Իրաւագէտը ԱՄՆ-ին մեղադրում է 40-օրեայ պատերազմի ընթացքում միջազգային իրաւունքի կոպիտ խախտումների մէջ

Դոկտ. Ահմադ Քազեմին պնդում է, որ քաղաքացիական ենթակառուցւածքների թիրախաւորումը, արգելւած զինատեսակների կիրառումն ու շրջակայ միջավայրին հասցւած վնասները կարող են դիտարկւել որպէս պատերազմական յանցագործութիւնների հիմք։
Իրանում «Ամերիկեան մարդու իրաւունքների շաբաթւայ» առիթով հրապարակւած յօդւածում միջազգային իրաւունքի մասնագէտ դոկտ. Ահմադ Քազեմին յայտարարել է, որ 1404 թւականի 40-օրեայ պատերազմի ընթացքում Միացեալ Նահանգների եւ Իսրայէլի գործողութիւնները պարունակել են միջազգային մարդասիրական իրաւունքի, մարդու իրաւունքների եւ բնապահպանական իրաւունքի բազմաթիւ խախտումների յատկանիշեր։ Հեղինակը պնդում է, որ քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, հիւանդանոցների, կամուրջների, էներգետիկ եւ այլ ենթակառուցւածքների թիրախաւորումը հակասում է Ժնեւի կոնւենցիաներով ամրագրւած տարբերակման եւ նախազգուշացման հիմնարար սկզբունքներին։
Քազեմին յատուկ անդրադարձ է կատարել նաեւ Լամերդում եւ Մինաբում իրականացւած հարւածներին, պնդելով, որ կիրառւած միջոցներն ու դրանց հետեւանքով առաջացած քաղաքացիական զոհերը կարող են դասւել որպէս պատերազմական յանցագործութիւններ։ Նա նաեւ մեղադրել է Վաշինգտոնին բնապահպանական իրաւունքների խախտման մէջ՝ նշելով նաւթային ենթակառուցւածքների վրայ հարւածների հետեւանքով առաջացած լայնածաւալ աղտոտումը։
Յօդւածում նշւում է նաեւ, որ առկայ միջազգային փաստաթղթերն ու մի շարք իրաւաբանների հրապարակային դիմումները կարող են հիմք ծառայել պատասխանատուների նկատմամբ միջազգային իրաւական գործընթացներ սկսելու համար՝ թէեւ Միացեալ Նահանգները «Հռոմի կանոնադրութեան» անդամ չէ։ Հեղինակի գնահատմամբ, ներկայացւած փաստերը վկայում են միջազգային մարդասիրական իրաւունքի նկատմամբ ԱՄՆ-ի պարտաւորութիւնների անտեսման մասին:



