ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ ԱԳ նախարար. «Նիւրնբերգեան տրիբունալի սահմանած նացիզմի արգելման սկզբունքները խախտւում են»

«ԱԼԻՔ» – ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը նշել է, որ Նիւրնբերգեան տրիբունալի կողմից մշակւած՝ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների վաղեմութեան ժամկէտի բացակայութեան եւ նացիզմի արգելման սկզբունքները ներկայումս յաճախ խախտւում են: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նիւրնբերգեան դատավճռի առանձնայատուկ նշանակութիւնն այն է, որ այն սահմանեց վաղեմութեան ժամկէտի բացակայութիւն մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների, ցեղասպանութեան, ռազմական յանցագործութիւնների համար։ Նացիստական գաղափարախօսութիւնը, կուսակցութիւնը, ինչպէս նաեւ ՍՍ, ՍԴ եւ այլ կառոյցները, արգելւել են ընդմիշտ։ Ցաւօք սրտի, այս դրոյթները ներկայումս լուրջ փորձութեան են ենթարկւում եւ յաճախ խախտւում են»,- նշել է նա «Նիւրնբերգ» վաւերագրական ֆիլմի համար տրւած հարցազրոյցում, որը ցուցադրւել է «Russia-24» հեռուստաալիքով։

Նախարարը յիշեցրել է, որ Նիւրնբերգեան տրիբունալի որոշումը պարունակում է սկզբունքներ, որոնք առաջին անգամ ձեւակերպւել են այդ գործընթացի ընթացքում։

«Դրանք հիմք են հանդիսացել ժամանակակից միջազգային իրաւունքի համար։ Դրանք վերացրել են ուժի իրաւունքը, ամրագրել են ցանկացած հակամարտութեան մէջ ուժային մեթոդների եւ հումանիտար սկզբունքների խախտման անթոյլատրելիութիւնը»,- պարզաբանել է Լաւրովը։

Ինչպէս նշել է դիւանագիտական գերատեսչութեան ղեկավարը, առաւել կարեւոր է պատժի անխուսափելիութեան սկզբունքը՝ ռազմական յանցագործութիւնների, ագրեսիայի, մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների, ցեղասպանութեան համար, որը Նիւրնբերգեան գործընթացի ընթացքում արդէն ձեւակերպւել է միջազգային, համընդհանուր մակարդակով։

«Այնուհետեւ դա օրգանապէս արտացոլւել է ՄԱԿ-ում եւ այլ ձեւաչափերում ընդունւած բազմաթիւ կոնւենցիաների բովանդակութեան մէջ, – շարունակել է նա։ – Դա նաեւ արտացոլւել է միջազգային իրաւունքի սկզբունքներում, որոնք հիմք են հանդիսացել ՄԱԿ-ի միջազգային իրաւունքի յանձնաժողովի գործունէութեան համար։ ՄԱԿ-ի միջազգային դատարանն իր աշխատանքում մեծապէս հաշւի է առնում Նիւրնբերգում արւածը»,- յաւելել է Լաւրովը։

Related Articles

Back to top button