Հայաստան - ԱրցախՔաղաքական

ԱՐՑԱԽԸ ՉԻ՛ ՅԱՆՁՆՒԵԼ, ԱՐՑԱԽԸ ԳԵՐԵՎԱՐՒԵԼ Է

«ԱԼԻՔ» – Անցեալ երկու օրերի ընթացքում համացանցում շրջանառւում էր թշնամու կողմից նկարահանւած կադրեր, թէ թշնամին ինչպէս է առեւանգում եւ բանտախուց տեղափոխում գեներալ Դաւիթ Մանուկեանին:

Կադրերն ինչ խօսք, ողբերգական են, եւ խորը վիշտ են պատճառում ազգային արժանապատւութիւն ունեցող ցանկացած հայ մարդու: Այդուհանդերձ, դրանց տողատակում առկայծում է հայ զինւորականին յատուկ արժանապատւութիւնը: Ուշադրութիւն դարձրէք, թէ ինչպիսի խրոխտ կեցւածքով է ճակատագրին ընդառաջ գնում յաղթական գեներալ Դաւիթ Մանուկեանը:

Սա բնական է: Զարմանալի եւ անբնական կը լինէր, եթէ մեր յաղթանակած գեներալը ընկճւած ու կոտրւած լինէր: Նա պատւով է կրել, եւ շարունակում է պատւով կրել իրեն բաժին հասած խաչը՝ հաւատարիմ մնալով հայ զինւորականի երդմանն ու կարգախօսին. «Վահանով, կամ վահանի վրայ»: Սա փաստում է, որ Արցախը մարմնաւորող մեր գեներալը չի՛ յանձնւել, այլ, ընդամէնը գերեվարւել է, որ Արցախը չի՛ յանձնւել, այն նոյնպէս գերի է ընկել:

Եւ չկասկածէք, որ ձերբակալութեան դէպքում, նման կերպ են վարւելու նաեւ թշնամու սեւ ցուցակում յայտնւած միւս հայ զինւորականները եւս:

Սա գալիս է եւս մէկ անգամ ապացուցելու, որ հակառակ բոլոր հակաքարոզչութիւնների, հայ զինւորականները 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ, պատւով են կատարել իրենց առաքելութիւնը: Սա գալիս է ապացուցելու, որ հայկական ԶՈՒ-ն չի պարտւել, այլ՝ նրան 5 տարի շարունակ թիկունքից դաւադրաբար խոցել են բունկերներում թաքնւող, երկչոտ դասալիքները:

Բանակի կազմաքանդման, պատերազմում պարտութեան, Արցախի կորստի, արցախահայութեան ցեղասպանութեան ու հայրենազրկման, եւ Հայաստանին ու ողջ հայ ժողովրդին դեռեւս սպասւող գալիք բոլոր արհաւիրքների համար մեղաւոր են թշնամու դէմ սողացող հէնց այդ դասալիքները: Կը գայ ժամանակը եւ նրանք ստիպւած կը լինեն պատասխան տալու հայ ժողովրդի, արդարադատութեան եւ պատմութեան առջեւ: Ի դէպ, չափազանց դաժան է լինելու յատկապէս պատմութեան դատավճիռը: Չկասկածէ՛ք:

Related Articles

Back to top button