Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀԺՄ-ը շնորհաւորել է «Առաւօտ» օրաթերթի հիմնադրման 31-ամեակը

«ԱԼԻՔ» – Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը շնորհաւորել է «Առաւօտ» օրաթերթի հիմնադրման 31-ամեակը:

ՀԺՄ-ի շնորհաւորական ուղերձում մասնաւորապէս նշւած է.

«Նորանկախ Հայաստանի առաջին լրատւամիջոցներից մէկը՝ «Առաւօտ» օրաթերթը, նշում է հիմնադրման 31-ամեակը։ Դա պատկառելի ժամանակահատւած է ցանկացած լրատւամիջոցի համար եւ վկայում է ժամանակի ու վայրիվերումների փորձութիւններին դիմակայելու կարողութեան, «Առաւօտ»-ի ստեղծագործական թիմի բացառիկ պրոֆեսիոնալիզմի եւ լրագրութեանն անվերապահօրէն նւիրւածութեան մասին։

Հիմնադրման 31-ամեակն «Առաւօտ»-ը նշում է հերթական, բայց անցած տասնամեակների համատեքստում՝ գուցէ ամենազազրելի փորձութեան պայմաններում․ իշխանութիւնները՝ իրաւական ինչ-որ անհեթեթ ձեւակերպմամբ, լրատւամիջոցին վտարում են Մամուլի շէնքի տարածքից, որում «Առաւօտ»-ը գործել է 31 տարի շարունակ։ Ցանկացած խելամիտ իշխանութիւն կը վարւէր ճիշտ հակառակ կերպ՝ հէնց երեք տասնամեակ գործելու առիթով պետական տարածքը կը յատկացներ լրատւամիջոցին՝ ի նշան Հայաստանի հանրային, քաղաքական ու քաղաքացիական կեանքում նրա ունեցած բացառիկ դերակատարութեան ու ներդրումի։ «Առաւօտ»-ի հետ այսօր կատարւողը, սակայն, հերթական անգամ վկայում է մեր հանրային, քաղաքական ախտահարւածութեան մասին, ինչը, վստահաբար, չի ընկճելու մեր գործընկերներին եւ աւելի ամրացնելու է ազատ խօսքի ու պատասխանատու լրագրութեան միջոցով պետութեանն ու հասարակութեանը ծառայելու նրանց հաւատամքը։

«Առաւօտ» օրաթերթը սոսկ լրատւամիջոց չէ եւ ոչ էլ օրաթերթի յաջողութեան պատմութիւն։ «Առաւօտ»-ը հայկական մամուլի հիմնադիր անբաժան միաւորներից մէկն է, որը, միեւնոյն ժամանակ, լրագրութեան չյայտարարւած դպրոց է եղել ու է բազմաթիւ լրագրողների համար։ «Առաւօտ»-ը ստեղծել է արժէքներ, սկզբունքներ, ձեւաւորել է դրանց հաւատարիմ պրոֆեսիոնալների՝ իր հէնց այդ առաքելութեամբ ու աւանդոյթներով դառնալով հակաարժէքային, անսկզբունք ու պոպուլիստ իշխանութիւնների թիրախը։ Արժէքներն ու աւանդոյթները, սակայն, մնայուն են, դրանց դէմ պայքարն ու պայքարողները՝ անցողիկ։

Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը շնորհաւորում է «Առաւօտ» օրաթերթի ողջ անձնակազմին՝ նրա գլխաւոր խմբագիր Արամ Աբրահամեանի գլխաւորութեամբ, մաղթելով ժամանակի մանր փորձութիւններին դիմագրաւելու կարողութիւն եւ հայաստանեան մամուլում ունեցած դերն ու առաքելութիւնը շարունակելու հաստատակամութիւն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ»:

Related Articles

Back to top button