ԻրանՄիջազգայինՔաղաքական

Նոր ռազմական լարում՝ հարւածներ Խուզեստանում եւ Հորմոզգանում

Լուսադէմին ակտիւացել է նաեւ մայրաքաղաքի հակաօդային համակարգը

«ԱԼԻՔ» – Լուսադէմին Իրանի տարբեր շրջաններից ստացւել են օդային յարձակումների տարբեր տրամաչափի հաղորդագրութիւններ: Թեհրանի հակաօդային պաշտպանութիւնը գործի է դրւել, իսկ Հորմոզգանի Սիրիկ շրջանը ենթարկւել է հարւածի։ Պաշտօնական աղբիւրների համաձայն՝ բնակելի եւ առեւտրային ենթակառուցւածքներ չեն վնասւել, տուժածներ չկան։

Նահանգային իշխանութիւնների հաղորդմամբ՝ հրթիռային հարւածներ են հասցւել Բեհբահանի, Օմիդիէի եւ Հենդիջանի մերձակայքերին։ Նախնական տեղեկութիւններով՝ Հենդիջանի շրջանում զոհեր չկան։

Խաթամ ալ-Անբիա Կենտրոնական շտաբը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ Իրանի միջուկային կամ այլ կենսական նշանակութեան օբիեկտների վրայ յարձակումը կը դիտարկւի որպէս պատերազմի ընդլայնում, եւ դրա դէպքում թիրախ կը դառնան ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շահերը տարածաշրջանում։

Associated Press-ի համաձայն՝ Իրանի դէմ պատերազմի ընթացքում վիրաւորւած ամերիկացի զինծառայողների թիւը գերազանցել է 500-ը։ Անանուն ամերիկացի պաշտօնեան նշել է, որ Պենտագոնի պաշտօնական համակարգի (482 վիրաւոր) տւեալները թարմացւում են ուշացումով։

Մէլ այլ հաղորդման համաձայն Թեհրանի Նարմաք թաղամասում գիշերը լսւել է պայթիւն ձայն: ԻՌՆԱ-ի համաձայն պայթիւնը կենցաղային գազի արտահոսքի հետեւանք է եղել։ Հրդեհ չի բռնկւել, զոհեր եւ վիրաւորներ չկան, գրանցւել են նիւթական վնասներ, վնասւել է նաեւ տուժած առանձնատան բակում կայանած աւտոմեքենան:

Իսկ Բուշեհրի իշխանութիւնների համաձայն գիշերային հարւածների հետեւանքով ենթակառուցւածքները չեն վնասւել։ Երկու պայթիւն է լսւել քաղաքում, սակայն, ըստ պաշտօնական տւեալների, մարդկային զոհեր եւ լուրջ վնասներ չկան։

Related Articles

Back to top button