Հայաստան - ԱրցախՀայաստան - ԱրցախՄիջազգայինՄիջազգայինՏնտեսականՔաղաքական

Զախարովա. «Հայաստանից արտահանումը, ԵԱՏՄ-ից դուրս գալու դէպքում, կարող է նւազել 80%-ով եւ յանգեցնել տոտալ աղքատացման»

«ԱԼԻՔ» – «Եւրամիութեան (ԵՄ) հետ Հայաստանի յարաբերութիւնների զարգացումը Երեւանի ինքնիշխան իրաւունքն է, բայց դա կը յանգեցնի ԵԱՏՄ շրջանակում արտօնութիւնների եւ օգուտների կորստի»։ Այս մասին ըստ լրագրողների հետ ճեպազրոյցում յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ հիմա Հայաստանը կոնկրետ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից: Հաղորդում է Yerevan.today-ը՝ վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ներին:

Նա ՀՀ իշխանութիւններին խորհուրդ է տւել՝ վերլուծել, թէ ինչ հետեւանքներ են ունենալու նման քայլերը: Ըստ Զախարովայի՝ խօսքն առաջին հերթին ԵԱՏՄ ահռելի շուկայի կորստի եւ տասնամեակներով հաստատւած առեւտրային շղթաների ցաւոտ խզման մասին է:

«Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանից արտահանումը, ԵԱՏՄ-ից դուրս գալու դէպքում, կը նւազի 80 տոկոսով եւ անհնար կը լինի կորուստները փոխարինել այլընտրանքային աղբիւրներով նոյնիսկ միջնաժամկէտ հեռանկարում»,- կանխատեսել է Զախարովան։

Նրա խօսքով՝ Երեւանի եւ ԵՄ-ի միջեւ յարաբերութիւնների զարգացումը հարւած կը լինի Հայաստանի զարգացմանը եւ կարող է յանգեցնել տոտալ աղքատացման։

Զախարովան նաեւ յիշեցրել է, որ 2024 թւականին ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ Հայաստանի առեւտուրը զգալիօրէն նւազել է եւ մօտաւորապէս 6 անգամ պակաս է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառութիւնից։

Յիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովը դրական եզրակացութիւն է տւել «Եւրոպական միութեանը Հայաստանի Հանրապետութեան անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրէնքի նախագծին։ Հարցը կընդգրկւի առաջիկայ ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ, որը կը մեկնարկի փետրւարի 11-ից:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկն այս առնչութեամբ յայտարարել է, որ Երեւանը գիտի, որ Հայաստանի անդամակցութիւնը Եւրամիութեանը կը յանգեցնի Եւրասիական տնտեսական միութիւնից (ԵԱՏՄ) դուրս գալուն եւ Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։

«Այստեղ լուծումը շատ ակնյայտ է. Եւրամիութեան հետ շուկաների բացումը կը նշանակի Եւրասիական տնտեսական միութեան հետ շուկաների փակում, այլապէս կը տուժեն Եւրասիական տնտեսական միութեան մեր արտադրողները»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

Նա պարզաբանել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրոյքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կը նշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին»։

«Մեզ համար ազդակ է, որ ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է, սա միանգամայն ակնյայտ է ցանկացածի համար, ով մի փոքր ծանօթ է այս 2 ինտեգրացիոն ասոցիացիաներին։ Այստեղ նրանք (հայկական կողմը) միանգամայն յստակ գիտեն, որ հետեւանքներն այսպիսին են լինելու: Այստեղ ոչ ոք չպէտք է պատրանքներ ունենայ։ Իսկ այն մարդիկ, որոնք հիմա ՀՀ-ում ընթացող քննարկումներում պնդում են, թէ իբր հնարաւոր կը լինի ինչ-որ լուծում գտնել, նրանք, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին»,- ասել է Օվերչուկը»։

Օվերչուկը նշել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցութեան գործընթացը երկար է լինելու եւ կոչ է արել սպասել այս հարցով Հայաստանի խորհրդարանում լսումների արդիւնքներին։

Related Articles

Back to top button