Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի՝ ընդդէմ ԱԱԾ-ի հայցերը բաւարարւել են

ՀՀ վարչական դատարանը պարտաւորեցրել է ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեանը Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի վերաբերեալ տւեալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկից։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գրասենեակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:
«Այսօր (յունւարի 22-«ԱԼԻՔ») Վարչական դատարանը բաւարարել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի եւ ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Մասիս Աբրահամեանի դատական հայցերն ընդդէմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտաւորեցնելով ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեանը Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի վերաբերեալ տւեալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների բանկից»,- գրել է պատգամաւորը։
Յիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ը Մուրադ Փափազեանի եւ Մասիս Աբրահամեանի անուններ ներառել էր ՀՀ տարածքում անցանկալի համարւող օտարերկրացիների տւեալների ցանկում: Տեւական ժամանակ, նրանց մուտքն ՀՀ տարածք արգելւած էր: