

Նախ նշեմ, որ Աքգիւնը մինչ այս երբեւէ դիւանագիտական ծառայութիւն չի իրականացրել։ Մինչ դեսպան նշանակւելը գլխաւորել է Թուրքիայի «Լուսաւորութեան հիմնադրամը» (Maarif Vakfı)։

Այն պետութեան հովանու ներքոյ գործող կառոյց է, որը կրթական ծրագրերի միջոցով իրականացնում է Թուրքիայի ազդեցութեան տարածումը մի շարք տարածաշրջաններում։ Այլ բառերով՝ այս հիմնադրամը թուրքական «փափուկ ուժի» գլխաւոր գործիքներից է։ Հաշւի առնելով այն, որ Ադրբեջանի հետ Թուրքիայի յարաբերութիւնների գլխաւոր համակարգումն իրականացնում են ուժային կառոյցները, հաւանաբար դեսպանը, իր ունեցած փորձով, բացի դիւանագիտական կապերից, պէտք է աշխատի նաեւ ադրբեջանական հասարակութեան շրջանում թուրքականութեան շարունակական ընդլայնման հարցերով։

Համալսարանական դասախօս, քաղաքագէտ Աքգիւնը ունի նաեւ հակահայկական գործունէութեամբ աչքի ընկնող անցեալ։

Այսպէս, նա բաւական երկար զբաղւել է Հայոց Ցեղասպանութեան պատմութեան կեղծմամբ, հայ-թուրքական յարաբերութիւնների հիմնահարցերով։ Նա յաճախ հանդէս է եկել ժխտողականութեան նպատակ հետապնդող խորհրդաժողովներին, սեմինարներին, նրա ղեկավարութեամբ գրւել են թէզեր (օրինակ՝ «Հայկական սփիւռքի ազդեցութիւնը թուրքական արտաքին քաղաքականութեան վրայ»)։

Բոլոր իմաստներով՝ հետաքրքիր նշանակում է։ Ինչպէս նաեւ մեզ հետ «խաղաղութեան» պատրաստւելու եւս մէկ «առհաւատչեայ»»,- սոցցանցերի իր հարթակներում գրել է Գեղամեանը:

Related Articles

Back to top button