Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Օսկանեան. «Հայ ազգը պէտք է պահանջի ղեկավարութիւն, որը կը սանձի ագրեսիան»

«ԱԼԻՔ» – Հայ ազգը պէտք է պահանջի ղեկավարութիւն, որը կը սանձի ագրեսիան, կպաշտպանի իր ժողովրդին եւ կը վերականգնի սեփական արժանապատւութիւնը միջազգային ասպարէզում: Ըստ Yerevan.today-ի այս մասին գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանեանը:

«Ադրբեջանն երէկ (յունւարի 16-ին-ԽՄԲ.) կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատութեան, մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի նկատմամբ՝ կազմակերպելով այս շինծու դատավարութիւնն Արցախի ղեկավարների դէմ: Զազրելի այս ներկայացումը Բաքւի հերթական գործողութիւնն է՝ ջնջելու հայերի մշակութային եւ պատմական ներկայութիւնը մի երկրամասից, որը նրանց անքակտ հայրենիքն է եղել հազարամեակներով։ Սա նաեւ միջազգային հանրութեան անգործութեան ու, որ առաւել պախարակելի է, Արցախի ողբերգական անկման մէջ Հայաստանի կառավարութեան յանցակցութեան վկայութիւնն է:

Այս դատավարութիւնը մեկուսի դէպք չէ: Այն Բաքւի՝ էթնիկ զտումների ծրագրւած արշաւի գագաթնակէտն է: Աւելի քան մէկ տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց 120,000 հայերին, որին նախորդեց երկրամասի իննամսեայ անմարդկային շրջափակումն ու սովահար ժողովրդի վրայ ռազմական յարձակումը: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը սկսել է հողին հաւասարեցրել հայկական մշակութային յուշարձանները, պղծել գերեզմանոցները եւ փորձել վերաշարադրել պատմութիւնը՝ ջնջելով տարածաշրջանի հայկական ինքնութիւնը:

Ադրբեջանը, սակայն, վակուումում չի գործում: Նրա ագրեսիան հնարաւոր է դարձել միջազգային հանրութեան քար լռութեան, մեծ տէրութիւնների ամօթալի պասիւութեան արդիւնքում: «Մտահոգութեան» մասին յայտարարութիւնները իմաստալից գործողութիւններ չեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ժամանակին յանձնառու էին խաղաղութեան բանակցութիւնների համար, հեռացել են իրենց պարտաւորութիւններից՝ թողնելով, որ Ադրբեջանը հանգիստ եւ անպատժելի ոտնահարի միջազգային նորմերը:

Նոյնքան մեղաւոր է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը, որի մեղսակցութիւնը խարան է հայ ժողովրդի համար: Փաշինեանի կառավարութիւնը շարունակ ձախողել է Արցախի ժողովրդին պաշտպանելու գործը: Նրա վարչակազմի անպատրաստութիւնը, դիւանագիտական ներգրաւման մերժումը եւ միջազգային հանրութեանը համախմբելու ձախողումը արձակել են Ադրբեջանի սանձերը: Փաշինեանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերութեան համար։ Նրա անգործութիւնը խայտառակութիւն է Հայաստանի համար եւ դաւաճանութիւն սեփական ժողովրդի գոյատեւման հանդէպ:

Միջազգային հանրութիւնը պէտք է առերեսւի իր անտարբերութեան հետեւանքներին: Ադրբեջանի գործողութիւններն անպատասխան թողնելը վտանգաւոր նախադէպ է: Այն ազդակ է, որ անպատժելիօրէն կարելի է էթնիկ զտումներ անել, որ միջազգային իրաւունքը կարող է անհետեւանք ոտնահարւել, որ արդարութիւնը դատարկ բառ է…

Այս պահը նաեւ ինքնաքննադատութիւն է պահանջում հայ ժողովրդից եւ նրա կառավարութիւնից: Փաշինեանի անգործութիւնը չի կարող մոռացւել կամ ներւել: Հայ ազգը պէտք է պահանջի ղեկավարութիւն, որը կը սանձի ագրեսիան, կը պաշտպանի իր ժողովրդին եւ կը վերականգնի սեփական արժանապատւութիւնը միջազգային ասպարէզում:

Բաքւի դատավարութիւնները ոչ միայն յարձակում են հայ ժողովրդի դէմ. դրանք փորձութիւն են արդարադատութեան եւ մարդու իրաւունքների համամարդկային յանձնառութիւնների համար: Աշխարհը չի կարող թոյլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատութիւնը յաղթի:

Ժամանակն է կանգնել հայ ժողովրդի կողքին՝ յանուն արդարութեան, ճշմարտութեան եւ այն սկզբունքների, որոնք կապում են մեզ բոլորիս որպէս մարդ արարած»,- գրել  է նա:

Related Articles

Back to top button