Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Աթաթուրքից յետոյ խոշոր յաղթանակը․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց յաջորդ Կաթողիկոսը

«ԱԼԻՔ» Թուրքական երկու խոշորագոյն լրատւամիջոցներից Aydınlık-ը եւ Sözcü-ն դեկտեմբերի 19-ին եւ 20-ին Հայաստանի մասին ծաւալուն յօդւած են հրապարակել՝ նշելով, Թուրքիան վերջնականապէս փորձում է հաստատել Հայաստանի վրայ հսկողութիւն, այդ թւում՝ նշանակել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հաղորդում է 168.am-ը:

Aydınlık-ը, մասնաւորապէս, գրում է.

«Ո՞վ կը դառնայ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ո՞ւմ է աջակցում Անկարան․ ՀՀ վարչապետ Փաշինեանը բազմիցս յայտարարել է երկրի հոգեւոր առաջնորդին՝ կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկութեան մասին։ Սակայն գլխաւոր հարցը մնում է՝ ո՞վ կը զբաղեցնի նրա տեղը։

Այժմ, ըստ «Քիւլիէ»-ի աղբիւրների, այս որոշումը կը կայացւի ոչ թէ Հայաստանի հոգեւոր կենտրոնում՝ Էջմիածնում, այլ Անկարայում եւ Ստամբուլում։»

5 մլն հետեւորդ ունեցող թուրքական լրատւամիջոցը շարունակում է.

«Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականութեան յաղթանակի շեմին: Նախագահ Թայիփ Էրդողանը մօտ է Հայաստանի հետ անմիջական մերձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն։

Այդ խոչընդոտը Գարեգին Բ կաթողիկոսն է՝ Հայ եկեղեցու առաջնորդը։ Նրա հեռացումը Հայաստանը կը վերածի Թուրքիային բարեկամ երկրի, իսկ Երեւանի աշխարհիկ կառավարութիւնը չի դիմադրի Անկարայի պահանջներին։

Նիկոլ Փաշինեանը վաղուց հրաժարւել է հայկական քաղաքականութեան անկիւնաքարից՝ «Ցեղասպանութեան» քարոզչութիւնից: Այս քայլը թուլացրել է կապերը Ֆրանսիայի եւ Ռուսաստանի մեծ հայկական Սփիւռքի հետ։

Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինեանը պահպանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականութեանը մօտ քաղաքականութիւն:

Թուրքիայում Հայոց Եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի թեկնածութիւնն են քննարկում վերոնշեալ շրջանակները, որն այժմ գտնւում է Ստամբուլում, հարցը քննարկւում է նախագահ Էրդողանի եւ նրա խորհրդականների կողմից։ Հաւանական է, որ այս թեկնածուն աջակցութիւն կը ստանայ ոչ միայն թուրքական իշխանութիւնների, այլեւ Անթիլիասի Հայ Առաքելական Եկեղեցու եւ Լիբանանի հայ հոգեւորականութեան կողմից։

Որ թեկնածուն էլ յաղթի, Էրդողանը զգալի առաւելութիւն կը ստանայ Հայաստանի հոգեւոր շրջանակներում։ Սա թուրքական քաղաքականութեան համար զգալի առաջընթաց կը լինի»,- իր տեղեկութիւններն է փոխանցում թուրքական լրատւականը։

Իսկ ահա թուրքական միւս մեծ լրատւականը՝ «Sözcü»-ն, փոխանցում է․

«Կաթողիկոսական շփոթ.

Միակ կառոյցը, որը Հայաստանին նոյնիսկ սահմանափակ անկախութեան զգացողութիւն է հաղորդում, Հայ Առաքելական Եկեղեցին է։

Փաշինեանը բազմիցս արտայայտել է Կաթողիկոսին փոխարինելու իր ցանկութեան մասին, բայց հիմնական անորոշութիւնն այն է, թէ ով կը զբաղեցնի նրա տեղը։

Այս անորոշութիւնն այժմ, ինչպէս ասւում է, վերացել է․ Անկարան եւ Ստամբուլն աւելի վճռորոշ դեր են խաղում, քան Էջմիածինը»։

Ովքե՞ր են թեկնածուները.

Իրավիճակին ծանօթ մեր աղբիւրներից ստացւած տեղեկութիւնների համաձայն՝ Թուրքիան որոշել է մէկ թեկնածուի շուրջ: Նախագահ Էրդողանը եւ նրա խորհրդականները քննարկում են Հայ Առաքելական Եկեղեցու՝ Ստամբուլի Սահակ պատրիարքի թեկնածութիւնը:

Ըստ տեղեկութիւնների՝ Սահակ 2-րդը «հաւանաբար կը ստանայ թուրքական իշխանութիւնների աջակցութիւնը»։

Վերլուծութիւնն աւարտւում է այն պնդմամբ, որ անկախ նրանից, թէ որ թեկնածուն կընտրւի, Թուրքիան վճռորոշ վերահսկողութիւն կը ստանայ Հայաստանում: Այս իրավիճակը «արդիւնաւէտօրէն անհնար կը դարձնի թուրքական քաղաքականութեանը հակազդելը»:

Երբ այս գործընթացն աւարտւի, Հայաստանում քաղաքական եւ սոցիալական որոշումների կայացման մեխանիզմները ամբողջութեամբ կը ձեւաւորւեն արտաքին գործօններով»,- նշւում է Sözcü-ի յօդւածում։

Related Articles

Back to top button