Թրամփի եւ Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ արդէն փետրւարի վերջին

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի եւ Միացեալ Նահագների պաշտօնեաները յաջորդ շաբաթ կը հանդիպեն Սաուդեան Արաբիայում՝ նախապատրաստելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարաւոր հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ արդէն փետրւարի վերջին: Հաղորդում է ամերիկեան Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբիւրներին։
Հանդիպման մանրամասներն ու մասնակիցների ցանկը դեռեւս ճշտւում են։
Սակայն, ըստ Bloomberg-ի աղբիւրների՝ խմբում, ամենայն հաւանականութեամբ, կը լինեն ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականներ։ Նպատակը մարտին սուրբ Ռամադան ամսւայ մեկնարկից առաջ ամսաթիւ նշանակելն է:
Եւրոպացիներից շատերը հնարաւոր հանդիպման մասին դեռեւս տեղեկացւած չեն, ասել է մէկ այլ պաշտօնեայ։ Ու թէեւ սպասւում է Ուկրաինայի պաշտօնեաների ժամանումը, նրանք նոյնպէս, ըստ ամենայնի, տեղեակ չեն նախապատրաստական աշխատանքների բոլոր մանրամասներին, գրում է գործակալութիւնը։
Բանակցութիւնները կը ղեկավարի Սաուդեան Արաբիայի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Մուսաիդ ալ Այբանը, յայտնել է աղբիւրը՝ յաւելելով, որ վերջին րոպէի փոփոխութիւններով ծրագրերը կարող են խափանւել:
Ակնկալւում է, որ ամերիկեան կողմից բանակցութիւնները կը ղեկավարեն ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Մայքըլ Ուոլցը եւ յատուկ բանագնաց Սթիւ Ուիթքոֆը։
«Պուտինը բարձր խաղադրոյքներով բանակցութիւններում երկար տարիների փորձ ունեցող ծանր քաշայինների թիմ է հաւաքում: Նրանց թւում են՝ 50 տարւայ դիւանագիտական փորձ ունեցող Կրեմլի արտաքին քաղաքականութեան գլխաւոր խորհրդական Իւրի Ուշակովը եւ հետախուզութեան ղեկավար Սերգէյ Նարիշկինը: Վերջինս, ըստ իրավիճակին ծանօթ մարդկանց, Պուտինի հետ ծառայել է խորհրդային ՊԱԿ-ում»,- գրում է լրատւամիջոցը։
Ըստ գործակալութեան աղբիւրների՝ Սթենֆորդում եւ Հարվարդում կրթութիւն ստացած ֆինանսիստ Կիրիլ Դմիտրիեւը, որը կապեր ունի ՌԴ նախագահի ընտանիքի հետ, կարող է առանցքային դեր խաղալ Թրամփի թիմի հետ հաղորդակցութիւնում որպէս ոչ պաշտօնական խողովակ։