ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Sputnik. Ինչու են Միրզոյեանն ու Արաղչին հանդիպումից 3 օր անց զանգել իրար. դեսպանի մեկնաբանութիւնը

Երկու երկրների միջեւ յարաբերութիւնները ռազմավարական բնոյթ են կրում, հետեւաբար, ըստ Շիրղոլամիի, յաճախակի շփումները շատ կարեւոր են։

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան պարզաբանել է, թէ ինչով է պայմանաւորւած երկու երկրների արտգործնախարարների զրոյցը, որը կայացել է Արարատ Միրզոյեանի Թեհրան կատարած այցից ընդամէնը 3 օր անց։

Նրա խօսքով՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի այցն Իրան բաւականին յաջող է եղել։ Այն հնարաւորութիւն է տւել քննարկել քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցութեան հարցերը։

Բացի այդ, նախօրէին Աշխաբադում հանդիպել են Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, առաջնորդներն անդրադարձել են նաեւ հետագայ փոխգործակցութեան հեռանկարներին։

«Երկու երկրների միջեւ յարաբերութիւնները ռազմավարական բնոյթ են կրում։ Կողմերի միջեւ շփումները շատ կարեւոր են, քանի որ թոյլ են տալիս մշակել հետագայ համագործակցութեան ճանապարհային քարտէզը։ Դա նաեւ տարբեր հարցերի շուրջ մեր դիրքորոշումն արտայայտելու հնարաւորութիւն է»,-ասել է դեսպանը։

Մեկնաբանելով ՀՀ արտգործնախարարի՝ Թեհրան կատարած այցից կարճ ժամանակ անց Միրզոյեանի եւ Արաղչիի հեռախօսազրոյցը՝ դեսպանը նշել է, որ դա չպէտք է զարմանք առաջացնի։

«Երբեմն անհրաժեշտութիւն է առաջանում քննարկում ունենալ օրական երկու անգամ»,- ասել է Շիրղոլամին՝ նշելով, որ ինքն էլ երբեմն հայ գործընկերների հետ զրուցում է օրւայ ընթացքում մէկից աւելի անգամ։

Յիշեցնենք՝ Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյեանն ու Աբբաս Արաղչին հոկտեմբերի 8-ին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի Իրան կատարած այցից 3 օր անց, հեռախօսազրոյց են ունեցել։

Related Articles

Back to top button