Թւականիս նոյեմբերի 13-ին, բազմամարդ էր վերջերս վերանորոգւած Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահը, որի յարկի տակ հայոց ազգային «Թունեան» աղջկանց տարրական դպրոցի սաները Հայ մշակոյթի տօնի առիթով հանդիսատեսին ներկայացրին «Թունեանի արկածախնդիր ծովահէնները» թատերական ներկայացումը: Միջոցառումը կազմակերպւել էր Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի հետ համագործակցութեամբ, որի մուտքը անվճար էր աշակերտութեան ու իրենց ծնողների համար:
Իւրայատուկ ոճով ներկայացման միջոցով հանդիսատեսին էր փոխանցւում հայրենի երկրին կառչած մնալու եւ հայրենիքով տոգորւելու անհրաժեշտութիւնը:
Օրւայ բացման խօսքի ընթացքում որը ներկայացրեց դպրոցի փոխտեսչուհի Շաքէ Աւետեանը, նշեց. «Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի առաջարկով եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան հրաւէրով եւ ինչու չէ ծնողների ցանկութեամբ «Թունեան» ազգային տարրական դպրոցի 2023-2024 տարեշրջանի տարեվերջի հանդէսի ներկայացումը կրկնւում է այս սրահի յարկի ներքոյ: Սոյն ներկայացումը դպրոցի տարեվերջի հանդէսին կատարւել է երկու գիշեր Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, իսկ այս գիշեր ներկայացման երրորդ անգամն է»:
Նա նշեց, որ դպրոցի տարեվերջի հանդէսը աւարտական հանդէս չէ, այլ սոյն ծրագրին մասնակից են առաջին դասարանից մինչեւ 6-րդ դասարանի բոլոր ցանկացող աշակերտները: Ողջ տարւայ ընթացքում այս աշակերտները հենց իրենց դպրոցում մասնակցում են պարի, երգի եւ թատերական ներկայացման դասընթացներին, եւ ներկայացնում են տարեվերջի հանդէսը»:
Ապա աշակերտների մասնակցութեամբ եւ գեղեցիկ բեմադրութեամբ ներկայացւեց «Թունեանի Արկածախնդիր Ծովահէնները» ներկայացումը: Ծովահէններ, որոնք բարութեամբ շրջում են աշխարհի տարբեր երկրները, ցանկանալով գտնել իրենց հանգիստը՝ ամենալաւ վայրում եւ հասնում են Արցախ, որը ներկայացման ամենայուզիչ բաժինն էր, քանի որ հասնում են այն պահին երբ «Մամիկ-պապիկ»-ի արձանի մօտ ուր ուզում են գտնել իրենց հանգիստը հայրենի հողում, լսում են կրակոցներ եւ տեսնում, որ հայրենի տարածքը այլեւս հայինը չէ ու մեկնում են Հայաստան: Այս տեսարանը մեծ յուզմունք առաջացրեց ներկաների մօտ, իսկ վերջում յոյս՝ որ հնարաւոր է վերադարձնել հայրենի երկիրը:
Ներկայացմանը ոտընկայս ծափողջոյններով հետեւոմ էր հանդիսատեսը:
Ներկայացման մասին հարցազրոյց ենք ունեցել դպրոցի փոխտեսչուհի Շաքէ Աւետեանի հետ: Նա իր հետ ունեցած զրոյցի ընթացքում նշեց, որ «Դպրոցի տարեվերջի ներկայացման պիէսը տարիներ է ինչ գրւում է դպրոցում, եւ վերցւած պիէս չէ: Սկզբում տեղեկանում ենք երեխաների տեսակէտների մասին թէ ի՞նչ թեմայով կըցանկանան զբաղւել եւ իրենք են ներկայացնում հումքը, ապա դա դարձնում ենք պիես եւ պարապում երեխաների հետ: Մեր նախանցեալ տարւայ ներկայացումը «Այլմոլորակայիններ» խորագրով էր: Այլմոլորակայիններ, որոնք պատահաբար իջնում են երկիր մոլորակի վրայ եւ ծանօթանում են Յ. Թումանեանին եւ բոլոր հեքիաթների հետ: Իսկ 2023-2024 թւականի տարեշրջանի աւարտական ներկայացումը «Բարի ծովահէններ»-ն էին, որոնք շրջեցին աշխարհով մէկ եւ իրենց նաւով ներկայ եղան 10 երկրներում: Իրենց նպատակն է գտնել իրենց համար ամենահարազատը, չնայած երկրներում գոյութիւն ունեցող շքեղութիւններին, սակայն նրանք չեն գտնում իրենց հանգիստը: Պիէսի ընթացքում մենք փորձում ենք ներկայացնել իւրաքանչիւր երկրի հիմնը եւ դրօշը, տեսարժան վայրերը եւ յայտնի դէմքերին, սակայն ամէն երկրից դուրս գալով երեխաները ասում էին դա մեզ հարազատ չէ եւ գնանք փնտրելու: Մեր նպատակը հէնց այն էր, որ երեխաները հասնեն Արցախ, եւ Արցախից Հայաստան: Արցախ հասնելիս նրանք նկատում են, որ ուշացած են հասել քանի որ Տատիկ-Պապիկի արձանի մօտ լսում են կրակոցների ձայն եւ տեսնում են, որ Արցախը այլեւս մերը չէ, նրանք տխրելով ու անհանգստանալով գնում են Հայաստան ,եւ սկսում են հայրենի հողի վրայ քայլել: Պիէսի աւարտին աշակերտ-աշակերտուհիները դիմում են ուսուցիչներին եւ ասում, որ մենք դեռ չգիտենք ամէն բան թուրքի բարբարոսութեան մասին եւ խնդրում են ուսուցիչներին սովորեցնել այն ամէնը հայոց պատմութեան մասին,որը պէտքէ իմանայ ամէն մի հայ»:
Անդրադառնալով նմանօրինակ քալերից դպրոցի նպատակի մասին, փոխտեսչուհի ասաց. «Մեր նպատակը մեծ թւով երեխաներ ներառնելն է նման մշակութային աշխատանքներում եւ չնայած որ սա ամիսների տքնաջան աշխատանքների արդիւնքն է, սակայն ըստ իս այսպիսի միջոցառումներ ինքնին հայկական ոգի փոխանցող են ,որը ազգապահպանման կարեւորագոյն կռւաններից է: Մենք մտածեցինք մուտքի տոմս չվաճառել, քանի որ աշակերտական նման միջոցառումներ այնքան կարեւոր են նոր սերնդի համար որոնց համար չի կարելի գներ ճշտել:
Ներկայացման պատասխանատուն է Անի Նազարեանսը, երգերի պատասխանատուն Ժիլբերտ Կարապետեանը, պարուսոյցը Ալմարա Շահմիրեանը, վիդէոի եւ ձայների պատասխանատու է Ռեբեկա Վարդանեանը, իսկ ես ընդհանուր պատասխանատուն եմ: Պիտի շնորհակալութիւն յայտնեմ այն միութիւններին ու դպրոցներին եւ Ս. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդին, ովքեր մեզ են տրամադրել զգեստներ, շնորհակալ եմ դպրոցի Ծնողական խորհրդին եւ բոլոր օժանդակ ծնողներին»:
Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ