Օ’Բրայէնը՝ Միջին միջանցքի մասին. «Մեծ հնարաւորութիւն կայ միջազգային շուկայ դուրս գալ Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով»
«ԱԼԻՔ» – Մենք կարծում ենք, որ Միջին միջանցքը շատ կարեւոր քայլ է ողջ տարածաշրջանի համար։ Կենտրոնական Ասիայի երկրներն իրենց արտադրանքը միջազգային շուկայ են արտահանում Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով, իսկ հիմա տեսնում ենք, որ նրանք հնարաւորութիւն ունեն արտահանել Կասպից ծովով։ Ինչպէս հաղորդում է News.am-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ին, այս մասին ճեպազրոյցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնական Ջէյմզ Օ՛Բրայէնը, ով այցով գտնւում էր Ադրբեջանում։
Նրա խօսքով` Ադրբեջանը նոյնպէս, որպէս պետութիւն, կարող է ընդունել Կասպից ծովով անցնող ապրանքներն ու ծառայութիւնները եւ պայմաններ ստեղծել դրանց համաշխարհային շուկայ մուտք գործելու համար։
«Այս ճանապարհը կարող է անցնել Վրաստանով, կամ մեծ հնարաւորութիւն կայ միջազգային շուկայ դուրս գալու Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով («Զանգեզուրի միջանցք»-ԽՄԲ.)։ Դա նաեւ կը նւազեցնի տրանսպորտային ծախսերը եւ ապահով այլընտրանք կապահովի աշխարհաքաղաքական միջամտութեանը: Այս միջանցքի բացումից կը շահեն բոլոր երկրները՝ Տաջիկստանից մինչեւ Թուրքիա։ Մենք կարծում ենք, որ դա պէտք է արւի բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնութեամբ, եւ մենք գիտենք, որ դա սկսւում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխըմբռնումից»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Օ՛Բրայէնը նշել է, որ Միջին միջանցքով կարող են հետաքրքրւած լինել Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, ինչպէս նաեւ ԱՄՆ ֆինանսական կորպորացիան եւ այլ կառոյցներ։
«Կարծում եմ, որ քաղաքական տեսանկիւնից նախագիծը հնարաւորութիւններ կը ստեղծի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար եւ իսկապէս կը լինի ամենայաջողւած խաղաղութեան նախագիծը։ Այսպիսով, մենք կարծում ենք, որ այն ընթանում է դրական ուղղութեամբ, բայց մենք նաեւ կը ցանկանայինք տեսնել աւելի շատ աշխատանք: Մենք յայտարարել ենք այս նախագծի հետ կապւած հնարաւորութիւնները ուսումնասիրելու մեր մտադրութեան մասին: Սա ԱՄՆ-ի քաղաքական ազդեցութեան նախագիծ չէ, դա տնտեսական զարգացման եւ տարածաշրջանի ժողովուրդների քաղաքական հզօրացման նախագիծ է»,- ասել է նա։