ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի նախագահն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարարին

«ԱԼԻՔ»- Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է աշխատանքային այցով Թեհրան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովին:

Աւելի վաղ ռուսական դիւանագիտութեան ղեկավարը բանակցութիւններ է վարել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։

Կողմերը համատեղ մամուլի ասուլիսով հանդէս են եկել յայտարարութիւններով։

 

Արաղչի. Կովկասում մենք ձգտում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան հաստատմանը

Երեքշաբթի՝ փետրւարի 25-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի հետ համատեղ ասուլիսում բարձրաձայնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, յայտնում է ՄԵՀՐ-ը։

«Կովկասի զարգացումները հետաքրքրում են մեզ ու Ռուսաստանին, եւ այդ ուղղութեամբ քննարկումները շարունակւում են»,- նշել է Աբբաս Արաղչին։

Նրա խօսքով, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ խորհրդատւութիւնները շարունակւում են բոլոր ոլորտներում՝ Արեւմտեան Ասիայի, Կովկասի եւ միջազգային հարցերի շուրջ։

«Այսօր մենք ունեցանք մանրամասն, լաւ ու կառուցողական քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձել ենք բոլոր առկայ  թեմաներին»,- նշել է նա։

 

Ի՞նչ են ասել Արաղչին ու Լաւրովը ասուլիսում

ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԱԳ նախարարն անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներին՝ կապւած ԲԱՐՋԱՄ-ի վերականգնման բանակցութիւնների հետ եւ արեւմտեան երկրների հետ յարաբերութիւններին, եւ յաւելել. «Միջուկային բանակցութիւնների հարցում Իրանի դիրքորոշումը յստակ է. Մենք չենք բանակցելու ճնշման, սպառնալիքների կամ պատժամիջոցներով սպառնալիքների ներքոյ»:

Իրան-Ռուսաստան տնտեսական համագործակցութիւնը զարգանում է

Արաղչին, նշելով, որ մենք այսօր կառուցողական քննարկումներ ենք ունեցել, յաւելել է. «Այս հանդիպման ընթացքում մենք քննարկել  ենք եղած  բոլոր հարցերը՝ երկկողմ յարաբերութիւնների, տնտեսական համագործակցութեան,  համագործակցութեան համատեղ յանձնաժողովի աշխատանքների վերաբերեալ, ինչը նախատեսւած է կայանալ ապրիլ ամսւայ ընթացքում»։

Իրանի ԱԳ նախարարը բարձր գնահատելով ռուս գործընկերոջ հետ անցկացրած քննարկումները, մասնաւորապէս տարածաշրջանային խնդիրների շուրջ, նշել է. «Մենք մանրամասն քննարկել ենք Պաղեստինի, Լիբանանի եւ Սիրիայի վերաբերեալ խնդրիրները։ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս դատապարտել է Պաղեստինի օկուպացիան ու սիոնիստների յանցագործութիւնները: Քննարկւել եւ խստօրէն դատապարտւել է Գազայի հատւածի պարտադիր շրջափակման նոր նախագիծը։ Այս անընդունելի նախագծի դէմ տարածաշրջանի երկրները միասնական դիրքորոշում են որդեգրել, իսկ Իրանի խնդրանքով շուտով այս հարցով պիտի կայանայ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտգործնախարարների հանդիպումը։

Իրանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները Սիրիայի հարցում մօտ են

Սիրիայի վերաբերեալ Արաղչին յայտարարել է, որ երկու երկրների դիրքորոշումները շատ մօտ են։ «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ցանկանում է կայունութիւն, խաղաղութիւն, տարածքային ամբողջականութեան պահպանում եւ Սիրիայի առաջընթաց՝ հիմնւած ժողովրդի կամքի վրայ։ Մենք աջակցելու ենք խաղաղութեանն ու կայունութեանը Սիրիայում»,- նշել է նա։

Նաեւ Լիբանանի հարցում Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումները հիմնւած են այս երկրի կառավարութեան ու Լիբանանի ժողովրդին լիակատար աջակցութեան վրայ, նշել է Արաղչին: Հրադադարի շարունակականութիւնը եւ Սիոնիստական ​​ռեժիմի լիակատար դուրսբերման անհրաժեշտութիւնը Լիբանանի հարաւի օկուպացւած տարածքներից, ինչպէս նաեւ Պաղեստինի եւ Սիրիայի օկուպացւած տարածքներից, եղել են այն խնդիրները, որոնց եւս ընդգծւած անդրադարձել է Իրանի ԱԳ նախարարը:

Իրանը կը շարունակի աջակցել  «Դիմադրութեան առանցք»-ին

Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը միշտ աջակցել է տարածաշրջանում «Դիմադրութեան առանցք»-ին եւ շարունակելու է դա անել՝ Արաղչին ասել է. «Գիտակցելով, որ դիմադրութեան ջոկատների պայքարը յանուն արդարութեան է, եւ ցանկացած տեսակի պայքար, որը նրանք մտադիր են ձեռնարկել, արժանանալու է  Իրանի Իսլամական Հանրապետութեան աջակցութեանը»:

Իրանը ճնշումների ու սպառնալիքների ներքոյ չի բանակցի

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներին՝ կապւած Համափարպակ միջուկային գործարքի բանակցութիւնների հետ եւ Արեւմուտքի հետ յարաբերութիւններին, Աբբաս Արաղչին նշել է.« Միջուկային բանակցութիւնների հարցում Իրանի դիրքորոշումը յստակ է: Մենք չենք բանակցելու ճնշման, սպառնալիքների կամ պատժամիջոցների ներքոյ»:

«Հետեւաբար, միջուկային խնդրի շուրջ մեր եւ ԱՄՆ-ի միջեւ ուղղիղ բանակցութիւնների հնարաւորութիւն չի լինի, քանի շարունակւում է խնդիրը տեսնել «առաւելագոյն ճնշում» գնահատմամբ»,- եզրակացրել է ԱԳ նախարարը:

Related Articles

Back to top button