ԱտրպատականՀամայնք

Համբարձման տօնի հանդիսաւոր Ս. Պատարագ, Մայիս 28-ի Գոհաբանական Կարգ, եւ ծառատնկում Մարալանի ուխտավայրում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, 29 Մայիս 2025-ի առաւօտեան ժամը 11-ին, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի երկինք Համ­բարձ­ման տօնի առիթով, Ատր­պա­տականի հա­յոց թեմում սուրբ պատարագը մատուցւեց Թաւ­րիզի Մարա­լան թաղամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող 14-րդ դարի Սբ. Աստ­ւածածին ուխտավայր մատուռի հնամենի աղիւսաշէն կամարների ներքոյ, որ­տեղ է թաղւել Մխիթար Սպարապետի գլուխը: Այն նահատակւել է 1730 թւին, եւ նրա գլուխը ուղարկել են Թաւրիզի փաշային, նա էլ այն յանձնել է թաւրիզահայութեանը, իսկ նրանք էլ մեծ յարգանքով այն թաղել են Մարալանում:

Հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագը մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆ­թ­ճեանը, առընթերակայութեամբ Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ.Ղուկասեանի: Երգեցողութիւնը կատա­ր­եց «Կո­­միտաս» երգչա­խումբը, ղեկավա­րութ­եամբ երաժիշտ-խմբավար՝ Վարդան Վահ­րամ­­­­եա­նի: Առաքելական նամա­կը ընթերցեց Քարմէն Աբրահամեանը:

«Հայր մեր»-ից առաջ, կատարւեց «Գոհաբանական մաղթանք» Հայաստանի անկախութեան 107-ամեակի առիթով: Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտական կազմի արենուշներից Էմելիա Աբրահամեանը եւ Իզաբէլ Սարգիսեանը ափսէի վրայ պահել էին Հա­յաստանի հանրապետութեան եռագոյն դրօշը, այն մատուցելով առաջնորդ Սրբազա­նին, օրհ­նու­թեան կարգի ժամին: Դրօշի օրհնութեան աւարտին, «Կոմիտաս» երգչախումբը եւ բոլոր ներկայ հաւատացեալները միաբերան երգեցին Հայաստանի քայլեր­գը՝ «Մեր հայրենիք»:

Առաջնորդ Սրբազանը տօնի խորհուրդը մեկնաբանող պատգամ տւեց, նախ ներկայացնելով Համբարձման տօնի Նոր կտակարանեան դրւագը, իր բնաբանը վեր­ցնելով Շարակնոցից: Անմահական կեանքը վայելելու այն յոյսը, որով պատւել էր Յիսուսի համբարձմանը ներկայ 11 աշակերտների սիրտը, առաջնորդ Սրբազանը վեր հանեց, եւ ներկայ ժամանակներին մեր ազգի համար լաւագոյն միջոցը համարեց, դուրս գալու ազգային եւ հաւաքական կեանքի անյուսութիւնից:

Ս. պատարագից անմիջապէս յետոյ, եկեղեցական թափօրը ուղղւեց շրջափակ, որտեղ տեղի ունեցաւ 4 հատ մայրի ծառերի տնկման արարողութիւնը: Առաջինը նւիր­ւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, նրա անւանակոչութեան եւ գահակալութեան 30-ամեակի առիթով, երկրորդը Սրբազան հօր եւ տիրամօր ի պատիւ, երրորդը՝ Ազ­գա­­յին իշխանութեան Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդին ի յարգանս, եւ չորրորդը՝ Թաւրիզի եկեղե­ցիների Խնամակալ մարմնին առ ի քաջալերանք:                                   

Հաւատացեալներից շատերը վաղ առաւօտւանից էին եկել Մարալանի ուխտա­տեղին, մաս­նա­կից լինելու սուրբ պատարագին, հոգեւոր ապրումներով տօնախմբե­լու մեր Տիրոջ Համ­բարձման տօնը եւ Մայիս 28-եան յաղթանակի առիթը, եւ յետոյ մասնակից լինելու Թաւրիզի եկեղեցիների Խնա­մակալ մարմնի պատրաստած սիրոյ սեղանին, որը բացւեց հոգեւորականաց դա­սի, Ազգա­յին իշխանութեան ներկայացու­ցիչների եւ սոյն Մարմնի անդամների հա­մար:

Յայտնենք, որ թաւ­րիզահայ ընտանիքներ սուրբ պատարագից յետոյ խումբ առ խումբ նստեցին այգու ծառերի շւաքի ներքոյ եւ վայելեցին տարբեր ուտեստներ:

Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչական կանայք եւս համեղ ուտեստներ էին պատրաստել, որոնք տրամադրւեցին բոլոր փափագողներին:

Խնամակալ մարմնի կանայք պատրաստել էին Համբարձման «Ջան գիւլիւմ»-ի աւան­դական վիճակախաղը, որի շահողը ստացաւ իր նւէրը: Յայտնենք նաեւ, որ նոյն օրը Մարալանի ուխտավայր այցելեցին լեռնային Հայաստանի Գլաձոր գիւղից ժամա­նած հայրենակիցներ, գլխաւորութեամբ Արա Շիրվանեանի, որոնց հետ զրոյց ունե­ցաւ առաջնորդ Սրբազանը, հնադարեայ Թեմի ամփոփ պատմութիւնը ներկայացնելով:

Ուրախութեամբ ենք յիշատակում, որ ուրմիահայութիւնը տարիների աւան­դութ­եան համաձայն, Համբարձ­ման տօնը Ուրմիոյ շրջակայ գիւղերի իրենց սեփական այ­գիներում են տօնում, ազգային տօնախմբութեան վերածելով Տիրոջ Համբարձման խոր­հուրդը: Գաւառական սքանչելի պարերով, ինչպէս նաեւ երիտասարդական խան­դավառ երգ ու երաժշտու­թեամբ լցւում են այգիների սոյն հաւաքոյթները, որոնք Համ­բարձման տօ­նը վերածում են ազգային շնչով զօրանալու առի­թի:

Related Articles

Back to top button