Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութեանը՝ ամերիկեան լաբբիստական ընկերութիւն վարձելուց յետոյ

Վերջերս Հայաստանի Հանրապետութիւնն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկեան լաբբիստական ընկերութիւն՝ իր շահերը Միացեալ Նահանգներում առաջ մղելու համար։
Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարութիւնը Վաշինգտոնում վարձել էր մէկ այլ լաբբիստական ընկերութիւն, բայց միայն կարճ ժամանակով։ Նման ընկերութիւնների արժէքի գնահատման կամ ըմբռնման բացակայութեան պատճառով Հայաստանի ղեկավարները դժկամ էին ներդնել անհրաժեշտ գումարներ նման մի ընկերութիւն վարձելու համար։
Նոյնիսկ Միացեալ Նահանգներում մարդկանց մեծ մասը, ներառեալ ամերիկահայերը, քիչ է գիտակցում լաբբիստական ընկերութիւնների կարեւոր դերը քաղաքականութեան մշակման գործում: Մեծահարուստ հայերը սովորաբար նախընտրում են նւիրաբերել համայնքային հաստատութիւններին, ինչպիսիք են դպրոցները, եկեղեցիները եւ մշակութային կենտրոնները, որոնք յաճախ անւանակոչւում են նրանց անուններով։ Սակայն, եթէ նրանք ֆինանսաւորում են PR ընկերութեանը, նրանց անունը չի գրւում որեւէ շէնքի պատին՝ նման ներդրումները դարձնելով աւելի քիչ գրաւիչ։
Ես գիտեմ լաբբիստական ընկերութիւնների արժէքը, քանի որ երկու անգամ կազմակերպել եմ դրանց վարձումը հայկական կազմակերպութիւնների համար՝ չնայած որ երկու պայմանագրերն էլ վաղաժամկէտ դադարեցւել են։
Մինչդեռ, Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանութիւնները տարիների ընթացքում տասնեակ միլիոնաւոր դոլարներ են ծախսել՝ բազմաթիւ առաջատար ամերիկեան լաբբիստական/PR ընկերութիւններ վարձելու համար: Յատկապէս անսպասելի եւ անհանգստացնող էր, երբ թուրքական կառավարութիւնը 2017 թւականին վարձեց մի հայի՝ Նիւ Եօրքի 5W հասարակայնութեան հետ կապերի ընկերութեան նախագահ Ռոն Թորոսեանին՝ Թուրքիայի համար PR անելու համար:
Ներկայումս Հայաստանի կառավարութիւնը, Միացեալ Նահանգներում իր դեսպանատան միջոցով, ամսական պայմանագիր է կնքել Վաշինգտոնում գտնւող «Մերկուրի» հանրային ընկերութեան հետ, ամսական 50 հազար դոլար արժողութեամբ՝ 2025 թւականի ապրիլի 1-ից մինչեւ 2026 թւականի մարտի 31-ը: «Մերկուրի»-ի պարտականութիւնն է՝ «տրամադրել ռազմավարական խորհրդատւութիւն, լոբբինգ, հասարակայնութեան հետ կապեր եւ կառավարական յարաբերութիւններ, ներառեալ ԱՄՆ պաշտօնեաների հետ կապերի հաստատում»։
Հետաքրքիր է, որ ո՛չ Հայաստանի կառավարութիւնը, ո՛չ էլ Վաշինգտոնում նրա դեսպանատունը չեն յայտարարել այս գործարքի մասին: Ամերիկեան լրատւամիջոցները բացայայտել են այս տեղեկատւութիւնն անցեալ ամիս, երբ պայմանագիրը 2025 թւականի ապրիլի 8-ին ներկայացւեց ԱՄՆ Արդարադատութեան նախարարութիւն, ինչպէս պահանջում է «Օտարերկրեայ գործակալների գրանցման օրէնք»-ը։
Թէ ինչու է Հայաստանը ընտրել «Մերկուրի» ընկերութիւնը հարիւրաւոր այլ վաշինգտոնեան ընկերութիւնների փոխարէն, մնում է անյայտ։ Հայաստանը որեւէ բացատրութիւն չի տւել այս ընտրութեան վերաբերեալ։
Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի (ANCA) գործադիր տնօրէն Արամ Համբարեանը LinkedIn-ում արձագանգել է «Մերկուրի»-ի վարձմանը. «Տասնեակ խոշոր լաբբիստական ընկերութիւններ ունեցող քաղաքում (Վաշինգտոն), Փաշինեանը ընտրեց այն ընկերութիւնը, որի բանկային հաշւին թուրքական փողեր կան, իսկ ձեռքերին՝ հայկական արիւն»։ Նա նաեւ հետաքրքրւել է. «Արդեօք զուգադիպութի՞ւն է, որ Փաշինեանն ու Էրդողանը վարձել են միեւնոյն լաբբիստին»։
Համբարեանը նկատի ունէր «Մերկուրի»-ի 2018 թւականին Թուրքիայի հետ կնքւած պայմանագիրը, որն ընկերութիւնը խզեց 2020 թւականի հոկտեմբերին, երբ այն յայտնւեց հանրային ուժեղ ճնշման տակ Թուրքիան ներկայացնելու համար, այն ժամանակ, երբ այդ երկիրը ռազմականօրէն աջակցում էր Ադրբեջանի ներխուժմանը Արցախ։
Տասնամեակներ շարունակ Վաշինգտոնում գործող երկու հայ-ամերիկեան կազմակերպութիւնները՝ Ամերիկայի Հայկական Ասամբլեան եւ ANCA-ն, լաբբինգ են արել Միացեալ Նահանգներում Հայկական Հարցերի համար։
Սակայն, հաշւի առնելով Հայաստանի կառավարութեան եւ այս երկու կազմակերպութիւնների միջեւ համակարգման բացակայութիւնը, «Մերկուրի»-ի վարձումը, հաւանաբար, կը յանգեցնի նոր հակասութիւնների, ինչը կը նւազեցնի լաբբիստական ընկերութեան արդիւնաւէտութիւնը: Թէեւ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատունը որոշակի համագործակցութիւն ունի Հայկական ասամբլեայի հետ, այն որեւէ կապ չի պահպանում ANCA-ի հետ: Հաշւի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինեանի անհանդուրժողականութիւնը նրա քաղաքականութեան հետ անհամաձայն իւրաքանչիւրի նկատմամբ, հնարաւոր չէ որեւէ աստիճանի համագործակցութիւն դեսպանատան եւ ANCA-ի միջեւ: Արդիւնքում, Հայաստանի դեսպանատունը կարող է «Մերկուրի»-ին տալ այնպիսի քաղաքական հրահանգներ, որոնք կը հակասեն հայ-ամերիկեան երկու խմբերի կողմից ԱՄՆ պաշտօնեաներին ուղղւած ուղերձներին:
Օտարերկրեայ կառավարութիւնների մեծ մասը սերտ կապեր ունի Միացեալ Նահանգներում իր էթնիկ համայնքի հետ՝ Վաշինգտոնում իր ազդեցութիւնը մեծացնելու համար: Ցաւօք, Հայաստանի դէպքում այդպէս չէ։
Պայմանագիրը, որն ստորագրւել է «Մերկուրի»-ի Ջոն Լոներգանի եւ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Լիլիթ Մակունցի կողմից 2025 թւականի ապրիլի 1-ին, սահմանում է մի շարք ծառայութիւններ, որոնք «Մերկուրին» համաձայնւել է մատուցել Հայաստանի Հանրապետութեանը.
– «Պաշտպանել յաճախորդի [Հայաստանի] շահերը Կոնգրեսում եւ վարչակազմում։
– Ընդգծել [Հայաստանի] աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակութիւնն ու դերը որպէս Հարաւային Կովկասում ԱՄՆ տարածաշրջանային եւ համաշխարհային շահերի կարեւոր գործընկեր։
– Զարգացնել Հայաստան-Միացեալ Նահանգներ տնտեսական, առեւտրային, ներդրումային եւ տեխնոլոգիական համագործակցութիւնը։
– Յաճախորդին [Հայաստան] ներկայացնել որպէս հեղինակաւոր եւ վստահելի ռեսուրս վարչական պաշտօնեաների համար՝ համապատասխան հարցերը վերլուծելիս եւ քննարկելիս։
– Ներգրաւել մտաւորական համայնքին՝ Յաճախորդին հետաքրքրող հարցերի քննարկմանը։
– Յաճախորդին տրամադրել ռազմավարական հաղորդակցութեան եւ լրատւամիջոցների հետ կապերի ծառայութիւններ»։
Զգուշացում. հասարակայնութեան հետ կապերի եւ լաբբիստական ընկերութիւնները սովորաբար բարձր գներով պայմանագրեր են կնքում՝ իրենց յաճախորդներին շռայլ խոստումներ տալուց յետոյ: Սակայն, առանց Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան կողմից «Մերկուրի»-ի ամենօրեայ գործունէութեան նկատմամբ խիստ վերահսկողութեան, Հայաստանը ռիսկի է դիմում վատնելու իր ամսական 50 հազար դոլար վճարումները: Իրենց յաճախորդներին տպաւորելու համար այս ընկերութիւններն ստեղծում են տոննաներով փաստաթղթեր՝ ցոյց տալու համար, որ իրենք մշտական կապի մէջ են տարբեր պաշտօնեաների հետ: Նման թակարդից խուսափելու համար Հայաստանի դեսպանատունը պէտք է «Մերկուրի»-ից պահանջի կոնկրետ եւ արդիւնաւէտ արդիւնքներ, այլ ոչ թէ միայն հանդիպումների եւ հեռախօսազանգերի վերաբերեալ զեկոյցներ:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ